Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումները բողոքարկելու հնարավորություն կնախատեսվի: Այդ մասին նախագիծը Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարը նախագիծը ներկայացնելիս հիշեցրեց, որ ԵԽ-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի զեկույցներում և Վենետիկի հանձնաժողովի կարծիքներում բազմիցս կարևորվել է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսվի, ապա նաև մանրամասնեց նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, որոնք մշակվել են արդարադատության նախարարության կողմից:

«Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է ԲԴԽ-ի՝ 4 անդամ ընդգրկող կազմը: Նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է ինչպես դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ ԱԺ-ի կողմից ընտրված երկուական անդամներ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ խորհուրդը տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով»,- ասաց նախարարը:

Գրիգոր Մինասյանը նաև պարզաբանեց, որ ՄԻԵԴ-ի ֆորմատի հիման վրա երկպալատանի կազմեր են ձևավորվելու՝ ԲԴԽ-ի 4 և 6 անդամներից կազմված: Եթե որևէ կողմ՝ թե՛ վարույթ հարուցող, թե՛ դատավոր, դժգոհ լինի ստորին պալատի որոշումից, հնարավորություն է ընձեռվում բողոքարկելու այն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն