«Գաղափարը՝ մեզնից, յուղ վառելը՝ ձեզնից». Լիլի Մարտոյան
Երկու շատ գործածական ասացվածք ունենք հայերս, երկուսն էլ՝ գժերի կամ իրենց գժի տեղ դնողների մասին, որոնք եղել են, կան ու կլինեն բոլոր ժամանակներում:
«Մի գիժ քարը գցեց փոսը, տասը խելոք հավաքվեց՝ չկարողացավ հանել»:
«Իրեն գժի տեղ է դրել, վանքի հավերն է ուտում»:
Թե ով է մեր օրերի «գիժը», մանկապարտեզի երեխեքն էլ գիտեն, թեև ճիշտն էն է, որ իրենց խաղալիքներից ու խաղերից այն կողմ ուրիշ բան չիմանային: Ի մեծ դժբախտություն մեզ՝ հենց էս հանրահայտ «գիժն» է այսօր խաղում մեր երեխաների ճակատագրի հետ՝ խաղալիք-երկրի քարտեզը դոշին կպցրած: Ամեն աստծո օր մի քար է գցում փոսը, շատ լավ իմանալով, որ տասը խելոք քարը քարին չի թողնելու՝ քարագլորման հերթական թամաշան ֆեյսբուքամայլում քննարկելով: Փույթ չէ, որ տասից մեկը օրումեջ ասում է. «Էդքան խոսելու փոխարեն եկեք փոսի բերանը փակենք, որ էլ ոչ մի քար չգցի մեջը»: «Էդ ո՜նց,- սրտնեղում են ինը խելոքները,- մենք որ անտարբեր-անսիրտ էս դիտորդներին ցույց չտանք, թե ոնց է տնքում փոսը ամեն քար նետելիս, ոնց են ցավում կողերը ամեն հարվածից հետո, էլ ո՞վ ցույց կտա»: ՈՒ ցույց են տալիս՝ արդեն ութ տարի: Փոսը քարեքար լցվել է, իսկ «գժի» ձեռքը բռնող չկա ու չկա: Փոսից ոտքը քաշում, անցնում է վանքի հավերին՝ նորից մեյդան բացելով ստատուսահրձիգների համար: Եվ որովհետև ուտելու թեման ավելի հեշտ է ծամվում, քան փոսի քարը, արձակ ու չափածո գլուխգործոցներ է, որ հեղեղում են ֆեյսբուքը: Իրեն գժի տեղ դրածն էլ, սագագող Պանիկովսկու նման, շարունակում է կաղալով վանքից-վանք անցնել ու հավեր խեղդել, բնավ բանի տեղ չդնելով չիլի կետչուպից էլ կծու կսմիթները, թե՝ «վզիկ-թևիկ-տոտիկները» չփչփոցով ու չտեսավարի չեն ուտում, ա՛յ անդաստիարակ, դանակ-պատառաքաղով կուլտուրական ըմբոշխնում են:
Այս գժանոցն այնքան սովորական է դարձել, այնքան է էս «գիժը» վարժեցրել շատերին քարը փոսից հանելու ամենօրյա փրկչական գործին, որ վաղը թե մի հրաշքով սա չքվի մեյդանից, վախենամ, խոր դեպրեսիա սկսվի ոմանց մոտ:
Ցավոք, հրաշքի նախանշաններ չեն ուրվագծվում, փոխարենը պարզ երևում է, թե ինչ գժական կերպափոխություններ են սպասվում գալիք 73 օրերին՝ մինչև հունիսի 7-ի ընտրություններ:
Անձամբ ես չեմ զարմանա, եթե «գժի» մտքով անցնի Օստապ Իբրահիմովիչի կերպարի մեջ մտնել՝ վանդականախշ պիջակով ու մյուս ատրիբուտներով: Հանուն արդարության պիտի ընդունել, որ կերպարային ընդհանրություններն ակներև են. Սա էլ, Շուրա Բալագանովի ասած, մսյո Բենդյերի նման լեզվաշարժության հմուտ վարպետ է և յոթերորդ օրվա ադվենտիստ, ողջ գիտակից կյանքում զբաղվել է հայկական ծագում ունեցող