Երևանին չի հաջողվել որոշ հարցերում համոզել Բաքվին․ Ալեն Սիմոնյան
Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Նա հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին։ Լյուքսեմբուրգի խորհրդարանի խոսնակը հստակեցրել է, որ գերիների ազատ արձակումը նախապայման է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ Ալեն Սիմոնյանն էլ ադրբեջանական կողմի հետ վերջին հանդիպումների ու բանակցությունների ընթացքից արձանագրել է, որ Հայաստանին չի հաջողում որոշ հարցերում համաձայնության դաշտ բերել Ադրբեջանին։
Երևանին չի հաջողվել համոզել Բաքվին, որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը ներառվի նաև խաղաղության համաձայնագրում։ Քննարկումները շարունակվում են նաև Հայաստանի կողմից կարևորած տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել խաղաղության համաձայնագրի ու Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ քննարկումների ընթացքից։
«Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից, նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով, Ալմա-Աթայի նշումով, և ունենք նկարագրություն այն ամենի, ինչի մասին խոսում ենք և պայմանագրի շրջանակներում այդ խոսակցությունը շարունակվում է։ Պետք է ասեմ, որ դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում, բայց մենք դեռ չունենք համաձայնություն և քննարկումները շարունակվում են»։
Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, ևս մեկ անգամ շեշտել է ԱԺ նախագահը՝ մատնացույց անելով նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը․
«Կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով հայկական կողմն իր դիրքորոշումը բազմիցս ներկայացրել է, և մենք մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ էլ բանակցում ենք հարևան պետության ներկայացուցիչների հետ՝ հասկանալով և պատրաստ լինելով այդ քննարկումը շարունակել մնացած բոլոր մակարդակներում, ոչ միայն խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Շատ կարևորում ենք բոլոր կոմունիկացիաների բացման գաղափարը, որը նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և Հայաստանը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները, և լիահույս եմ, որ մենք կհաջողենք»։
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերին էլ հստակեցրել է, որ գերիների ազատ արձակումը նախապայման է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, և Լյուքսեմբուրգը հետամուտ է, որպեսզի միջազգային ատյանների որոշումները ի կատար ածվեն։ Մոտ մեկ շաբաթ առաջ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն բանաձև ընդունեց ՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու վերաբերյալ։ Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Արցախից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին։ Վանաձևը կոչ է անում Ադրբեջանին՝ հարգել միջազգային իրավունքը, անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։
«Մենք ընդունեցինք բանաձև, որով ցույց ենք տալիս մեր հարգանքը միջազգային օրենքին և ԱՄԴ 2023թ որոշման հետ կապված, և մենք համոզված ենք, որ այս որոշումը պետք է ամբողջապես իրականացվի իր մանրամասներով, որը շատ կարևոր է մեզ համար։ Եվ մենք պահանջում ենք, շատ հստակ հռչակում ենք, որ խաղաղության համար ուղղված գործողությունները և՛ ռազմագերիների, և՛ անհետ կորածների ազատ արձակումը նախապայմաններ են խաղաղության բանակցությունների համար և սա շատ հստակ է մեզ համար»։
Մեկ շաբաթ առաջ Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած բանաձևում նաև ընդգծվում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, խրախուսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Ադրբեջանը քննադատել էր Լյուքսեմբուրգի այս դիրքորոշումը, ինչին Կլոդ Վիզլերին ձեռնպահ մնաց արձագանքելուց, պարզապես նշեց, որ իրենք իրենց աշխատանքն են անում, և եթե որևէ բան պետք է ասել, անում են դա գործով, և Հայաստանի հարցում իրենց դրքորոշումը հստակ է։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում կուժեղացվի ԵՄ առաքելությունը Հայաստանում։
Ուշագրավ է, որ Լյուսեմբուրգի խորհրդարանում հայանպաստ բանաձևերն ընդունվում են միաձայն։ Կլոդ Վիզլերին հիշեցրեց նաև 2015 թ–ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին, որը ևս միաձայն էր ընդունվել։
Հայաստանի ու Լյուքսեմբուրգի հարաբերությունները քաղաքական, դիվանագիտական տնտեսական հարթություններում, ըստ Կլոդ Վիզլերիի, բավականին բարձր են, և այս այցը նպատակ ունի էլ ավելի զարգացնելու դրանք։