Հայաստանը կարող է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կենտրոն դառնալ՝ կարծում են մասնագետները, մատնանշելով նաև ուղիները՝ հնարավորինս արագ կողմնորոշվել ու սկսել մեծ հզորության ատոմակայան կառուցել։ Նոր, ներկայիս գործող բլոկից ոչ պակաս հզորությամբ ատոմակայանի կառուցմանը զուգահեռ պետք է նաև ենթակառուցվածքները կարգի բերել, հնարավորինս շուտ ավարտել Իրան– Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3–րդ գծի կառուցումը, որը ձգձգվում է տասը տարուց ավելի։ 

Որո՞նք են Հայաստանի էներգետիկ հիմնական խնդիրները․ մասնագետները կարծում են՝ դրանք շատ են, բայց ամենակարևորն այս պահին նոր ատոմակայանի հարցն է։ Գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2036 թվականը։ Այս ընթացքում Հայաստանը պետք է նախ հասկանա, թե ինչ հզորությամբ ատոմակայան է ուզում ունենալ, հետո հասցնի նախագծել ու կառուցել այն։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հույս ունի, որ մինչև տարվերջ կկողմնորոշվեն․

«Նախնական տեխնկատնտեսական հիմնավորումների շուրջ ենք աշխատում։ Ավելի կոնկրետ՝ հզորությունների բաշխման սխեման է հիմա հաշվարկվում, որպեսզի հասկանանք, թե առաջարկվող ատոմային բլոկներն այդ հզորությամբ ինչպես կսինխրոնացվեն մեր համակարգի հետ, ինչպես է բաշխվելու էլեկտրաէներգիան։ Բարդ աշխատանք է, որ կատարվում է։ Հույս ունենք, որ մինչև տարեվերջ հստակ որոշում կունենանք, թե ինչ դիզայնի ու ինչ էներգաբլոկ է մեզ անհրաժեշտ»։

Այս պահին շրջանառվող առաջարկները շատ են՝ մեծ հզորությամբ ատոմակայանից մինչև փոքր մոդուլներ կամ ռեակտորներ։ Բայց հստակ առաջարկ դեռ չկա։ Մասնագիտական ու պաշտոնական մակարդակներում  փորձում են հասկանալ, թե ո՞ր տարբերակն ավելի օգտակար կլինի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։

 էներգետիկներից ու տնտեսագետներից կազմված Հայաստանի ճարտարագետ էներգետիկների նախաձեռնող խմբի անդամ Արթուր Ավետիսյանը «Ռադիոլուրի»հետ զրույցում ընդգծում է՝ Հայաստանին միանշանակ ատոմակայան է պետք՝ հաշվի առնելով էներգետիկ կառուցվածքը, անվտանգության բաղադրիչներն ու ոչ միայն․

«ՀՀ–ին անհրաժեշտ է ոչ պակաս, քան 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայան՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավոր զարգացման ներուժը՝ տեխնոլոգիական, սոցիալ–տնտեսական։ Նաև այն տարածաշրջանային կամ գլոբալ ծրագրերը, որոնք առնչվում են Հյուսիս–հարավ էներգետիկ միջանցքի, ԵՄ ծրագրերի հետ։ Այս պարագայում անհրաժեշտ է այս հզորությամբ ատոմակայան ունենալը։ Մեզ անհրաժեշտ է հզոր ատոմակայան, որը կապահովի ոչ միայն մեր էներգետիկ անվտանգությունը, այլ անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի ՀՀ զարգացումը»։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը ընդգծում է՝ մինչ այժմ որևէ հստակ առաջարկ, որը համարժեք կլինի գործող ատոմակայանին, չի արվել։ Առաջարկներ կան, բաց դրանք հնարավոր հեռանկարի մասին են։

«Եթե ծրագրի մեկնարկը համարենք նախագծի սկսումը, ապա կայանի կառուցումը կտևի մոտ տասը տարի։ Գործարկմամբ ու համակարգին միանալով կարող է մինչև 12 տարի տևել։ Թեկուզ մի քանի ամսով ատոմային կայանից անջատվելու վտանգը չունենալու համար այս տարի պետք է որոշումը կայացվի»։

Մասնագիտական դաշտում ընդգծում են՝ վերջնական որոշումից կախված կլինի նաև՝ Հայաստանը տարածաշրջանում էներգետիկ միջանցք կդառնա՞, թե չէ։ Հայաստանը դեռ կարող է տարածաշրջանում էներգետիկ կարևորագույն դերակատարում ստանձնել, եթե իհարկե, ենթկառուցվածքները կարգի բերի։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետն ընդգծում է․

«Հայաստանը ենթակառուցվածքներով ապահովված չէ։ Նաև սրանով է պայմանվորված, որ որոշ փորձագետներ, հատկապես ոչ էներգետիկներ, վախենում են հզոր կայանի կառուցումից։ Բայց իմ կարծիքով, հակառակը՝ մեծ հնարավորություն է, երբ գնում ենք հզոր կայանի կառուցմանը, պետք է գնանք հզոր ենթակառուցվածքների կառուցմանը։ Դա մուլտիպլիկատիվ էֆեկտով զարգացման է բերելու»։

Նախ՝ պետք է արագացնել Իրան-Հայաստան բարձրավոլտ կայանի կառուցումը։ Իսկ մինչ դա ձգձգվում է, ու պաշտոնական մակարդակում դրա տարբեր պատճառներ են նշվում, անցյալ տարի Իրանը հայտարարել է նաև Խերիս-Մեղրի 90 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գծի գործարկման մասին։ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը պետք է ավարտին հասցված լիներ դեռ 2019-ի վերջին, սակայն ժամկետերը չեն պահպանվել, քանի որ 2017-ի փետրվարին կառուցումը կասեցվել էր ՀՀ վարչապետի որոշմամբ՝ նոր, ավելի մատչելի տարբերակով շարունակելու հիմնավորմամբ։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը ընդգծում է՝ ծրագրի համար Իրանից հրավիրված էներգետիկ մասնագետների ու շինարարների մեծ մասը պատերազմից հետո Իրան էր վերադարձել։ Բայց 2021-ին զգալի աշխատանքներ կատարվել են․

«Համեմատության համար ասեմ, որ 2019-2020 թվականներին կատարվել է այնքան աշխատանք, որքան 2006-2019 թվականը։ 2006-2019 թթ ընկած ժամանակահատվածում էլ աշխատանքների ամենամեծ մասը կատարվել է 2018 թվականին։ Մինչ այդ երևի կատարվել էր ընդհանուր աշխատանքների 5-7 տոկոսը»։

Երևանը Թեհրանի հետ ներկայում ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնությունը, որի ժամկետն ավարտվում է 2026թ.-ին։ Նախատեսվում է այն երկարաձգել մինչև 2030թ.-ը, նաև ավելացնել ներկրվող իրանական կապույտ վառելիքի ծավալը. ներկայում տարեկան ներմուծվում է 365 միլիոն խորանարդ մետր։ Չեն բացառում՝ գուցե հնարավոր լինի Հայաստանը նաև տրանզիտ երկիր դարձնել՝ դեպի Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն