ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ Հայաստան ներմուծված ծառաբույսերն ավելի քան երեք անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին:

«Հայաստանի աբորիգեն ծառաբույսերը ներկայացնում են 54 ընտանիքի 117 ցեղի 346 տեսակ, իսկ ներմուծվածները՝ 66 ընտանիքի 193 ցեղի շուրջ 1600 տեսակ և տարատեսակ», — ասաց Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժիրայր Վարդանյանը:

Ներմուծված և կլիմայավարժեցված տեսակների վարքագծի վերլուծության հիման վրա գիտնականները կանխատեսել են, որ կանոնավոր և նպատակաուղղված ներմուծման արդյունքում 25-30 տարի անց Հայաստանի բուսաբանական այգիներում օտարածին դենդրոֆլորան ներկայացված կլինի շուրջ 2000 տեսակով և տարատեսակներով, որոնց կազմում մեծ թիվ կկազմեն պարտիզային ձևերը: Գեղեցիկ ծաղկող թփատեսակների ներմուծմամբ և ցեղային կոմպլեքսի սկզբունքով հավաքածու ստեղծելով՝ հնարավոր կլինի հիմնել երկարատև ծաղկող այգի, ինչը շատ կարևոր է հատկապես կիսաանապատային կլիմայական պայմաններում գտնվող Երևանի համար:

Ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքների շնորհիվ Երևանի բուսաբանական այգում պարտիզային ձևերի թիվն ավելացել է 14 նոր պարտիզային ձևերով: «Ներկայում Երևանի բուսաբանական այգում այդ հավաքածուն ընդգրկում է 63 անուն պարտիզային ձև: Մերկասերմերը ներկայացված են 19 անուն պարտիզային ձևով, իսկ ծածկասերմերը՝ 44: Կատարվել են Արալիազգիների (Araliaceae) ընտանիքի՝ 4 ցեղի, 4 տեսակի (Eleutherococus senticocus, Acanthopanax sessiliflorus, Kalopanax septemlobus, Aralia mandshurica) աճման, զարգացման և հարմարվողականության ուսումնասիրություններ», — նշեց Ժիրայր Վարդանյանը:

Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն