«Թավշյա» իրադարձություններից մեկ տարի անց, երբ արտերկրյա վոյաժների ժամանակ սփյուռքի հայ համայնքներում հիմնականում սիրով էին ընդունում «թավշյա» ժպիտով իշխանություններին, անսպասելիորեն լինում էին նաև չնախատեսված դրվագներ։

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արցախի պետականությանը սպառնացող վտանգների մասին առաջին ահազանգը հնչեց: Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի հայ գիտաշխատող Մարինե Մելիքսեթյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը հրաժարական տալ։

168.am–ը Արցախի ու Հայաստանի համար այս ճգնաժամային օրերին զրուցել է հայազգի գիտնականի հետ:

– Տիկին Մելիքսեթյան, Արցախում իրավիճակը ճգնաժամային համարելը քիչ է. սա այն լուծո՞ւմն է, որի մասին Միլանում պատմում էր Նիկոլ Փաշինյանը ներկաներին, այսպես կոչված, այն խաղաղության բանաձևը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար»:

– Ինձ չի թվում, որ Արցախի ներկա իրավիճակը գեթ չնչին չափով փոխզիջումային է և ընդունելի է մեր արցախցի հայրենակիցների և որևէ իրատես հայի համար, ով սթափ է գնահատում արցախահայության մոտալուտ ճակատագիրը, հարկադրական տարհանությունը։ Կասկած չունեմ, որ ադրբեջանցիները ամեն ինչ կանեն, որ ամեն փոքր-ինչ արժանապատվություն ունեցող արցախցու համար անհնարին դառնա հետագա գոյատևումը իր նախնիների հողում, իր սեփական տանը, մանավանդ, երբ Արցախը սկսեն լցնել ազերիներով։ Ամենօրյա կամայականությունների և ծաղրուծանակի պայմաններում հնարավոր չէ ապրել։

Եթե Ալիևը, կաշկանդված լինելով միջազգային հանրության խիստ նախազգուշացումներով, գոնե առաջին շրջանում զանգվածային գազանությունների չի գնա, ապա շարքային թուրքի, մանավանդ՝ զինվորի բնազդները ոչնչով սահմանափակել հնարավոր չէ։

Պարզապես Ալիևն իր հսկայական լոբբիստական աջակցություն ցուցաբերող երկրից հրահանգ է ստացել Արցախը հայաթափել հնարավորինս քիչ արյունահեղությամբ, և ի կատար է ածում այդ պլանը։ Ցավոք, ժամանակի ընթացքում պարզվեց, որ ռուս խաղաղապահներն էլ իրենց առաքելությունը տեսնում են ոչ թե գոնե ստատուս-քվոն պահպանելու, ինչի վրա հույս էին դրել արցախցիները, այլ հայկական Արցախը անարյուն Ադրբեջանին հանձնելու մեջ։

Ի սկզբանե, Փաշինյանի այդ ֆորմուլը կեղծ էր, անիրական, նման փնտրտուքին մի այնպիսի լուծման, երբ և՛ գայլերն են կուշտ, և՛ գառները ողջ։ Ակնհայտ էր, որ որևէ փոխզիջումային լուծում այնպիսի ստահոդ ռեժիմի հետ, ինչպիսին հաստատված է հարևան մազութային սուլթանատում, հնարավոր չէր։

Միաժամանակ, Արցախի ղեկավարության կողմից սխալ էր 10 ամիս պաշարման մեջ լինելով՝ չբարձրաձայնել ամբողջ միջազգային հանրությանը, որ խոսքը ոչ թե ինչ-որ ճանապարհային վեճի, այլ այն մասին է, որ Արցախը ոչ մի հանգամանքում չի ցանկանում Ադրբեջանի կազմում լինել, որովհետև ադրբեջանական իշխանության հաստատումը նշանակում է անխուսափելի հայաթափում։ Թե չէ ստացվեց այնպես, որ հայերը խոսում էին ճանապարհի արգելափակման և հումանիտար աղետի մասին, թշնամիները՝ արձագանքում, թե հայերի պնդումները կեղծ են՝ ճանապարհ կա, և, ասենք, միջին վիճակագրական եվրոպացին տարակուսում էր, թե հապա ո՞րն է խնդիրը։

Դրա հետևանքով ստացվեց այնպես, որ արցախցիները պաշարման բոլոր զրկանքները կրեցին, բայց համաշխարհային լայն հանրությունը՝ բարի կամքի մարդիկ, այդպես էլ անտեղյակ մնացին, թե ինչն է խնդիրը։ Որովհետև Արցախի ղեկավարությունը հետևում էր Երևանից հնչող ճիչերին՝ «Հանկարծ չքաղաքականացնե՛ք». դա հենց այն էր, ինչ պետք էր Ալիևին։

– Ձեր ահազանգը, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է, այսօր, փաստորեն, իրականություն է: Այս կործանման ճանապարհից հետ կանգնելու համար տասնյակ-հազարավոր մարդիկ այս օրերին փողոցում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. այն, ինչ դուք և շատ-շատերը պահանջում էին Փաշինյանի՝ իշխանությունը ստանձնելուց ամիսներ անց արդեն:

– Անկեղծ ասած, մինչ 2018 թվականի գարունը այնքան էլ ուշադիր չէի հետևում Հայաստանի քաղաքական իրադարձություններին և ավելի ուշադիր սկսեցի հետևել Նիկոլ Փաշինյանի ասածին և արածին նրա՝ Գյումրի-Երևան հաղթարշավի օրերին։ Միանգամից աչքիս զարնեց պետականությանը նրանից բխող վտանգը։ Բայց էլ առավել ցայտուն էր նրա ստահոդությունը և կեղծիքը՝ տարրալուծված նրա ամեն խոսքի ու գործողության մեջ։

Ընդ որում, համոզված եմ, որ նա չի էլ գիտակցում, որ ամեն րոպե կեղծում է ու մանիպուլացնում, որովհետև դրանք վաղուց նրա էությունն են կազմում, և ստահոդությունը նրա բնական վիճակն է։ Զիմզիմովի անկեղծ զարմանք-հարցին համահունչ` «Բա առանց ստի վո՞ւնց կլինի»։

Այնպես որ, Միլանի մեր եկեղեցում անհապաղ հրաժարականի իմ հնչեցրած կոչը ոչ միայն Փաշինյանի վարած քաղաքականության աղետալի հետևանքների կանխազգացումով էր պայմանավորված, այլ նաև ինտուիտիվ համոզմունքով, որ ստահոդ ու մինչ ուղն ու ծուծը մանիպուլատիվ մտածողություն ունեցող մարդուց հայկական 2 պետությունների համար ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Ցավոք, հաստատվեցին վատթարագույն սպասումներս՝ Հայաստանում հաստատվեց թուրքական 2 պետությունների ձեռքին խամաճիկ մի ռեժիմ։

– Ըստ Ձեզ` որպես հայրենիքով մտահոգ հայի, գիտնականի, իշխանափոխությունն ու բանակցողի փոփոխությունը ի՞նչ հնարավորություններ կստեղծի Արցախի ու Հայաստանի ապագայի համար:

– Իշխանափոխության դեպքում անելիքներից խոսելուց առաջ հարկ է, որ այդ իշխանափոխությունը նախ տեղի ունենա։ Դատելով ընդդիմության առաջնորդների գործողություններից` դա այնքան էլ հավանական չէ։ Ամեն անգամ, երբ Նիկոլի հերթական դավաճանական գործողությունից կամ անգործությունից հետո հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց, պարզվում է, որ ընդդիմությունը արագ ու վճռական գործողությունների ոչ մի պլան չունի, ոչ էլ երիտասարդների ջոկատներ է պատրաստել այդ տարբեր բնույթի գործողությունները միաժամանակ իրականացնելու համար, երբ որ Х ժամը գա։

Ամեն անգամ ամեն ինչ սկսվում է զրոյից, վերածվում վանկարկումների, ոստիկանների հետ հրմշտոցի և վերջանում փողոցային անիմաստ երթերով և հերթական հիասթափությամբ։ Մինչդեռ ապիկար, հակասահմանադրական գործողություններ կատարող, թշնամու շահերին ծառայող կառավարության հեռացումը ոչ միայն, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, ժողովրդի օրինական իրավունքն է, այլ նաև արվեստ է, որն իր օրենքներն ունի, հնարքները, տեխնոլոգիաները, ցանցային ճկուն կառավարման փորձը և այլն։

Եթե ընդդիմության առաջնորդները ընդունակ չեն նման համակարգված աշխատանքի (ցավոք, կյանքը ցույց տվեց, որ ունակ չեն), ապա պետք է գոնե չկաշկանդեն երիտասարդներին` ազատություն տալով նրանց՝ ընտրելու պայքարի իրենց ձևերն ու մեթոդները։ Այլապես, առաջնորդների գործողություններն ավելի նման են ընդվզման մարման, քան դեպի հաջողություն ուղղորդման։

Բայց ներկայիս ընդդիմության առաջնորդների ամենամեծ սխալը և ձախողումների հիմնական պատճառն այն է, որ նրանք ամեն անգամ փորձում են ընդօրինակել Նիկոլի հեղաշրջման հաջողված փորձը՝ կազմակերպել զանգվածային երթեր, անհնազանդություն, գործադուլներ, դասադուլներ, շրջափակումներ` ոչ մի կերպ չհասկանալով, որ դա սկզբունքորեն անհնար է՝ միանգամայն օբյեկտիվ պատճառներով։

Այդ վերջապես գիտակցելու համար պետք է հասկանալ Նիկոլի հեղափոխության և ներկայիս ընդդիմադիր շարժման սկզբունքային, խորքային տարբերությունը։

Ինչպես ամեն հեղափոխության՝ Նիկոլի հեղափոխության շարժիչ ուժը նախանձն ու ատելությունն էր։ Այն դեստրուկտիվ էր իր էությամբ, հակապետական, բայց նաև հակահայրենասիրական էր և հակաղարաբաղյան։ Նիկոլին հաջողվել էր համոզել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բոլոր չհաջողված ճակատագրերով մարդկանց, բոլոր ձախողակներին, բոլոր անբաններին, բոլոր ցածր մտավոր կարողությունների պատճառով մասնագիտական կրթություն չստացած մարդկանց, որ իրենց բոլոր դժբախտությունների պատճառը իշխանավորներն են, հարուստները և ղարաբաղցիք։ Գումարած աղանդավորները, անթիվ-անհամար ոչ կառավարական կազմակերպություններից սնվողները, քաոսի, ավերման հակված տարրերը, որոնք ուզածդ հասարակության մեջ միշտ կան, և այլն, և այլն: Սրանք բոլորը միասին ապահովեցին Նիկոլի շարժման զանգվածայնությունը։

Իսկ հիմա փողոց դուրս եկած մարդիկ պայքարում են երկրի հայկական ինքնությունը պահպանելու, վիլայեթացումը կանխելու, ազգային նպատակներից չհրաժարվելու, Արցախին գործուն աջակցություն ցուցաբերելու և, վերջիվերջո, խամաճիկ ռեժիմը քշելու համար։

Այսինքն՝ սա շարժում է ազգային օրակարգով։ Իսկ ազգային խնդիրներով, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, մտահոգված է, ցավոք, բնակչության մոտ 5%-ը:  Մի 10%-ին էլ մտահոգում են, բայց ոչ դիվանից կտրվելու աստիճան։

Ակնհայտ է, որ հայրենասիրական օրակարգով ընդդիմադիր շարժումը երբեք այնքան մասնակից չի հավաքի՝ ինչքան Նիկոլն էր հավաքում՝ այն պարզ պատճառով, որ կառուցողները միշտ ավելի քիչ են, քան քանդողները։ Անհայրենիք, իրեն հաճույքների տված ժեխը միշտ ավելի շատ է, քան հայրենասերը, ուստի ընդդիմության առաջնորդները պետք է դադարեցնեն համընդհանուր գործադուլներ և դասադուլներ կազմակերպելու փորձերը՝ սպասելով, թե երբ փողոցները կլցվեն հարյուր-հազարավոր ցուցարարներով, և մտածեն համեմատաբար փոքր ուժերով ռեժիմի համար անակնկալ, արագ ու վճռական գործողություններով իշխանափոխության հասնելու տակտիկա մշակելու մասին։ Հերի՛ք է 10 անգամ նույն գետը մտնել ու ձախողված դուրս գալ։

Նիկոլին հաջողվել էր բոլոր այդ դեստրուկտիվ ուժերին հանել փողոց, և նրանք հեղաշրջում իրականացրին իրենց զանգվածով՝ առանց նույնիսկ հեղաշրջման բարդ տեխնոլոգիաներ կիրառելու։ Բավականացրին ամենապարզունակ մեթոդները։

Ավելի փոքր ուժերի դեպքում՝ ավելի բարդ տակտիկա և ավելի վճռական մեթոդներ են պետք:

– Ի պատասխան հրաժարականի Ձեր պահանջի՝ Փաշինյանն ասել էր, թե «հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ այդ վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, որովհետև ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996թ., երբ առանց ժողովրդի իշխանության տիրացել և փորձել են պահել երկրի իշխանությունը»:

Երևան քաղաքի ավագանու ընտրություններն իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամն արձանագրեցին նաև թվերով. ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ուշանում հրաժարականը:

– Այդ մասին այնքան է խոսվել, որ չարժի կրկնվել։ Նիկոլի խոսքի արժեքը բոլորս գիտենք։ Երբ նա մի բան է ասում, բոլորովին մտադրություն չունի իր խոսքը կատարել, այլ ասում է այդ պահին խոսակցին մի որևէ արտաքուստ համոզիչ պատասխանով «ցրելու» համար։

– Միլանի հայ համայնքում, Արցախի իրավիճակով պայմանավորված՝ այսօր ի՞նչ տրամադրություններ են։ Մարդիկ, որոնք Փաշինյանի հետ հանդիպման օրը դժգոհում էին Ձեր հարցերից, ինչպե՞ս են նայում Արցախում կատարվողին:

– Հայ համայնքն այս պահին շփոթված Է: Չգիտեն՝ ինչով oգնեն Հայաստանին ու Արցախին: Ես վստահ եմ, որ շատերը գիտակցել են իրենց սխալը Փաշինյանի նկատմամբ, բայց չեն խոստովանում:

Մենք մեծ աշխատանք ունենք տանելու: Ադրբեջանի վայրագությունները մեծ հնարավորություն են բացում Արցախի ճանաչման հարցում: Դա մի փուլ է, որ կարող է հետևել, այսպես կոչեցյալ, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ճանաչելուց հետո: Եթե արցախցիների լայնածավալ տարհանում չլինի, պիտի չհուսալքվենք և աշխատենք միջազգային կազմակերպությունների, դատարանների հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն