Պարզվում է՝ երեկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտարարել է, որ իր տղան Հայկական բանակում չի ծառայում, որովհետև «շատ բարձրակարգ մարդ է»։ Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են։ Պարզապես Հայոց բանակը և ՔՊ-ն օրգանապես հակոտնյա կառույց ու երևույթ են։

Եվ հենց երեկ կարդացի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Հոսեյն Սալամիի մասին մի ուշագրավ պատմություն, որը անմիջապես հիշեցրեց հայ հին զինվորականության պատվո վարքականոնն ու նրա արժեհամակարգային հիմնարար դրույթներից մեկը։ Եվ այսպես, ըստ իրանական աղբյուրի՝

«Երբ Հոսեյն Սալամի-ի՝ ԻՀՊԿ-ի հրամանատարի պաշտոնավարման ժամկետը մոտեցավ ավարտին, նա նամակ գրեց Ալի Խամենեիին, որտեղ նշեց․

«Խնդրում եմ, ինձ մի փոքր ժամանակ տվեք․ հնարավոր է՝ [բաղձալի] նահատակության հասնեմ։ Ես քաղցկեղ ունեմ, և եթե հրաժարական տամ, կմեռնեմ անկողնում։ Կցանկանա՞ք արդյոք, որ ես այդպես մահանամ»։

Գերագույն առաջնորդը համաձայնեց նրա համար բացառություն անել և թույլ տվեց շարունակել ղեկավարել Կորպուսը, ինչի արդյունքում նա դարձավ 12-օրյա պատերազմի առաջին «նահատակը»։

Ճիշտ այդպես էին մտածում նաև մեր Մամիկոնյան սպարապետները և առհասարակ հայ հին ռազմիկները։ Հայ զինվորականությունը մահվան իդեալական եղանակ էր համարում կռվի դաշտում զոհվելը։ Այսպես՝ մահվան մահճում Մանվել սպարապետը դառնորեն արտասվում և ասում է.

«Մանկությունից ի վեր պատերազմների մեջ եմ մեծացել և մեծ քաջությամբ ամեն տեսակի վերք ստացել մարմնիս. և ինչո՞ւ մահն ինձ պատերազմում չպատահեց, քան թե այսպես անասունի նման մեռնեի։ Որքա՜ն լավ կլիներ, եթե պատերազմի մեջ մեռնեի հայրենիքի համար, որպեսզի եկեղեցիներն ու Աստծու ուխտի պաշտոնյաները ոտնակոխ չլինեին։ Ո՞ւր է թե ինձ վիճակվեր մեռնել մեր երկրի բնիկ Արշակունի տերերի համար, մեր կանանց ու որդիների համար, մեր աստվածապաշտ մարդկանց և եղբայր-ընկերների (այսինքն՝ զինակիցների — Ա. Ա.) և մտերիմ բարեկամների համար։ Թեպետ և շատ հանդուգն էի ինձ պահում, բայց և այնպես ԻՆՁ ՎԻՃԱԿՎԵՑ ՄԵՌՆԵԼ ՎԱՏԹԱՐ ՄԱՀՈՎ՝ ԱՆԿՈՂՆՈՒՄ ՊԱՌԿԱԾ» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե, Գլ. ԽԴ)։

Նույն ցավն ու չիրականացած ցանկությունն է հայտնում նաև Մուշեղ Մամիկոնյանը. «Բայց երանի թե այս մահը ձիու վրա ինձ հասներ» (Փավստոս Բուզանդ, Ե, Գլ. ԼԵ)։

Ավելի մանրամասն հայ զինվորականության պատվո վարքականոնը քննել եմ իմ համանուն գրքում (2001 թ., 2021 թ. ընդլայնված հրատարակություն)։

Հասկանալի է, որ հանուն հայրենիքի կռվում զոհվելու ցանկությունն ԻՀՊԿ-ի նախկին հրամանատարի մոտ ձևավորվել է հին իրանական զինվորականության դավանած զուգահեռ գաղափարախոսության ազդեցությամբ, որի մասին ևս նշվում է իմ գրքում։ Առհասարակ, հին աշխարհի հայ և իրանցի ռազմիկները գրեթե նույնական արժեհամակարգի կրողներ են եղել։ Ըստ Եղիշեի, 449–451 թթ. հայ ռազմիկների և աշխարհազորայինների շուրթերից չէր իջնում հետևյալ խոսքը. «Միայն թե քաջությամբ մեռնենք, միայն թե անուն և հոգի ժառանգենք...»։ Նմանապես, պարսից զորավար Մուշկան Նիսալավուրտը իր զորահրամանատարներին դիմելով՝ ասում էր. «Ամեն մեկդ... նպատակ դրեք քաջի անուն հանել. մահը գերադասեցեք, քան թե վախկոտ կյանքը»։

Նույն կերպ կյանքի, մահվան և պատվի հարցերին մոտեցել են նաև մեր նորօրյա հերոսամարտի նահատակները՝ անուն առ անուն հիշատակելու հարկը չկա։

Այս համատեքստում ՔՊ-ականի խոսքերին մանրամասն անդրադառնալը պատվից ցածր եմ համարում։

 «Քաջութեամբ միայն մեռցուք, զանուն և զոգիս ևեթ ժառանգեսցուք»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