բեռլագա-սկումբրիևիչ-կորեյկոների վրա թղթապանակ կարելով ու փող սարքելով, երազել է դառնալ միլիոնատեր, և իրականացել է ապուշի երազանքը, իրոք դարձել է, միլիոնատեր էլ՝ չէ, միլիարդատեր: Ի վերջո, ամենակարևորը՝ երկուսն էլ թուրքահպատակի որդի են: Պատկերացնում եմ՝ ի՜նչ շեդևր ստատուսներ կհետևեն այս մետամորֆոզին, Իլֆ-Պետրովին գերազանցող ի՜նչ «Ոսկե հորթուկներ» լույս աշխարհ կգան ֆեյսբուքյան ագարակներում: Ուզում եմ պատկերացնել նաև այդ գլուխգործոցներից մեկի ավարտը հունիսի 7-ից հետո՝ «ինձնից վարչապեռ դուրս չեկավ, մնում է դառնամ տնային կառավարիչ» վերջաբանով, բայց անիծյալ ռեալությունն էլի թույլ չի տալիս: Որքան էլ դաժան լինի իրականությունը՝ «զորահանդեսի հրամանատարը» դեռևս ինքն է, իսկ թե ինչ կարելի է սպասել իրեն գժի տեղ դրած հրամանատարից, 2020-ին արդեն տեսել ենք, 2021-ին էլ՝ չհաշված նախորդող և հաջորդած տարիները:
Ցավոք, ամբողջ այս ընթացքում կանխարգելիչ հանրային մթնոլորտ այդպես էլ չձևավորվեց, չստեղծվեց այն պահանջատեր քաղաքացիական հանրույթը, որ ձեռքը սեղանին խփեր ու ասեր՝ հերիք է քեզ գժի տեղ դնես, մեզ էլ՝ գիժ պարացնողի, կրակը չենք ընկել քո ու տերերիդ ձեռքը, ռադ եղիր, տեսնենք թողածդ ավերակներից ի՞նչն ենք կարողանում փրկել: Չունեցանք երկիր պահողի բամբ ձայնով խոսող էդ հանրությունը, երկրի մանրակերտը մանրադրամի պես իրեն բաժին հանող «ղեկավարի» առաջ հնազանդորեն ծռմռվող հանրույթ ունեցանք: Չենք էլ զարմանում արդեն, որ լեզվին ինչ գալիս՝ ասում է, մտքին ինչ դնում՝ անում է, շուտով շնորհակալ լինել էլ կպահանջի ընդդիմախոսներից, որ արձագանքելու իրավունքից չի զրկել դեռ: Իսկ չի զրկել, որովհետև արդեն ութ տարի ամեն աստծո օր համոզվում է՝ էդ արձագանք-մարձագանքներից ոչ մի վնաս չկա, իսկ, այ, անարձագանք մնալը վտանգավոր է շատ: Ուրեմն, ճառ ասելուց վերջապես հոգնել են: Ուրեմն, «զանգ կախողի» ճար են արել; Արե՞լ են որ:
Փաստորեն, Խնկո Ապոր ժամանակներից էդ զանգի ու ժողովամոլների թեման արդիական է, «ստից սատկող-տազ անող, պոչից բռնող-խաղ անող» կատուների թեման էլ է արդիական, դրա համար էլ իրենց գժի տեղ դնողները շատացել, վանքի հավերը թողած, երկիր ու ժողովուրդ են ուտում:
Երևի էստեղ հռետորական հարց պիտի հնչեր՝ մինչև ե՞րբ: Որպես տարբերակ, Օստապը հանգուցյալ Պանիկովսկու շիրմաթմբի առաջ իր հակիրճ դամբանականը կառաջարկեր. «Նա իր ողջ կյանքում ցանկացավ ապրել հասարակության հաշվին, բայց հասարակությունը դա չներեց, և նա մեռավ: Վե՛րջ»: Բայց ես հռետորական հարցեր չեմ սիրում, ուստի պատասխանի փոխարեն կախման կետեր կդնեմ, թեև, անկեղծ ասած, կետադրական էդ նշանից զզվում եմ…







































