Սոթքի ոսկու հանքը վերակազմավորելու համար պետք է վերանայվեն բոլոր պայմանագրերը, լիցենզիաները, նոր ՇՄԱԳ լինի
Ռուսական GeoPromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլինը հարցազրույց է տվել և նշել, որ Սոթքի ոսկու հանքը կվերակազմավորվի ու կկարողանա նոր պայմաններում աշխատել:
«Հանքավայրի մի մասը, որը մնացել է Հայաստանի վերահսկողության տակ, կարող է նախկինի պես շահույթով աշխատել։ Դրա համար ընկերությունը տեխնիկապես ու լոգիստիկ առումով վերակառուցում է հանքը։ Ըստ էության, մենք փոխում ենք դրա ամբողջ դիզայնը, ինչպես նաև կատարում ենք հանքավայրի հետախուզում՝ արդյունահանման շարունակման համար։ Մենք դիտարկում ենք նաև ստորգետնյա մշակման անցնելու տարբերակը: Այնպես որ, մենք լիովին պատրաստ ենք շարունակելու աշխատանքը։
Ոսկու պարունակությունը հանքավայրում մնում է նույն մակարդակի վրա՝ միջինը 3-4 գրամ մեկ տոննայում սուլֆիդային ապարների, 1-1,5 գրամ` օքսիդային ապարների համար»,-ասել է նա:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ցավոք, ես ծանոթ չեմ, թե նոր ծրագիրը ինչ է նախատեսում, որ մանրամասն ասեմ, բայց կասկածը իմ մեջ ակնհայտ կա, որովհետև հանքի աշխատանքի ամբողջ հիմքը հիմնովին փոխելը շատ մեծ գումարներ կպահանջի: Ես չեմ կարծում, որ իրենք այդ գումարները իրոք ծախսեն դրա համար: Առհասարակ, եթե ինձ հարցնեն, թե ինչ է պետք անել, պետք է կոնսերվացնել, դադարեցնել այդ բոլոր աշխատանքները, որոնք արվում են մեր հանքերում, մեծ ուսումնասիրություն անեն, որտեղ ինչ կարելի է իրոք ուղղել, մնացածը փակել: Բայց այդ ուղղությամբ ոչ ոք չի գործում»:
Հարցին, թե Սոթքի հանքի շահագործման դեպքում ի՞նչ վտանգներ կան Սևանի համար, բնապահպանը պատասխանեց. «Վտանգները Սևանի հետ են կապված, շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների հետ են կապված՝ աղտոտում, նաև հնարավոր են տարբեր վթարներ: Ակնհայտ ռիսկեր կան: Մեր բնակլիմայական պայմաններում մեր հանքերը նաև հիմք են տարբեր ռիսկերի, որովհետև կարող են պայթյուններ լինել, փլուզումներ լինել և այլն: Դա մեկ օրվա կամ մեկ տարվա բան չի, դա ժամանակի հետ շատ երկար ձգվող խնդիրներ են: Այստեղ այդ բոլորը կուտակված են»:
Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ հանքերի շահագործումը աշխատատեղերի խնդիր է լուծում, Կարինե Դանիելյանը նկատեց, որ այո, որոշ չափով այդ խնդիրը լուծվում է, բայց դա այն գնով է տեղի ունենում, որ իհարկե, դա արդարացում կամ բացատրություն չինել չի կարող»:
Նույն խնդրին անդրադարձավ նաև «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը՝ նշելով, որ Սոթքում, որպես շահագործվող բաց հանք, բացի ոսկուց կան շատ տարբեր մետաղային նյութեր. «Մեզ մոտ ոսկին ցրված է տարբեր տարրերի հետ միասին, իսկ այդ տարբեր էլեմենտները բարձր տոքսիկություն ունեն: Մենք կարող ենք ասել, որ դա ամենավտանգավոր, ռիսկային A կլասի օբյեկտ է և միշտ այդպես էլ գնահատվել է»:
Նա հավելեց, որ եթե հանքը շահագործող ընկերությունը հայտարարում է հանքի վերակազմավորման մասին, իրենք պետք է նորից գնահատեն, ներկայացնեն նոր ՇՄԱԳ, նաև նոր լիցենզիայի հայտ ներկայացնեն. «Լիցենզիայում հստակ գրված է, թե տարեկան ինչքան ոսկի պետք է հանեն, ինչքան ձուլվածքից: Այդ առումով տարիներ շարունակ այդ հանքում բազմաթիվ խախտումներ են եղել և կան: Քանի որ տարիներով այնտեղ ստուգումներ չեն իրականացվել: Նրանք պետք է նոր ՇՄԱԳ ներկայացնեն, որպեսզի հասկանանք՝ այսօր իրենց ներկայացված տեղամասը ինչքան տեղ է զբաղեցնում, պետք է վերանայվեն պաշարները, ինչքան պաշար է մնացել: Քանի որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, դա կարող է հիմք հանդիսանալ՝ վերանայելու բոլոր պայմանագրերը, լիցենզիաները:
Այս իրավիճակում ասել՝ ոչինչ, այսպես կաշխատեն, դա անթույլատրելի է: Մենք պետք է Հայաստանում ամենախոշոր ոսկու հանքը մտցնենք լրիվ օրենսդրական դաշտ, չլինեն խախտումներ, որպեսզի թե միջազգային ասպարեզում, թե որևէ երկրի կողմից՝ լինի Ադրբեջան, թե Ռուսաստան, մենք կարողանանք վստահ ասել, որ ունենք օրինական հանքի շահագործում: Այսինքն կարողանանք ասել, որ սա տրանսսահմանային հանքավայր է, որի մեր հատվածը մենք շահագործում ենք շատ ճիշտ ձևով»,- հայտարարեց Զարաֆյանը:
1in.am