Ինչ ուղղությամբ են շարժվելու կողմերը մոսկովյան բանակցություններից հետո. Լավրովը կարևորում է անվտանգային իրավիճակը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հերթական փուլը երեկ կայացավ Մոսկվայում։ Նախ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ապա՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այնուհետև կայացան եռակողմ բանակցություններ՝ երեք երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն են տետատետ հանդիպում ունեցել։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Հայ-ադրբեջանական բանակցություններում նոր առաջընթացի մասին է հայտնել ռուսական կողմը։
Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ անցկացված եռակողմ բանակցությունների նպատակը մտքերի փոխանակությունն էր Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ու այն քայլերի շուրջ, որոնք Ռուսաստանը կարող է ձեռնարկել՝ աջակցելու եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարմանը՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ բանակցություններում ասում է Սերգեյ Լավրովը։
Ադրբեջանը հետամուտ է հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ հանդիպման ժամանակ Բայրամովն է վստահեցնում։ Նա մայիսից վերսկսված բանակցությունները համարում է դինամիկ ու հետևողական։ «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցող խմբերի հանդիպում արդեն տեղի է ունեցել՝ առաջնորդների հանդիպումը, հստակեցնում է Բայրամովը։ Կարծիք է հայտնում, որ այս բանակցություններն արդյունավետ կլինեն։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Խաղաղության պայմանագրի» առաջընթացի, մասնավորապես՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ դիրքորոշումների մոտեցման մասին է հայտնել։ Միաժամանակ շեշտել է՝ կարևոր է հետագա էսկալացիա թույլ չտալը, ուժի գործադրումից հրաժարվելը, ինչի մասին պայմանավորվել են Փաշինյանն ու Ալիևը։
Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումն անմիջապես հաջորդել է եռակողմ բանակցություններին։
Մայիսի 19-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարություն է ընդունվել, որում ասվում է.
«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ»։
Հայտարարությունում ասվում է նաև, որ նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը երկու կողմերի ըմբռնումների մոտեցման մասին է նշել։ Նա հայտնել է՝ Միրզոյանն ու Բայրամովը հաստատել են, որ «Խաղաղության պայմանագրի» հստակ կետերով չեն կարող առաջ շարժվել, քանի դեռ չեն լուծվել սահմանազատման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերն ու չեն բարելավվել անվտանգային ընդհանուր վիճակը Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո էլ Լավրովը հայտարարել է, որ տրանսպորտային կումունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները շատ մոտ են.
«Մեր գործընկերները հաստատեցին, որ առանց լուծելու դելիմիտացիայի, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը և առանց բարելավելու անվտանգային ընդհանուր իրավիճակը թե՛ Ղարաբաղում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, շատ դժվար է առաջ շարժվել «Խաղաության պայմանագրի» կոնկրետ ուղղություններով»։
«Խաղաղության պայմանագրի» մի քանի դրույթների վերաբերյալ առաջընթացի մասին է հայտնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ եռակողմ հանդիպման ժամանակ։
Մինչ այդ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանը նկատել է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ․
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի ռեժիմը՝ այն պետք է լինի ՌԴ հսկողության ներքո, սակայն, հիմա, ցավոք, չենք կարող արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը հսկում է Լաչինի միջանցքը»։
Երևանը կառուցողական է տրամադրված. կատարում է բոլոր եռակողմ հայտարարությունների դրույթները՝ վերահաստատում է Հայաստանի արտգործնախարարը։ Մի բան, ինչը Միրզոյանի խոսքով, դժվար է ասել Ադրբեջանի մասին․
«Ցավոք իրավիճակը, ինչպես ասում են, գետնի վրա այլ է։ Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք իրավիճակի սրում Ադրբեջանի կողմից։ Տեսնում ենք ներխուժում Հայաստանի սուվերեն տարածք, տեսնում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում։ Այդպիսի վերջին դրսևորումն անցակետի տեղադրման փորձն էր Լաչինի միջանցքում»։
Տեսախցիկների առաջ ՌԴ արտգործնախարարը ուղիղ չի արձագանքում Միրզոյանի տվյալ հայտարարությանը։ Փոխարենը նշում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բանակցությունների օրակարգի առանցքում է, ապա շեշտում՝ այդ հարցում շատ կարևոր են եռակողմ հայտարարությունները, որոնք, Սերգեյ Լավրովի ձևակերպմամբ, պետք է ունենան առանցքային նշանակություն բոլոր հարցերի հանգուցալուծման համար՝ և՜ խաղաղության պայմանագրի, և կապուղիների ապաշրջափակման, և սահմանազատման համար։
Նշված բոլոր ուղղություններով առաջընթացը կարող է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում՝ համոզմունք է հայտնում ՌԴ արտգործնախարարը, հիշեցնելով Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական դերակատարության մասին։
Ռուսաստանն այդ տարածաշրջանում շատ լուրջ շահեր ունի, վստահ եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են՝ շեշտում է Լավրովը, ապա հավելում՝ պետք է փորձենք անել ամեն ինչ՝ արդյունավետ լինելու և կոնկրետ արդյունքներ գրանցելու համար։
Արդյունավետ լինելու և կոնկրետ արդյունքներ գրանցելու համար՝ հաջորդ շաբաթ՝ մայիսի 25-ին նախատեսված է, որ Մոսկվայում կհանդիպեն ու կբանակցեն Փաշինյանն ու Ալիևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ։ Այդ հանդիպումը կայանալու է ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում։