Չափազանց կարևորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բազմակողմ և բազմավեկտոր զարգացումը: Ուրախ ենք արձանագրել, որ վերջին շրջանում երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում: Գերմանիան մեզ համար նաև դաշնային կառավարման լավագույն օրինակներից մեկն է, և մենք չափազանց կարևորում ենք նաև համագործակցությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների և Գերմանիայի երկրամասերի միջև: Սաքսոնիա-Անհալթ երկրամասը, հասակակից լինելով ՀՀ-ին, կարևոր դերակատարում ունի Հայաստանի և Գերմանիայի տնտեսվարողների միջև զարգացման գործում. ողջունելով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որին մասնակցել են նաև Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները:

«Մենք պատիվ ենք ունեցել լինել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում և Հայաստանի մշակութային օրերի շրջանակում  ներկայացնել Հայաստանը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Դանիել Շտուրմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ գործընկերությունը միայն թղթի վրա չէ գրված: «Մենք երեկ արդեն եղել ենք Արմավիրի մարզում, այցելել Արմավիրի դպրոցներից մեկը, որտեղ գերմաներենի ուսուցման մակարդակը շատ բարձր է: Հանդիպել և զրուցել ենք Արմավիրի մարզպետի հետ»,- ասել է պատվիրակության ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, նշելով, որ գնահատելի է այն, որ յուրաքանչյուր երկրի տարածքային համաչափ զարգացման շրջանակում երկրամասերի հարաբերություններն են զարգանում: Նա շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին, որ այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի կողքին են: Սեյրան Օհանյանը, խոսելով տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու հանգամանքը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ վերջին շրջանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի կողմից արված մի շարք հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ լուրջ դերակատարություն են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 2 մլն եվրո հատկացնելու համար:

«Գերմանիան չափազանց բալանսավորված դիրքորոշում ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ: Սակայն այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ունենալ բալանսավորված դիրքորոշում, նշանակում է բալանսավորել ագրեսորին զոհի հետ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով. «Մեր խնդրանքն է հնարավորինս դաշնային  մակարդակով փորձել սատարել հայ ժողովրդավարական արժեքները և միջազգային իրավունքի հիման վրա հայ ժողովրդի ներկայացրած արդար պահանջները»:

Զարուհի Բաթոյանը շեշտել է Գերմանիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացման  շրջանակում՝ նշելով, որ հայ ժողովուրդը փխրուն հարաբերական խաղաղության պայմաններում անգամ բարձր է գնահատում այդ գործոնը:

Կողմերը քննարկել են նաև կրթությանը, մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն