Սննդային թունավորման դեպքերը աճել են․ վտանգված են հանրային սննդի կետերն ու մանկապարտեզները
Չնայած վերահսկողության խստացմանը, 2023 թվականին Հայաստանում սննդային թունավորումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել են, որ հատկապես խիստ հսկողություն է իրականացվում հանրային սննդի կետերում։ Սննդային 15 թունավորումներից 8-ը հանրային սննդի կետերում են արձանագրվել։ Թունավորման հիմնական պատճառ են հանդիսացել խաչաձև աղտոտումը, պահման պայմանների, լվացման և ախտահանման կանոնների խախտումները, անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանումը:
Սննդային թունավորման դեպքերը հանրապետությունում շատացել են։ Թեև արձանագրվում են միայն հոսպիտալացված դեպքերը, վիճակագրությունը փաստում է, որ նույնիսկ այդ պարագայում թունավորման միտումն աճում է։ Բարձր ռիսկայնության խմբում են հատկապես հանրային սննդի կետերը, մանկապարտեզները, ամառային ճամբարները և խնամքի կենտրոնները՝ մանկատներն ու ծերանոցները։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանն ասաց, որ միայն անցյալ տարի թունավորման 15 դեպք է արձանագրվել, որից 8-ը՝ հանրային սննդի կետերում, 4-ը՝ մանկապարտեզներում։ Գոհար Վարդանյանը, սակայն, վստահ է՝ եթե իրենց ստուգումները չլինեին, թունավորման դեպքերն ավելի շատ կարող էին լինել։
«Մեր թիրախային ստուգումների արդյունքում միգուցե շատ դեպքեր էլ կանխվել են։ Քանի որ թիրախում հանրային սննդի կետերն էին, իսկ որպես սննդատեսակ թռչնամիսն էինք առանձնացրել, նաև 3-րդ, 4-րդ եռամսյակներում թռչնամսի նկատմամբ է խստացված վերահսկողություն իրականացվել»։
Մինչ ՍԱՏՄ-ն հավաստիացնում է, որ շատ դեպքեր էլ կանխվել են, սննդագետ Դավիթ Պիպոյանը կարծում է, որ անգամ արձանագրված դեպքերը տեսչական մարմնի ոչ պատշաճ վերահսկողության արդյունքն են։
«Խնդիրները միայն վիճակագրությունով չեն բացահայտվում։ Պետք է իրականացվի մանրէաբանական ռիսկի գնահատում։ Այս առումով ևս տեսչական մարմինը ցավոք սրտի բացարձակապես որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ–ում մանրէաբանական ռիսկի գնահատում իրականացնելու համար»։
Թունավորումների հետ կապված աշխատանքները տեսչական մարմնինն իրականացնում է ՀՎԿԱԿ–ի (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն) հետ համատեղ։ Մինչ օրս, սակայն, չի հստակեցվել, որ այդ թունավորումները սննդային են եղել։
«Որպեսզի հաստատենք, որ տվյալ դեպքը սննդային թունավորում է, պետք է թունավորվածներից արտազատված մանրէն և սննդամթերքից արտազատված մանրէն նույնականացվի։ Նման դեպք չենք ունեցել, հիմնական ռիսկային գործոնը սանիտարահիգիենիկ պայմանների ոչ պատշաճ պահպանումն է, անձնակազմի հիգիենայի խախտումը»։
Հանրային սննդի կետերը միշտ էլ բարձր ռիսկային են եղել, նկատեց սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Ասում է՝ ինքն անձամբ պարբերաբար դրա մասին բարձրաձայնել է, սակայն միշտ չէ, որ իր ահազանգի հետքերով գնացել են։
«Հանրային սննդի կետերը, ցավոք սրտի, մշտապես եղել են մեր թունավորումների մեջ շատ կարևոր օղակ։ Հանրային սննդի կետերը, ռեստորանները այսօր կոնկրետ գործունեություն են ծավալում՝ առանց օրենքով սահմանված պահանջների։ Առնվազն տարօրինակ է, որ Տեսչական մարմինը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, ինչը բացմաթիվ հարցեր է առաջացնում։ Հարց է՝ աշխատանքի թերացում է, թե կոնկրետ շահերի բախում, որի արդյունքում այդ ոլորտին ազատություններ է տրվում սպառողների իրավուքների և առողջության հաշվին»։
Չնայած հանրային սննդի կետերը մեծ վստահություն չեն ներշնչում, չի բացառվում, որ նաև տան պայմաններում թունավորման դեպքեր լինեն։ Սննդագետը հորդորում է ավելի ուշադիր լինել տանը կերակուր պատրաստելիս։ Մթերքը գուցե խնդիր չունենա։ Ոչ պակաս կարևոր է նաև պատրաստման եղանակը։
«Սննդային ինֆեկցիաները և դրանց հարուցիչների խաչաձև աղտոտման ռիսկ միշտ կա, բայց երբ կան նաև նպաստավոր պայմաններ, որի մեջ արտաքին միջավայրի ջերմաստիճանն է։ Թունավորումներ կարող են լինել նաև սննդակարգի խախտումից, ալկոհոլային խմիչքի չարաշահումից, մթերքները ոչ պատշաճ ժամի իրար խառնելուց»։
Որպեսզի պարզ լինի՝ արտադրական շղթայի որ կետում է առաջացել խնդիրը՝ հու՞մքն է վտանգավոր եղել, տեղափոխմա՞ն ժամանակ է խնդիր առաջացել, թե՞ պատրաստման, անհրաժեշտ է ռիսկի մանրէաբանական գնահատում իրականացնել։ Իսկ դա արդեն, ըստ սննդագետի, արդեն Տեսչական մարմնի գործառույթն է։