Opel-ը Զոլաքար գյուղում բախվել է շինության պատին և շրջվել. վարորդի 43-ամյա մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Գեղարքունիքի մարզում, այսօր` սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։
Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին մահացածի ինքնությունը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այսօր, ժամը 07։40-ի սահմաններում Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր։