Փախստականների համաշխարհային օրն առիթ է նորից խոսելու փախստականների և բռնի տեղահանվածների իրավունքների մասին՝ արձանագրում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների խախտման փաստերը միջազգային հանրությունն այդպես էլ հասցեական ուշադրության չի արժանացել։

«Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Խորհրդային Ադրբեջանի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի և տեղահանության, ինչպես նաև 1990-ականներին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով ավելի քան 500,000 հայեր դարձել են փախստական, որոնք, ցավոք սրտի, իրենց կարգավիճակից բխող անհրաժեշտ ուշադրության և աջակցության չեն արժանացել մինչև այսօր»։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դժգոհում է՝ փախստականների խնդիրները, կարծես, դուրս են օրակարգից։

«ՄԱԿ-ի փախստականների մասին կոնվենցիայում մի կետ կա, որտեղ հստակ ասվում է, որ փախստականների հետ կապված որևէ պետություն կհարաբերվի ՄԱԿ-ի հետ այն օղակի միջոցով, որը պատասխանատու է փախստականների համար։ Հայաստանում 2003 թ.-ից այս կողմ պետական կառույց, որը պատասխանատու է փախստականների խնդիրների լուծման համար, չենք ունեցել»։ 

Մարիամ Ավագյանի խոսքով, մինչդեռ, Ադրբեջանը փախստականների հարցում հետևողական ռազմավարությամբ է առաջնորդվում։ Զրուցակիցս կարծում է, որ հայկական կողմի մոտեցումները թերի են նաև  2020-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ձևավորված տեղահանվածների հարցում.

«Կրկին ոչինչ չենք անում։ Այսինքն՝ եթե դու չես կանխարգելում, չես անում քայլեր, որոնք խիստ կարևոր են, այդպիսով դու չես կանխարգելում հետագա փախստականների ձևավորումը»։

2020 թվականի աշնանն ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է Արցախի շուրջ 40 000 քաղաքացիների բռնի տեղահանության. մարդիկ կորցրել են ամեն ինչ։ Նրանց թվում արդեն երրորդ անգամ տեղահանվածներ կան։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նույնպես արձանագրել է, որ ադրբեջանական շարունակական ագրեսիայի պատճառով, պատերազմից ավելի քան երկուսուկես տարի անց էլ նրանք շարունակում են բախվել սոցիալ-հոգեբանական բազմաթիվ խնդիրների թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։

«Այսօր ավելի քան 15000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում շրջափակման մեջ՝ պայքարելով ինչպես տեղահանության, այնպես էլ շրջափակման հետևանքների դեմ։ Արցախի շրջափակման հետևանքով նրանց համար նախատեսված շուրջ 3700 բնակարանների կառուցումը կասեցվել է՝ Արցախ ներկրված շինանյութի բացակայության պատճառով։ Մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում և հանրակացարաններում»։

Արցախից տեղահանվածները պետք է փախստականի կարգավիճակ ստանան՝ կարծում  է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։

«Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այդ հանդիպումները արդյունք չեն տվել։ Մեր երկիրը երկիր դառնալու ցանկություն չունի, այդքան քննարկումներից հետո չեն կարողացել մի մարմին ստեղծել, որը կզբաղվի փախստականների հարցով»։

Բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների և խնդիրների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ աշխատակազմը պատրաստում է զեկույց, որը կհրապարակվի առաջիկայում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն