Մայիսի 14-ի նախագահական ընտրություններից առաջ Թուրքիայում աճել է ներքաղաքական լարվածությունը։ Փորձագետները գտնում են, որ առաջիկա ընտրությունները Էրդողանի համար ամենածանր են, քանի որ ակնհայտ է դարձել Թուրքիայում ծանր տնտեսական դրությունը, որը վարպետորեն թաքցնում էր իշխանությունը։ Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը չի բցառում, որ ընտրություններից հետո կարող է պարզվել, որ Թուրքայի գանձարանը դատարկ է։ Իսկ տարբեր սոցհարցումները Էրդողանի համար հաղթանակ չեն խոստանում։

Թուրքիայի նախագահի հիմնական հավակնորդներն են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50%-ից ավելին։ Տեղի վերլուծաբանները չեն բացառում, որ նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։ Այդ դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն։

Թուրքիայում ավարտվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 14-ին, ըստ էության, քվեարկության նախնական արդյունքներով կարելի է հասկանալ, թե ինչ դիրքերում է գործող նախագահ Էրդողանի ընտրվելու հավանականությունը։ Մինչ այդ սոցհարցումների արդյունքներ են հրապարակվում, ընդ որում, որոշ դեպքերում շեշտադրվում է, որ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է 51 % քվե ստանալ, իսկ Էրդողանը՝ 45%։



Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն արձանագրում է, որ Թուրքիայում ներքին իրադրությունը լարվում է, քարոզարշավի ընթացքում տեսնում ենք բռնարարքներ, հնչում են կրակոցներ։ Լարվածությունն արտահայտվում է նաև հայտարարությունների ձևով․

«Քըլըչդարօղլուն պաշտոնապես մեղադրեց Մոսկվային, որ խառնվում է ընտրություններին և տեսանյութեր, ժապավեններ տարածում։ Սա անսպասելի քայլ էր։ Թուրքիայում ոչ ոք չէր սպասում, որ նման հայտարարություն կլիներ»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շտապել է հերքել Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին լուրերը ընդգծելով, որ եթե ոմանք Քըլըչդարօղլուին նման տեղեկություն են տրամադրել, ապա նրանք ստախոս են։ Պեսկովը նշել է, որՄոսկվան կարևորում է երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Անկարան մինչ այժմ շատ պատասխանատու, ինքնիշխան և մտածված դիրքորոշում է դրսևորել Ռուսաստանի առջև ծառացած տարածաշրջանային և գլոբալ խնդիրների հարցում։

Ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն Մոսկվային մեղադրում է թեկնածությունը հանած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջենին վարկաբեկող տեսանյութեր տարածելու համար։ Թեկնածուի վարկանիշը վերջին շրջանում բավականին բարձր էր, ինչը ձեռնտու էր Էրդողանին, քանի որ որոշ չափով խլում էր ընդդիմադիր հիմնական թեկնածուի ձայները։ Ինջենի՝ ընտրապայքարից դուրս գալու դեպքում նրա օգտին տրվող ձայները ամենայն հավանականությամբ կգնան Քըլըչդարօղլուին։

Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի դոցենտ Պավել Շլիկովի կարծիքով առաջին անգամ ենք ականատես լինում, որ Թուրքիայում մրցակցությունը թեկնածուների միջև կատաղի լարված պայմաններում ընթանա․

«Երբ Ինջենին հանեց իր թեկնածությունը, չհայտարարեց, թե  թեկնածուներից ում օգտին քվեարկի իր ընտրազանգվածը, ինչը նշանակում է, որ ձայները ամեն դեպքում կանցնեն Քըլըչդարօղլուի օգտին, ինչը նշանակում է, որ եթե հաջողությունը վերջնականապես ժպտա Քըլըչդարօղլուին, ապա նա կարող է հավակնել հաղթանակի առաջին փուլով»։

Ակադեմիկոս Սաֆրաստյանը, այս ամենով հանդերձ, հստակեցնում է, որ Էրդողանը ակտիվ աշխատանք է տանում քարողարշավի ընթացքում իր թուլացած դիրքերը ամրապնդելու համար, քանի որ երկրաշարժը ի ցույց էր դրել Թուրքիայի ծանր տնտեսական վիճակը․

«Դժվար է ասել, թե ով կընտրվի։ Հարցումները օբեկտիվ չեն, քաղաքականացված են։ Քիչ հավանական է, որ Էրդողանը առաջին փուլով անցնի, բայց կարող է մի քիչ ավելի առաջ անցնել։ Թուրքիայի վիճակը տնտեսական առումով ծանր է, մեծ գումարներ է պահում Էրդողանը պահուստներից , որ լիրան կայուն մնա, ինչը ծանր հետևանքներ կունենա, քանի որ գանձարանը դատարկվում է։ Ապագայի մասին չեն մտածում իշխանությունները։ Էրդողանը հայտարարում է պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին, թոշակների բարձրացման մասին է խոսում»։

Ռուս փորձագետ Պավել Շլիկովը Երևանում տեղադրված Նեմեսիսի արձանի տեղադրման կապակցությամբ Թուրքիայի քննադատութունը ներքին լսարանի համար արված հայտարարություն է համարում։ Իսկ ընտրություններից հետո Հարավային Կովկասի երկրների նկատմամբ վերաբերմունքի հնարավոր փոփոխության հարցում փորձագետը նշում է, որ Անկարային պետք չէ անկայունություն իր սահմանների մոտ, քանի որ այն դոմինոյի էֆեկտով տարածվելու ռիսկ կարող է պարունակել։

Այս ընտրություններն անցնում են բավականին լարված մթնոլորտում՝ Էրդողանի լինել չլինելու hարցն է, ասում է ակադեմիկոս Սաֆրաստյանը։ Նա կարծում է, որ եթե պարզվի, որ Էրդողանը պարտվել է, վիճակը Թուրքիայում կարող է ավելի լարվել և անկարգություններ կսկսվեն։

Ի դեպ՝ այդ նույն մտահոգությունից ելնելով, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որը պետք է տեղի ունենա հունիսի 10-ին Ստամբուլում, Լիսաբոն տեղափոխելու հնարավորությունը։

Ակադեմիկոսը նաև նշում է, որ եթե Էրդողանի ընտրվելու հարցում կարծիքները տարբեր են, ապա նույն օրը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը անկասկած վատ վիճակում կհայտնվի։ Խորհրդարանում վստահաբար ավելի շատ կլինեն ընդդիմադիր պատգամավորները, ինչը լուրջ բարդություն կստեղծի Էրդողանի որոշումների կայացման գործում, եթե իհարկե նա վերընտրվի։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն