Ցավով պիտի արձանագրեմ, որ Հայաստանում երեխայի իրավունքի պաշտպանության և նրանց լավագույն շահի դիտանկյունից խնդիրներն ահռելի քանակի են: Ընդ որում՝ նշեմ, որ ահռելի քանակի են հասնում, եթե խոսքն ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կամ ընտանիքի իմացությամբ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին է: Խոսքը սեռական, ֆիզիկական, նաև հոգեբանական բռնության դեպքերի մասին է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով երեխաների նկատմամբ բռնության դեպքերին և այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն դիտարկմանը, թե քաղաքակիրթ հասարակությանը հարիր չէ երեխայի նկատմամբ այնպիսի վարքագծի դրսևորումը, որը քրեորեն պատժելի է:

«Աշխատանքները մի քանի հարթությամբ են իրականացվում: Մեկը ընդհանուր խթանման գործառույթ է, այսինքն՝ մենք անընդհատ փորձում ենք մոնիթորինգային այցեր իրականացնել, խնդիրներ բացահայտել, այդ խնդիրների վերաբերյալ բարձրաձայն խոսել, հրապարակել բարձրաձայնված խնդիրները, անմիջապես հասցեավորում ենք խնդիրները, որպեսզի պետական մարմիններն արագ կարողանան լուծել այդ խնդիրները, որովհետև ՄԻՊ հաստատությունն այն հաստատությունը չէ, որ ինքն իրենով կարող է գնալ, լուծել այդ խնդիրը»,- ասաց Մանասյանը:

Այս ենթատեքստում ՀՀ ՄԻՊ-ը կարևորեց նաև հանրային իրազեկման աշխատանքները, նշեց, որ անձամբ է մասնակցում այդ աշխատանքներին, այցելում է տարբեր հաստատություններ, խոսում երեխաների հետ:

«Հաջորդ կարևոր գործիքակազմը անհատական դեպքերով իրավունքների պաշտպանությունն է, այսինքն՝ այն դեպքերով, երբ մենք ստանում ենք տեղեկատվությունը՝ երեխաների իրավունքների խախտան հետ կապված: Սա այն ոլորտն է, որն ընդհանրապես հրապարակային չէ: Այս ոլորտում մենք գործում ենք լրիվ ոչ հրապարակային եղանակով, որովհետև երեխայի լավագույն շահի հետ կապված խնդիրները, նաև պահանջները մեզ հուշում են, որ պետք չէ հրապարակենք ո՛չ տեղեկատվություն, ո՛չ գործիք, որն օգտագործել ենք:

Պիտի անկեղծ լինեմ. մի շարք խնդիրներ պետական մարմինների գործունեության հետ կապված ենք անընդհատ արձանագրում,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը և հավելեց,- շատ դեպքերում, օրինակ, մենք տրամադրում ենք տեղեկատվություն և խնդրում ենք, օրինակ, բռնության դեպք հասցեավորել, և պարզվում է՝ երեխաների անհատական տվյալներ են տարածվել, ինչը խնդրահարույց է: Եվ այս հարցերը պետք է կարողանանք նաև պետական մարմինների կարողությունների զարգացման միջոցով հասցեավորել»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն