«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում
Ներկայում գործող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով կանանց ներգրավվածության իրավական հիմքերը բավական խոցելի են և ձևակերպված են իրավական անորոշությամբ, ինչը լրջագույն խոչընդոտ է կանանց ներգրավվածության առումով: Այս մասին ասել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու և Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաև Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա իրավական խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ առաջարկելով, որ խորհրդում յուրաքանչյուր սեռի թիվը չպետք է պակաս լինի 3-ից:
«Հաճելի էր քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնումը. այս առաջարկությունն ընդունվել է: Ընդունվել են նաև Կառավարության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են իրավական տեխնիկային և խմբագրական բարեփոխումներին»,- ասել է Լիլիթ Գալստյանը:
Նշվել է, որ Գենդերային ճեղքվածքի ինդեքսում Հայաստանը նահանջ է արձանագրել. նախորդ երեք տարիների 98-րդ հորիզոնականից 2021 թվականին 156 երկրների մեջ հայտնվել է 114-րդ հորիզոնականում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշել է, որ Կառավարությունը կողմ է առաջարկված փոփոխությունների ընդհանուր տրամաբանությանն ու փիլիսոփայությանը:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ներկայացնելով նաև քաղաքական թիմի դիրքորոշումը, ողջունել է առաջարկվող փոփոխությունը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: