Այս տարին կամփոփենք նոր կառուցված, ընթացքի մեջ գտնվող, 210-ը գերազանցող դպրոցների քանակով. փոխվարչապետ
Այս տարեսկզբին ունեինք շահագործման հանձնված 28 նոր կառուցված դպրոց, սեպտեմբերի 1-ին ևս 7-ը կհանձնվի շահագործման: Մինչև այս տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս տասն ավարտին հասցնել, այսինքն՝ տարեվերջին կունենանք 35 արդեն ավարտված, 45 ավարտված և շահագործման հանձնված դպրոցներ, ևս 27-ը շահագործման փուլում են, և դրանք հիմնականում շահագործման կհանձնվեն 2025-ի ընթացքում: Այդ մասին Կառավարության օգոստոսի 29-ի նիստին տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի հարցին, թե ինչ փուլում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագիրը:
«Եվս 30-ի մրցույթներ կհայտարարվեն սեպտեմբերի ընթացքում, այսինքն՝ մենք այս տարին կամփոփենք նոր կառուցված, ընթացքի մեջ գտնվող, 210-ը գերազանցող դպրոցների քանակով»,- ասաց փոխվարչապետը:
Այս ամիս կարևոր մեկ այլ ուղղություն է նաև մեկնարկելու՝ տեղեկացրեց փոխվարչապետը: Դրանք նորոգվող այն դպրոցներն են, որոնք սեյսմակայունության պահանջները բավարարելու նպատակով կարիք ունեն նորոգման և լավ վիճակի բերելու:
«Տարվա ընթացքում առնվազն 50 այսպիսի նորոգման աշխատանքներ նույնպես կսկսենք: Այս հաշվարկում չենք ներառում այն դպրոցները, որտեղ մենք նոր մարզադահլիճներ էինք կառուցել: Արդեն 21-ում կարող ենք համարել, որ աշխատանքներն ավարտված են, որովհետև 16-ը ավարտված էին, և 5-ը այս օրերին է ավարտին հասցվում: Մինչև տարեվերջ կավարտենք նաև 8-ը»,- ասաց փոխվարչապետը և հավելեց, որ այն դպրոցներում, որտեղ նոր մարզադահլիճներ են կառուցվել, պետք է դիտարկել, թե որոնցում նորոգման կարիք կա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ տպավորություն ունի, որ ծրագրի մասով իրավիճակը կառավարելի է, բայց նաև առաջարկեց հաճախ այցելել դպրոցներ, լսել աշակերտներից, ուսուցիչներից, թե ինչ է կատարվում դպրոցում, և ինչ դիտողություններ ունեն:
«Քննարկում ենք նաև, որ առաջիկայում կներդնենք դպրոցի ինտերիերի ձևավորման որոշակի ստանդարտներ, և այդ ստանդարտները նույնպես ժամանակի ընթացքում կհետևենք, որ պահվեն»,- ասաց վարչապետը: