PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները: Սա խորքային հանրային լյուստրացիա էր:

Հայաստանի տասներորդ դասարանցիների մեծամասնությունը գիտելիք գուցե վերարտադրում է, բայց չի կարողանում կարդացածը հասկանալ և սովորածը կիրառել պարզ իրական իրավիճակում։

Սա PISA–2025 միջազգային գնահատման՝ Հայաստանի համար ամենակարճ և ամենածանր եզրակացությունն է։

Հետազոտությանը Հայաստանից մասնակցել է շուրջ 7000 տասնհինգամյա աշակերտ՝ մոտ 295 դպրոցից։ Նրանց 88%-ը տասներորդ դասարանցիներ էին։ Ընթերցանության նվազագույն գործառական շեմին հասել է ընդամենը 19%-ը՝ OECD-ի 67% միջինի դիմաց։ Մաթեմատիկայից այդ շեմը հաղթահարել է միայն 28%-ը՝ 65% միջինի դիմաց, իսկ բնագիտությունից՝ նույնպես 28%-ը՝ 74% միջինի դիմաց։

Այսինքն՝ տասներորդ դասարանցիների 81%-ը դժվարանում է հասկանալ կարդացածի հիմնական իմաստը, տարբերել փաստը կարծիքից և տեղեկությունից հիմնավոր եզրակացություն անել։ Իսկ 72%-ը չի կարողանում իր գիտելիքը կիրառել նույնիսկ համեմատաբար պարզ իրավիճակում։

Սակայն սա միայն դպրոցի մասին չէ։ Սա մեր հասարակության իրական կրթական ցենզի լյուստրացիան է։ Ոչ թե դիպլոմների, կոչումների ու բարձրագույն կրթության մասին վիճակագրության, այլ փաստը հասկանալու, գիտելիքն օգտագործելու և պատճառահետևանքային կապ կառուցելու հասարակական կարողության։

Տասներորդ դասարանցիները երկնքից չեն ընկել։ Նրանք մեծացել են մեր ընտանիքներում, կրթվել մեր հաստատություններում, լսել մեր հանրային խոսքը և ձևավորվել նույն տեղեկատվական միջավայրում։ Հետևաբար նրանց արդյունքը միայն երեխաների գիտելիքի չափում չէ։ Այն նաև այդ երեխաներին ձևավորած մեծահասակ հասարակության մտավոր միջավայրի արտացոլումն է։

Հենց այստեղ PISA-ի արդյունքը դառնում է ոչ միայն ընտրությունների արդյունքի բացատրական բանալին այլ հանրային հավաքական միջին ինտելեկտուալ կարողականության ցուցիչ: Ընտրություններն էլ դրա գործառական գրագիտության քննություն էր։ Ընտրողը պետք է կարողանա լսած խոստումը համեմատել իրականության հետ, տարբերել փաստը քարոզչությունից, իշխանության որոշումը կապել դրա հետևանքի, իսկ հետևանքը՝ որոշում կայացրած իշխանության պատասխանատվության հետ։

Ութ տարի շարունակ ընդդիմադիր շրջանակները բացատրել, վերլուծել և կանխատեսել են։ Հասարակությանը ներկայացվել են իշխանության որոշումները, դրանց վտանգներն ու սպասվող հետևանքները։ Հետո եկել են հենց այդ հետևանքները՝ պատերազմը, պարտությունը, հազարավոր զոհերը, Արցախի կորուստը, Հայաստանի տարածքի օկուպացումը, անվտանգային համակարգի քայքայումը և Ադրբեջանից հնչող նորանոր պահանջները։

Խնդրի պայմանը գրված էր ամբողջությամբ։ Բոլոր տվյալները ներկայացված էին։ Հետևանքներն այլևս նույնիսկ կանխատեսում չէին։ Դրանք մարդկանց ապրած իրականությունն էին։

Սակայն ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների քաղաքական վարքի զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն շեմը չհաղթահարած տասներորդ դասարանցին․ կարդաց խնդիրը, տեսավ տվյալները, բայց չկարողացավ ստանալ տրամաբանական պատասխանը։

❗️Լսեց «խաղաղություն» բառը, բայց չհասկացավ դրա քաղաքական բովանդակությունը։ Չհարցրեց՝ ի՞նչ պայմաններով, ո՞ւմ պահանջներով և Հայաստանի ի՞նչ նոր զիջումների հաշվին է կառուցվում այդ խաղաղությունը։

❗️Լսեց «ինքնիշխանություն», բայց այդ բառը չհամադրեց Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության, արտաքինից առաջադրվող սահմանադրական պահանջների և անվտանգային կախվածությունների հետ։

