Հայաստանը քաղաքակրթություն է, որը վերապրել է թալեաթներին, աթաթուրքերին ու բոլոր նրանց, ովքեր կարծել են, թե իրենք են տիեզերքի առանցքը. Փիրուզա Մելիքսեթյան
Ականատեսն ենք գործընթացի, երբ մարդկությանը դեռևս անհայտ ոմն հիբրիդ, սեփական անլիարժեքության բարդույթներից դրդված, փորձում է վերահսկել ոչ միայն իշխանական լծակները, այլև մեր ազգային ինքնագիտակցությունը, հավաքական արժանապատվությունը։
Հազարամյակների անցուդարձով բանաձևված աքսիոմատիկ ճշմարտություն է՝ ցանկացած պետություն կառուցվել ու այսօր էլ կայանում է զսպումների և հակակշիռների մեխանիզմներով։
Բայց ի՞նչ ունենք Ք․Հ․ 2-րդ հազարամյակի «լուսավոր» 2026-ի մարտին։
Իրականություն, որտեղ վարչապետի աթոռը բռնազավթածն է որոշում ամեն ինչ, ընդհուպ՝ ո՛վ և ե՛րբ իրավունք ունի հատելու Հայաստանի սահմանը։
Բարեկամ Վրաստանի Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի հայտարարությունն իսկական շառաչուն ապտակ էր ազգային արժանապատվության վերջին բեկորները կորցնող հայ ժողովրդի դեմքին։
Ազգ, որի թիկունքում հզոր մշակույթ կա, Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու նման գագաթներ, հանդուրժում է, որ գենետիկական անհասկանալի տարրերից թուրքական փորձանոթում սինթեզված սիմբիոտիկ մակաբույծ մի օրգանիզմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտա լքել երկիրը՝ մասնակցելու եղբայրական եկեղեցու հովվապետի հուղարկավորությանը։
Սա ընդամենը զայրացնող միջադեպ չէ, այլ բացարձակ բռնապետության և «բանտապահի սինդրոմի» դասական դրսևորում։
Ժամանակավոր ինչ-որ պաշտոնյա այնքան է լկտիացել, որ իրեն վեր է դասում պատմությունից, անգամ համարձակվում է փաստացի «արգելանքի» ենթարկել 1725-ամյա հոգևոր ինստիտուտի առաջնորդին։
Պատմությունը հարուստ է բռնապետների և միահեծան ղեկավարների օրինակներով, ովքեր փորձել են ստորացնել կամ մեկուսացնել հոգևոր առաջնորդներին, բայց նշված «տխեղծ կամայականության» օրինակը՝ սեփական երկրում Կաթողիկոսին փաստացի «արգելանքի» տակ պահելը, հատուկ տեղ ունի խայտառակությունների ցանկում։
Եթե զուգահեռներ տանենք, ապա նմանատիպ դրսևորումներ եղել են հիմնականում տոտալիտար կամ աթեիստական վարչակարգերի ժամանակ, որոնք չէին հանդուրժում որևէ այլ հեղինակություն։
Անցյալից դասական օրինակ է Հենրիխ VIII-ը։ Սա հայտնի էր ոչ միայն իր վեց կանանցով, որոնց թվում էր և հանրահայտ Աննա Բոլեյնը, այլև թե ինչպես է աշխարհիկ տիրակալը փորձում կոտրել եկեղեցու դիմադրությունը՝ սեփական կամքը պարտադրելու հիվանդագին մտասևեռմամբ։
Անգլիայի հիշյալ արքան չստանալով ուզածը, իրեն հռչակեց եկեղեցու գլուխ, մեկուսացրեց կամ մահապատժի ենթարկեց բոլոր նրանց, ովքեր հավատարիմ էին մնում հոգևոր սկզբունքներին և չէին ընդունում նրա միահեծան իշխանությունը։
Իսկ Նապոլեոնը, օրինակ, որ նույնպես տառապում էր նարցիստիկ անձնային խանգարման սինդրոմով, 1809-ին առևանգեց ու կալանավորեց Հռոմի Պապին՝ պարտադրելով, որ վերջինս ծառայի իր կայսերական շահերին։
Պատմությունն այս անգամ էլ արձանագրեց՝ կայսրությունները փլվում են, իսկ հոգևոր ինստիտուտները վերապրում են բոլոր բռնապետներին։
Չմոռանանք նաև 100-ամյա վաղեմության զուգահեռը․ 1920-30-ականներին հայոց կաթողիկոսների (օրինակ, Խորեն Ա Մուրադբեկյանի) տեղաշարժը սահմանափակում էին Ձերժինսկու ղեկավարությամբ գործող ЧК-ն (чрезвычайная комиссия по борьбе с контрреволюцией и саботажем), իսկ հետո ГПУ-ն (Государственное политическое управление)։
Հայ բոլշևիկները վայրագություններն իրականացնում էին «պետական գաղտնիության» կամ «հակահեղափոխականության» շղարշի տակ։
Այսօրվա Հայաստանը փաստացի վերադարձել է «Երկաթյա Ֆելիքսի» մեթոդներին, սակայն գործում է «ժողովրդավարության» բաստիոն հռչակված երկրում՝ «ուղիղ եթերների» և «թափանցիկության» քողի ներքո։
Ստամոքսային տրամաբանությամբ առաջնորդվող մերօրյա բռնապետիկն անտեսում է էական մի տարբերություն. այդ շարքի նշված ու չնշված բոլոր անունները կայսրություններ էին կառուցում, իսկ ինքը քանդում է սեփական պետությունը մոռանալով՝ Հայաստանը հազարամյակների պատմության ընթացքում Հռոմի և Պարսկաստանի նման հզոր ու ահարկու հակառակորդներ է ունեցել, բախվել է քաղաքակրթական հսկաների հետ։
Այդ ֆոնին ո՞վ է կամ ի՞նչ է ինքը։
Ամենուր և ամեն ինչ, անգամ դեկորացիաները խժռող խեղկատակ, որը չի հանդուրժում որևէ գոյություն, եթե իրենից անկախ է շնչում։
Նրա հակառակորդն է արմատ, հիշողություն և ողնաշար ունեցող ցանկացած կառույց։
Եկեղեցին թշնամի է, որովհետև չի ձուլվում իր «ճարտարապետությամբ» գլորվող «ուրախ ավտոբուսային» տրամաբանությանը։
Սահմանադրությունը պատերազմի մունետիկ է, որովհետև խանգարում է օտարի պատվերով երկիրն ապամոնտաժելուն։
Ազգի մտածող ու մտահոգ հատվածն ախոյան է, որովհետև չի ծափահարում միջազգային ԶԼՄ-ների ամենաորս աչքի առաջ դեկորացիաներ խժռելու իր խայտառակ «բեմելներին»։
Ավելին, արհամարհանքով արձանագրում է՝ «լավ է որպես դեկորացիա «յոնջա» չէր օգտագործված»։
Այն, ինչ կատարվում է մեր երկրում, արդեն վաղուց դուրս է քաղաքականության կամ նույնիսկ «հիբրիդային պատերազմի» տրամաբանությունից։
Սա քաղաքակրթական անկման մի նոր, «տիեզերական» մակարդակ է, որտեղ անձնական վրեժխնդրությունը գերակայում է պետական շահին, դիվանագիտական էթիկային և տարրական մարդկային հարգանքին։
Վրաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ, Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին բարձրաձայնել է մի փաստ, որը պետք է սթափեցնող ապտակ լիներ ցանկացած ինքնիշխան պետության համար.
«Հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը»։
Երբ հարևան ու բարեկամ հանրապետության բարձրաստիճան հոգևորականը ստիպված է լինում աշխարհին իրազեկել, թե Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս որպես «բանտապահ» սեփական Եկեղեցու առաջնորդի համար, դա պետականության վախճանն է։
Սա այն նույն տրամաբանությունն է, որով 10 մոտոցիկլետի ընդունումը դարձվում է «դարակազմիկ իրադարձություն», իսկ դարավոր ինստիտուտների հեղինակությունը՝ փոքրոգի կամայականության թիրախ։
Սահմանափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը նման զգայուն և պատմական պահին՝ նշանակում է.
