Հաստատվել են Պոլիտեխնիկական համալսարանի 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացի մոդուլները
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։
Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:
ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի մշակած ծրագրերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 29-ի 431-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացի մոդուլները:
Մանկավարժահոգեբանական վերապատրաստումների դասընթացը նախատեսված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բնագիտության, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և ճարտարագիտության տարբեր բնագավառներից բարձրագույն կրթություն ստացած մանկավարժի որակավորում չունեցող մասնագետների շրջանում պատրաստման/վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար։
Դասընթացի կառուցման հիմքում ընկած են ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության՝ հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության մասին օրենսդրական համապատասխան որոշումները և նորմատիվ իրավական ակտերը, հաշվի են առնված մանկավարժության, հոգեբանության, դասավանդման մեթոդաբանության տեսագործնական հիմնադրույթներն ու առաջավոր նվաճումները, ինչպես և ՀՀ բուհերում և այլ կազմակերպություններում իրականացվող վերապատրաստման դասընթացների փորձը։
Ծրագրի նպատակը կրթության ասպարեզում աշխատաշուկայի պահանջներին համահունչ մանկավարժահոգեբանական գիտելիքներով օժտված որակյալ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է՝ կրթական տարբեր համակարգերում մանկավարժական գործունեություն իրականացնելու համար։
Վերապատրաստման դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն մանկավարժական հմտություններ և կարողություններ, կտիրապետեն ուսուցման նորարարական մեթոդներին, տեխնոլոգիաներին և միջոցներին՝ իրենց մասնագիտական գիտելիքները հանրակրթության և միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների սովորողներին փոխանցելու համար։
Վերապատրաստման դասընթացի ավարտին ունկնդիրներին կշնորհվեն հավաստագրեր՝ դասընթացներից առնվազն 30 կրեդիտ վաստակելու դեպքում։