Իրանն ու Թուրքիան արգելափակել են միմյանց միջև բեռնափոխադրումը: Դա տեղի է ունենում Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցից հետո, որտեղ Իրանի նախարար Աբդոլահիանը քննարկել էր ռեգիոնալ իրավիճակը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ:

 Ընդ որում, ըստ ամենայնի կարող ենք ասել, որ տեղի էր ունեցել պայմանականորեն եռակողմ քննարկում, եթե հաշվի առնենք այն, որ Իրանի նախարարի հետ հանդիպումից առաջ Լավրովին զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու խոսել Իրանի միջուկային ծրագրի մասին:

Մոսկովյան հանդիպումից հետո էլ լարվում է իրան-թուրքական հարաբերությունը, որի ֆորմալ պատճառները իհարկե որևէ կապ չունեն մոսկովյան հանդիպման հետ, սակայն ժամանակագրությունը այդուհանդերձ խոսուն է, առավել ևս այն ֆոնին, որ ՌԴ արտգործնախարարը հանդիպումից հետո հայտարարել էր «3+3» ձևաչափը քննարկած լինելու մասին:

Բանն այն է, որ, ըստ Հայաստանում տարածված մտայնության կամ կարծիքի, դա ձևաչափ է, որը Թուրքիայի նախընտրությունն է: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է լարվում իրան-թուրքական հարաբերությունը, եթե Իրանը Մոսկվայում ռեգիոնալ հարցերի համատեքստում քննարկում է «թուրքական նախընտրությունը»: Կնշանակի, որ դա այդքան էլ թուրքական նախընտրություն չէ և առնվազն հնարավոր է խոսել «3+3» ձևաչափի կամ ռեգիոնալ վեցյակի մի քանի դասավորության մասին, որ ունեն ռեգիոնում տարբեր երկրներ: Մեծ հավանականությամբ, Մոսկվայում «3+3»-ը քննարկվել է ոչ այն պատկերացմամբ, որը համահունչ է Թուրքիայի մոտեցումներին: Մյուս կողմից, չի բացառվում, որ թուրք-իրանյան լարվածության պատճառն այն է, որ Իրանն է մնացել մոսկովյան քննարկումներից դժգոհ և Թեհրանին «ռեգիոն վերցնելու» դիմաց առաջարկվում են պայմաններ, որոնք ընդունելի չեն: Ընդ որում, այդ հանգամանքը կարող ենք դիտարկելի համարել Լավրով-Աբդոլահիան զրույցից ժամեր առաջ Բլինքենի՝ Լավրովին հեռախոսազանգի ֆոնին:

Իրանն է դժգոհ, թե Անկարան, բնականաբար շատ բարդ է այդ առնչությամբ անել որևէ եզրահանգում, հաշվի առնելով այն, որ անմատչելի է ռեգիոնալ քննարկումների «խոհանոցը»: Ամբողջ հարցն այստեղ թերևս այն է, որ Մոսկվայում Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Լավրովի հայտարարությունները կարծես թե հուշում են, որ եղել է Իրանի շուրջ ծավալվող իրավիճակում լարվածությունը լիցքաթափելու ջանք, մինչդեռ նշմարվում է, որ Իրանի, թե Թուրքիայի ջանքով լարվածությունը ստանում է որոշակի նոր երանգ: Իհարկե պետք է տեսնել, թե ինչպիսին կլինի դրա զարգացումը:

Հայաստանում կա մտայնություն, որ Իրանն այդպիսով «փրկում» է այսպես ասած «միջանցքը» թուրք-ադրբեջանական նկրտումներից: Ամբողջ հարցն այն է սակայն, որ առայժմ աճող ռեգիոնալ լարվածությունը ունի հակառակ նշանակություն՝ «պարարտանյութ» է թուրք-ադրբեջանական օրակարգի համար:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն