«Ես դրա պատասխանատուն չեմ»․ Ավանեսյանը սլաքներն ուղղում է ոստիկանության կողմը
Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության նիստին, առողջապահության նախարարի վրա մատ թափ տվեց, երբ վերջինս դժգոհեց, թե «որոշ անձինք չարամտորեն վնասարարությամբ են զբաղված եւ մեր քաղաքացիներին շփոթության մեջ են գցում»` հակապատվաստումային արշավ են իրականացնում, դա է պատվաստումների դանդաղելու պատճառը: Փաշինյանն ասաց. «Ինձ մի՛ ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում, Ձեր առջեւ խնդիր եմ դրել, գնացեք լուծեք։ Վատ է, շատ վատ է պատվաստման թվերը, էլ տենց բաներ չլսեմ՝ ինչ-որ արդարացումներ, որ ինչ-որ մարդիկ խանգարում են... Ոչ մեկ չի կարա մեզ խանգարի։ Ձերբակալեք, կալանավորեք»։
Փաշինյանը ճիշտ է, որ գերատեսչությունները չեն կարողանում իրենց առջեւ դրված խնդիրը լուծել․ պետական ապարատում տոտալ անտերություն է` չկա համագործակցություն, չկա կոլեկտիվ աշխատանք։ Առողջապահության նախարարը հրաման է արձակում, սահմանում կարգավորումներն ու քաշվում մի կողմ, իսկ թե ով պետք է դրանք կյանքի կոչի, հայտնի չէ, եւ սկսում են մեղքը բարդել միմյանց վրա: Իսկ օրենքի պահպանման խնդիրն ու վերահսկողությունը ոստիկանության կամ տեսչական մարմինների գործառույթն է։ Եվ սա գալիս է նաեւ Անահիտ Ավանեսյանից, որը հայտնվել է անճար նախարարի կարգավիճակում․ ասում է, որ պետք է արդյունավետ պայքար մղել, խիստ ու հետեւողական լինել, բայց ոչինչ չի անում, որ, օրինակ, հասարակական տրանսպորտում մարդիկ իրար գլխի լցված, առանց դիմակի չերթեւեկեն, տարբեր միջոցառումների ժամանակ իրար գլխի չլցվեն, պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Նա միայն կանոններ սահմանելու տերն է, դրանց կատարումն իր հոգսը չէ։ Մինչդեռ, եթե ոչ թե հույսը դնեին քաղաքացիների բարձր գիտակցության ու սոցիալական պատասխանատվության վրա, այլ աշխատեցնեին պետական կառույցները, վիճակն այլ կլիներ։
Երեկ նիստից հետո Անահիտ Ավանեսյանին հիշեցրինք, որ հասարակական վայրերում, տրանսպորտում, միջոցառումների ժամանակ քաղաքացիները չեն պահպանում անվտանգության կանոնները, դիմակ չեն կրում։ Նա սկսեց պատասխանատվությունն իր վրայից գցել․ «Տեսեք, առողջապահության նախարարությունը պատասխանատու է քաղաքականության մշակման համար, եւ մենք, հենվելով այն գիտական, փաստական փորձից, սահմանում ենք որոշակի սահմանափակող միջոցառումներ, որոնց պահպանումն օգնում է վարակի տարածումը կանխելուն, զսպելուն եւ հնարավորինս կառավարելի շրջանակներում պահելու համար։ Այո, սահմանված է կանոն, որ փակ վայրերում պետք է դիմակները կրել։ Եվ վերահսկող մարմիններին պետք է խնդրեմ՝ շատ ավելի ուշադիր լինել, խիստ լինել եւ քաղաքացիներից պահանջել դիմակի կրման ռեժիմը պահպանել, քանի որ դիմակները շատ ավելի գործուն միջոց են՝ էս պահին օգնելու մեզ՝ նվազեցնելու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը»։
- Իսկ ինչո՞ւ գործուն միջոցներ չեք ձեռնարկում, որ Ձեր նշած այդ գործուն միջոցը՝ դիմակի կրումը, կիրառեն։ Մի ժամանակ խանութներում պարտադրում էին հաճախորդներին դիմակ կրել, հակառակ պարագայում չէին սպասարկում։ Հիմա դա էլ չկա։
- Դե, ի՞նչ ասեմ, ես դրա պատասխանատուն չեմ։
- Գուցե վա՞տ եք աշխատում, գուցե թո՞ւյլ եք՝ որպես նախարար, եւ դրանո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը։
- Մեր սահմանած սահմանափակումներն այս պահին գործուն միջոց են, եւ որեւէ առումով, եթե վերահսկման մասն ապահովվի, եւ քաղաքացիները դիմակ կրեն, մենք իսկապես նվազեցում կունենանք։
- Իսկ եթե չի ապահովվո՞ւմ։
- Ես նորից եմ կրկնում՝ ես պատասխանատու եմ իմ ոլորտի համար։
- Ո՞վ է պատասխանատու մարմինը, որը պետք է հսկի։
- Չեմ կարող ասել։
- Ստացվում է՝ օդի մեջ են մնում Ձեր սահմանած կանոնները։
- Ընդհանրապես, ամբողջ պետությունն ունի տրամաբանություն, կառուցվածք, եւ առողջապահության նախարարությունն էլ վերահսկողական ֆունկցիաներ չի իրականացնում։
- Եթե պոլիկլինիկայի բժիշկը հակացուցման մասին տեղեկանք է տալիս քաղաքացուն, որ նրան չի կարելի պատվաստել, օրինակ` ալերգիա ունի, դա հի՞մք է, որ նա չպատվաստվի։
- Ալերգիան հակացուցում չի հանդիսանում, եթե կոնկրետ պատվաստանյութից չէ։ Այսինքն՝ պետք է հստակեցնել, թե ինչն է խնդիրը։
- Իսկ որեւէ այլ՝ Ձեր սահմանած ցանկով հակացուցումների վերաբերյալ տեղեկանքը` պոլիկլինիկայի բժշկի կողմից, կարո՞ղ է հիմք լինել չպատվաստվելու։
- Այո, իհարկե, հենց դրա համար է տրվում, որպեսզի հիմք հանդիսանա։
- Դուք կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում` մարդիկ կարող են իրենց ծանոթ բժշկի միջոցով կեղծ տեղեկանք ներկայացնել եւ չպատվաստվել։
- Դե, ես էլ հուսով եմ, որ իրավապահ մարմինները նման դեպքերը կկանխեն կամ խիստ կպատժեն։
- Փաստորեն, Դուք միայն հույս եք հայտնում։
- ․․․․Ի՞նչ եք առաջարկում, որ անձին, եթե հակացուցված է, նրան հնարավորություն չտա՞նք, որպեսզի ազատվի պատվաստումից։
- Ես առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ, որպեսզի ե՛ւ պատվաստման գործընթացն արդյունավետ իրականացվի, ե՛ւ քովիդի դեմ պայքարը։
- Ես համաձայն եմ Ձեզ հետ։
- Ի դեպ, քովիդի տարածման պիկի ժամանակ քննադատում էինք Արսեն Թորոսյանին՝ որպես նախարարի, իր տարօրինակ, հակասական հայտարարությունների համար, այսօր արդեն ոմանց կարծիքով՝ Թորոսյանն ավելի արդյունավետ կառավարիչ էր։ Դուք նման տարօրինակ հայտարարություններ չեք անում, բայց չեք կարողանում արդյունավետ կառավարել։
- Ուրախ եմ իմ գործընկերոջ վերաբերյալ նման բարձր գնահատականների համար։
Hraparak.am