❗️Տեսավ պատերազմը, բայց այն չկապեց պատերազմը ղեկավարած իշխանության հետ։ Տեսավ Արցախի կորուստը, բայց այն չվերածեց քաղաքական պատասխանատվության։ Տեսավ իրար հաջորդող զիջումները, բայց դրանց միջև օրինաչափություն չգտավ։

Իսկ երբ Փաշինյանն ասաց՝ «նախկիններն են մեղավոր», ընտրողի այդ հատվածի համար պատճառահետևանքային ամբողջ շղթան հենց այդտեղ ավարտվեց։

Սա տեղեկության պակաս չէր։ Այս հասարակությունը տեղեկություն ուներ։

Սա տեղեկությունից քաղաքական եզրակացություն ստանալու անկարողություն էր։

Ինչպես տասներորդ դասարանցին կարող է անգիր վերարտադրել կանոնը, բայց չկարողանալ դրանով լուծել պարզ խնդիրը, այնպես էլ ՔՊ ընտրողի զգալի մասը վերարտադրեց իշխանության սովորեցրած բառարանը՝ «նախկիններ», «խաղաղություն», «ժողովրդավարություն», «ինքնիշխանություն», «ասֆալտ», «դպրոց»։

Բառերը հիշվեցին։ Բովանդակությունը չստուգվեց։ Փաստերը տեսանելի էին։ Դրանք չհամադրվեցին։ Սեփական փորձը կար։ Այն չվերածվեց ընտրական որոշման։

Հենց այս հասարակական միջավայրի համար է կառուցված Փաշինյանի քաղաքական լեզուն։ Այն բացատրություն չի պահանջում, որովհետև նախատեսված է ոչ թե հասկանալու, այլ վերարտադրելու համար՝ կարճ կարգախոս, պարզունակ հակադրություն, պարտադիր թշնամի և հուզական փոխհատուցում։

Պարտությունը կոչվում է խաղաղություն, զիջումը՝ ինքնիշխանություն, ենթարկումը՝ անկախություն, վախը՝ վստահություն, իսկ պատասխանատվությունից փախուստը՝ ժողովրդավարական մանդատ։ Քաղաքական գործառական անգրագիտության պայմաններում անվանումը փոխարինում է իրականությանը։

Իհարկե, PISA-ն չի չափել ՔՊ ընտրողի կրթական կարողությունները, և դպրոցականների արդյունքը չի կարելի մեխանիկորեն վերագրել որևէ կուսակցության ընտրազանգվածի։ Բայց այն բացահայտել է այն հասարակական միջավայրը, որտեղ ընտրությունների նման արդյունքը դառնում է հնարավոր։

Ուստի ՔՊ-ի հավաքած ձայները միայն վարչական ռեսուրսով, փողով, վախով կամ քարոզչությամբ բացատրելը բավարար չէ։ Դրանք իշխանության գործիքներն են։ Իսկ դրանց արդյունավետությունն ապահովող միջավայրը հասարակության կրթական և քաղաքական ցենզի իրական վիճակն է։

Այստեղ կա նաև ընդդիմության համար ծանր եզրակացություն։

Ութ տարի շարունակ ընդդիմությունը կարծել է, թե բավական է ներկայացնել հերթական փաստը, բացատրել հերթական վտանգը կամ անել հերթական ճիշտ կանխատեսումը, և հասարակությունն ինքնաբերաբար ճիշտ քաղաքական եզրակացության կհանգի։

PISA-ն ցույց է տալիս, որ այդ ինքնաբերական անցումը գոյություն չունի։

Եթե մարդը դժվարանում է կարդացածը հասկանալ և գիտելիքը կիրառել պարզ խնդրի լուծման ժամանակ, ապա քաղաքական տեքստը նույնպես կարող է չհասկանալ, փաստերը չհամադրել և նույնիսկ սեփական ապրած ողբերգությունը չվերածել ընտրական պատասխանատվության։

Փաշինյանն իր օգտին քվեարկած ավելի քան 700 հազար մարդկանց չի ապացուցել, որ իր կառավարումը հաջող է։ Նա պարզապես կարողացել է նրանց ընտրությունը կտրել իր կառավարման փաստական հետևանքներից։

P.S. PISA-ն պարզապես դպրոցականների ձախողված թեստը չէր։ Այն մեր ընտրությունների կրթական բացատրությունն էր։ Երկու դեպքում էլ մարդուն տրվել էին պայմանը, տվյալները և նույնիսկ պատրաստի հետևանքները, բայց նա դրանցից չէր ստացել տրամաբանական եզրակացությունը։ Կրթության մեջ դրա գինը ձախողված քննությունն է։ Քաղաքականության մեջ՝ ձախողված պետությունը։ Կարդացածը չհասկացող աշակերտը կարող է ձախողել քննությունը իսկ իրականությունը չհասկացող ընտրողը կարող է հանձնել պետությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