ո՛չ միայն վիրավորել սեփական ժողովրդի հոգևոր զգացմունքները, այլև խարխլել հայ-վրացական դարավոր հարաբերությունների էթիկական հիմքը։
Հընթացս էլ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում գործում է ոչ թե օրենքը, այլ անձնական «մուննաթը»։
Հետաքրքիր է, իսկ ու՞ր են սույն դեկորացիաներ խժռողի բառերով ասած՝ «եվրայոնջաներն» ու պատեհ-անպատեհ առիթներով եվրոպական արժեքներից փքուն ոճով ճոռոմաբանողները։
Սա՞ է ձեր պատկերացրած ազատությունն ու ժողովրդավարությունը, երբ Եկեղեցու առաջնորդին փաստացի «տնային կալանքի» տակ են պահում՝ թույլ չտալով հրաժեշտ տալ եղբայրական եկեղեցու հովվապետին։
Սա ոչ թե «զարկ է թշնամու գլխին», այլ հուժկու հարված սեփական պետության ողնաշարին ու հեղինակությանը։ Իսկապես լացելու է, որովհետև նման մասշտաբի խայտառակությունը մաքրելու համար տասնամյակներ կպահանջվեն։
Չեմ վարանի ասելու՝ սույն գաճաճն ընդամենը պատմական էպիզոդիկ թյուրիմացություն է, որն իր որկրամոլությամբ փորձում է կլանել մի ողջ պետականություն։
Բայց որկրամոլությունը երբեք չի փոխարինի ռազմավարական մտքին, իսկ «քուչի» մակարդակը չի կարող հաղթել հազարամյակների փորձությանը։
Ի վերջո, պետք է հիշել մի պարզ, բայց անողոք ճշմարտություն. պատմության մեջ բոլոր «բանտապահները»՝ լինեն նրանք կայսրեր, թե տխեղծ կամայականության մոլուցքով տարված պատահականություններ, միշտ էլ հեռացել են նույն կերպ՝ թողնելով միայն իրենց գործած ամոթի ու դատարկության հետքերը։
Իշխանությունը, որը փորձում է բանտարկել ազգի հոգևոր ինքնությունը և նսեմացնել դարավոր ինստիտուտը, իրականում բանտարկում է ինքն իրեն՝ դառնալով սեփական վախերի ու փոքրոգության պատանդը։
ՈՒթամյա անցողիկ փոշին որքան էլ փորձի փակել սահմանները, արգելել տեղաշարժը, սթափ բանականությունը լռեցնելու ջղաձգումներ անի, միևնույն է՝ անզոր է աստվածային արդարադատության առաջ։
Հայաստանը պարզապես տարածք չէ, որտեղ կարելի է «բեսեդկայական» կանոններ հաստատել։
Հայաստանը քաղաքակրթություն է, որը վերապրել է թալեաթներին, աթաթուրքերին ու բոլոր նրանց, ովքեր կարծել են, թե իրենք են տիեզերքի առանցքը։
Այս «տիեզերական խայտառակությունն» էլ կանցնի, ինչպես անցնում է ցանկացած մղձավանջ, բայց մեր հավաքական հիշողության մեջ կմնա այն դասը, որ պետականությունը չի կարելի վստահել նրանց, ովքեր ի վիճակի չեն տարբերել սեփական ամբիցիաները հայրենիքի սուրբ շահից։
Պատնեշները կփլվեն, բանտախցի դռները կբացվեն, իսկ ինստիտուտները, որոնց փորձում էին ստորացնել, կշարունակեն իրենց ընթացքը՝ որպես մեր հարատևության լուռ ու հզոր վկաներ։
Որովհետև Ոգին հնարավոր չէ կալանավորել։







































