Խարդախություն՝ օգնության պատրվակով․ թիրախում արցախցիներն են
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ լայն տարածում են գտել բարեգործական հիմնադրամների անվամբ քողարկված խարդախությունները։ Տարատեսակ ընկերությունների անունից կեղծ բարեգործական կայքեր են ստեղծվում և գումարներ տրամադրելու պատրվակով մարդկանցից ստանում են բանկային քարտերի տվյալները։ Դրանք ստանալուց հետո հանցագործները հասանելություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
Կիբեռհանցագործության նոր մեխանիզմի թիրախում հիմա էլ արցախցիներն են։ Գովազդի տեսքով բարեգործական հիմնադրամի անունից տեղեկություն է տարածվում՝ իբր 150 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվում քարտային հաշիվ ունեցող անձանց։ Օգնության պատրվակով առաջարկվում է անցել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ ՍՎՎ կոդը։Արդյունքում տվյալ անձը ոչ միայն չի ստանում որևէ աջակցություն, այլև իր ունեցած ամբողջ գումարն է կորցնում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը․
«Հանցագործության այս տեսակը հոկտեմբեր ամսին լայն տարածում ստացավ։ Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ չեն կարող բանկային քարտի թվերը լրացնել և դրա դիմաց ֆինանսական օգնություն ստանալ։ Դրա հիմնական նպատակը հենց վերջիններիս ֆինանսական միջոցներին տիրանալն է»։
Այս հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում։ Ավելի հաճախ գովազդի տեսքով այն հանդիպում է Ֆեյսբուքում։ Ոստիկանության կիբեռհանցագործությունների բաժնի պետի խոսքով՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ նման հանցավոր սխեմաները ակտիվանում են հատկապես պատերազմական ու հետպատերազմական իրավիճակներում։
«Հստակ չեմ կարող ասել, թե ով կարող է կանգնած լինել սրա հետևում, սակայն հաշվի առնելով, որ շատ դեպքերում նմանատիպ հանցագործությունները կատարվում են այլ երկրներից, ուստի չի բացառվում, որ այս հանցագործության հետևում օտարերկրյա հանցավոր խմբեր կանգնած լինեն»։
Ի տարբերություն ոստիկանության ներկայացուցչի, մեդիափորձագետ Արթուր Պապյանը խարդախության հեղինակներին ավելի շատ երկրի ներսում է փնտրում։
«Կոնկրետ այս դեպքերի հեղինակները կարծում եմ հայերն են։ Հատկապես բանակի հետ կապված չարաշահումները, կամ բարեգործական միջոցառումների անվան տակ առաջարկված օգնությունները այնպիսի թեմաներ են, որ այդ հանցախմբերում կամ հայաստանցիներ են, կամ էլ հայաստանցիների աշխատանքն է օգտագործվում։ Թարգմանության որակը կամ տեքստը այնպես են կազմված, որ կասկածի տեղիք չեն տալիս»։
Այս մեխանիզմով գումարներ յուրացնելու վերաբերյալ ոստիկանությունը հաղորդումներ դեռ չի ստացել, բայց միայն այս տարի համակագրչային եղանակով ֆինանսական խարդախության 570 դեպք է արձանագրվել։ Թիվն արդեն իսկ փաստում է, որ երկրում կիբեռհանցագործությունը լայն տարածում ունի։ Քիչ չեն նաև զինծառայողների համար օգնության մասին տարբեր կասկածելի հաղորդագրությունները։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը այստեղ նաև հասարակության թերացումն է տեսնում։
«Չգիտեմ ՝ մեդիագրագիտության պակասն է, թե այլ բան, բայց հայաստանցիները շատ են հակված վստահելու կասկածելի հաղորդագրությունների։ Բոլորը հավատում են, որ իրենք ժառանգություն կարող են ստացած լինել, կամ որ նիգերիացի արքայազնը պատրաստ է իր բանկային միլիոններն իրենց հետ կիսվել։ Այո, ամբողջ աշխարհում սա կա, բայց հատկապես տարածված է այն երկրներում, որտեղ մարդիկ հակված չեն ուշադիր կարդալու հայտարարությունները, պայմանագրերը, նկատել մանր դետալները»։
Թե ոստիկանությունը, թե մեդիափորձագետները հորդորում են՝ սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից, հատկապես, երբ հիշյալ իբր աջակացությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։