Շնորհակալություն, ցտեսություն, եթե չկա անկանխիկ վճարման հնարավորություն․ ուղևորափոխադրման համար վճարելու «նոր եղանակ»
Սահմանել հարկային պարտավորություններ, որոնք կավելացնեն պետական բուջեի եկամուտները։ Գործադիրը հարկային դաշտ է բերում օնլայն հարթակում աշխատող տաքսի ծառայությունները։ Նախատեսվում է աստիճանաբար հրաժարվել վճարման կանխիկ եղանակից։ Բայց առայժմ դեռ նպատակահարմար է կանխիկ վճարը։ Միջնորդավճարներն են բարձր՝ պարզաբանել են կառավարության նիստում։ Նաև նշել են, որ բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումներ են իրականացնում, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Ուստի առաջարկվում է էլեկտրոնային հարթակներով ընդունվող և փոխանցվող պատվերները սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։
Օնլայն տաքսի ծառայությունները կաշխատեն օրենսդրական կարգավորումներով։ ՏԿԵ նախարարությունում հստակեցնում են՝ էլեկտրոնային հարթակ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են ծավալում, այսինքն, պատվերներ են ընդունում, պատվերը փոխանցում են վարորդին, կարգավորում են սակագները իրենց հարթակների միջոցով։ Օնլայն տաքսիներն անգամ պահանջներ են սահմանում՝ էկոնոմ դաս, կոմֆորտ և ալն։ Ու, ինչպես Գնել Սանոսյանն է բնութագրում, փաստացի այս ամենն արվում է առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների ու վերահսկողության։ Օրենսդրական բացերը լրացնելու համար առաջարկվում է տարեկան 1 մլն դրամի չափով պետական տուրք սահմանել ուղևորափոխադրման ծառայության համար․
«Լիցենզավորված մարդատար տաքսի մոբիլներով ու էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր, պետական տուրք։ Անկանխիկի դեպքում 2024թ սեպտեմբերի 1–ից սահմանել՝ 1․15 տոոկս, 2025–ին՝ 2․5տոկոս, 2026–ին՝ 4 տոկոս։ Կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են, ըստ տարիների՝ համապատասախանաբար՝ 2 տոկոս, 3․5 ու 5 տոկոս։ Փորձել ենք խրախուսել անկանխիկը»։
Բացի այդ, առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ու ֆիզիկական անձանց կողմից ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների ու էլեկտրոնային անդորագրի պարտադիր կիրառություն սահմանել։ Կարգավորման պահանջները չբավարարելու դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Գործադիրում կարծում են, որ այս դեպքում հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն թեթև ավտոմոբիլներով մարդատար ուղևորափադրումների ու տաքսի ծառայությունեի համար։ Վարչապետը հիշեցնում է՝ 2019–ին տաքսի ծառայությունների դաշտն ազատականացրին։ Հարկերից ազատեցին, որ մարդկանց սոցիալական խնդիրները լուծեն։ Արդեն իսկ պարզ էր, որ տաքսի ծառայությունների էլեկտրոնային հարթականերն արագ էին աճում։ Այժմ արդեն դաշտը կարգավորելու ժամանակն է։ Այստեղ կարևորվում է նաև անկանխիկ վճարելու ընդլայնման հնարավորությունը․
«Տաքսիում պետք է լինի անկանխիկ վճարման հնարավորություն։ Ով տաքսի գործունեթյուն է ծավալում, պետք է ապահովի անկանխիկ վճարման հնարավորություն։ Եթե չկա նման հնարավորություն, շահառուին պետք է տանք հնարավորություն, որ ասի շնորհակալություն, ցտեսություն, գնա իր գործին»։
ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը հստակեցնում է՝ Հայաստանում կան բանկեր, որոնք հնարավորություն են տալիս սովորական սմարթֆոնը դարձնել POS ։ Ուստի վարորդները հեռախոսը կարող են կցել բանկին ու սպասարկել։ Սա աշխարհում ընդունված է, Հայաստանում ՝ ևս․
«Սմարթ POS–երի ծառայությունները բանկերն առաջարկում են անվճար ներդնել։ NFC համակարգ ունեցող սմարթֆոնները բնակչության 90 տոկոսի ձեռքին են։ Ծառայության վճարումը 1,5-2 տոկոս է։ Ուզում եմ հիշեցնել, որ YANDEX ու GG ծառայություններն այս պահին էլ անկանխիկ վճարման դեպքում 2 տոկոս են գանձում հաճախորդից, որը մեր կարծիքով անթույլատրելի է անգամ օրենքի տեսանկյունից։ Ստացվում է՝ կանխիկն ու անկանխիկը իրարից տարբերվում են հօգուտ կանխիկի, որը նորմալ չէ»։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկում է օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն արձանագրում է՝ իրենք էլ են փորձում ստանալ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխանները․
«Սպառողները դժգոհում են, որ եղանակային պայմանները, որ վատանում են, տաքսիները թանկանում են։ Սա հնարավորություն կտա թափանցիկ դարձնել այն։ Բացի այդ, նաև թափանցիկ դարձնել վարորդ–պլատֆորմ հարաբերությունը։ Կարգավորել նաև հարկային մեխանիզմները»։
Գեղամ Գևորգյանն էլ է արձանագրում՝ քաղաքացին նախընտրում է կանխիկ վճարել, քանի որ անկանխիկի դեպքում ապրանքի գինը մինչև 3 տոկոս կարող է բարձրանալ։ Ապրանքի գինը թանկանում է, քանի որ միջնորդավճար է վճարում։ Օնլայն հարթակում աշխատող տաքսի ծառայությունները այս պահին դեռ չեն մեկնաբանում նախաձեռնությունը, իսկ տնտեսագետները հաշվարկներ են կատարում։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը նկատում է՝ դաշտն իսկապես պետք է կանոնակարգել, միաժանական չմոռանալով, որ մարդիկ սոցիալական խնդիր են լուծում․
«Իհարկե, հարկերը կարևոր են, բոլորը պետք է հավասար հարկ վճարեն, մրցակցություն լինի, քանի որ տնտեսական որոշակի գործունեություն է ծավալում։ Բայց կարծում եմ, որ ավելի շատ կանոնակարգում են դաշտը, քանի որ այսօր շատ խայտաբղետ է այն։ Բայց նրանց չպետք է ճնշել, քանի որ շատերը տարբեր պատճառներից ելնելով են տաքսի վարում»։
Ամեն դեպքում, սա աշխատատեղ է, և եթե պետությունը չի կարողանում պայմանններ ստեղծել, գոնե չպետք է խոչընդոտի աշխատողներին ՝ ասում է տնտեսագետը։ Բայց և մատնանշում է էլեկտրոնային հարթակներում աշխատող տաքսի ծառայությունների հետ կապված բացերը։ Տնտեսագետը փորձում է հասկանալ, թե ինչպես են խցանումների ժամանակ գները միանգամից բարձրանում։ Գուցե այս հարցն էլ կարողանան լուծել՝ ասում է։ Բայց, երբ օրենսդրական կարգավորոմը կյանքի կոչվի, նոր միայն պարզ կդառնա, թե որն էր կառավարության իրական նպատակը։ Բարձր հարկ, թանկ ծառայություն․ ուստի առաջիկայում օնլայն հարթակում աշխատող տաքսիների գները չի բացառվում, որ բարձրանան։ Իրենք՝ օնլայն հարթակում աշխատող տաքսի ծառայություններն այս պահին նախընտրում են լռել։