ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։

«Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Մեր ապրանքը մարդ չի, որ գիտակցություն ունենա ու հասկանա, որ հիմա խնդիր կա ու պետք չի, որ այսօր ընկնի, այլ վաղը թող ընկնի։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։ Գյուղացին էսօր «պոլնի» խնդրի տակ ա»,- ՍպուտնիկԱրմենիայի փոխանցմամբ՝ ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղացիների հետ հանդիպման եկած Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը նշեց, որ իր մոտ տպավորութուն է, թե մթերքի հարցը որոշ անձինք փորձում են քաղաքական թեմա դարձնել, ինչին հավաքվածները դեմ արտահայտվեցին։

«Մենք ձեզ ասել ենք` էկեք, նստենք, խոսենք, քննարկենք խնդիրը։ Դուք չեք համաձայնել, հիմա էկել՝ փակել եք ճանապարհը։ Ասում եք` գործ ունենք ձեր հետ, հետո գալիս եք ճանապարհ եք փակում։ Ժամը 10-ին զանգում եք, ասել ենք, որ 12։30 մարզպետը կգա կհանդիպի, էդ 1 ժամը չեք համբերում, ինչու չեք համբերում ու գալիս եք ստեղ»,– ասաց Սարգսյանը։

Գյուղացիներից մեկը շեշտեց, որ իրենք երեկ էլ են եղել մարզպետարանում, մինչ այս պահն իրենց հարցին լուծում չի տրվել, որևէ առաջարկ չի արվել, իրենք էլ այս քայլին են դիմել։

Համայնքապետը պնդեց, թե պայմանավորվել են, որ ապրանքի մի մասը կգնեն չիր սարքողները, մյուս մասն էլ կարտահանեն, մի մասն էլ կմթերվի։ Մի գյուղացի ընդգծեց` «ֆուրերը» կանգնած են գյուղում ու կիլոգրամը 100 դրամով են արտահանողները ցանկանում ապրանքը գնել, բայց այդ գնով ինչպես կարող են իրենց ապրանքը վաճառել։

«Մենք որ դա 100 դրամով տանք իրենց, նշանակում է, որ մեր ապրանքը ջուրը թափեցինք։ Տանողները կանգնած են, բայց գնի խնդիր կա։ Ձեռք չի տալիս դա մեզ։ Պետությունը տանողին 250–ով ա տալիս, իսկ մեզնից 100 դրամով են առնում։ Լսել եմ` էկոնոմիկայի նախարարն ա ասել։ Արտահանողն էլ է սպեկուլյացիայով է զբաղված»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ իր ապրանքը թափվում է, ու խնդիրը չի լուծվում, իսկ իրենց ստույգ պատասխան է պետք, որ իմանա վաղվա իր գլխի գալիքը։

Համայնքապետը կոչ արեց երեկոյան ժամը 18։00-ին հավաքվել Խանջյան գյուղում ու քննարկել խնդիրը։

Գյուղացիները համաձայնեցին երեկոյան հանդիպել գյուղի կենտրոնում ու լսել, թե ինչ որոշում է կայացվել, չնայած, որ ամեն դեպքում չեն հավատում, թե խնդրին լուծում կտրվի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