Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից հատվածներ հրապարակեց Ազգային ժողովում:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ձայնագրության, ասում է. «Մենք 1 անգամ չէ՝ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»:
Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և խոսքը 7 շրջանների մասին էր՝ ըստ էության: «Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»:
Հաջորդիվ Հակոբ Արշակյանը միացրեց 2008 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որի շրջանակում ՀՀ 1-ին նախագահն ասում է. «Կհրապարակեմ 10 տարի թաքցված այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը խոսակցությունների առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը: Չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»:
Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ; Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը»:
Հաջորդիվ Հակոբ Արշակյանը հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը, որում վերջինս, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ճանաչի աշխարհը ԼՂ անկախությունը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում այն, ասում է. «Մենք դա չենք անում, և մենք ասում ենք, որ դա փոխզիջում է: Եվ փոխզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անել, այսինքն՝ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն»: