Արմավիրի մարզի մի շարք համայնքներ մեծ վնասներ են կրել  երեկ՝ մայիսի 23–ին, տեղացած կարկուտի եւ ուժեղ քամու հետեւանքով։

«Պոլիէթիլենային թաղանթով ծածկված 20 հա ջերմոցների գրեթե 90%-ը  պատռվել է։ Ջերմատներում աճեցվող պոմիդորը, վարունգը, պղպեղը կարկուտը լրիվ ավերել է։  Ձմերուկ, սեխ չի մնացել, խաղող՝ նույնպես։  Քամու հետեւանքով նախկին կուլտուրայի շենքի, որտեղ հիմա գտնվում է գյուղապետարանը, տանիքի մի մասը պոկվել է, բացի այդ  7–ից 8 տանիք է վնասվել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը։

Ակնաշենում մոտ 200 տնտեսություն է տուժել,  ըստ համայնքի ղեկավարի՝ բոլորն էլ վարկային միջոցներով են մշակել իրենց այգիները։ Այս պահին վնասների գնահատում է կատարվում։

Աղավնատուն համայնքում տեղացած կարկուտը նախորդ տարիների պես ուժեղ չի եղել, բայց բանջարաբոստանային ցանքատարածությունները 30–40 տոկոսով վնասվել են։

«Մեր մոտ շատ ուժեղ չէր  ուրիշ համայնքների նման, պոլիէթիլենային թաղանթով ծածկված ջերմոցներն են պատռվել։ Կարկուտը մոտ 8 րոպե է տեղացել. նախորդ տարիներին այնքան ուժեղ կարկուտներ ենք տեսել, որ սա դրանց համեմատ չնչին էր։  Ժողովուրդը գիտի՝ պետությունը չի օգնելու նախորդ տարիների նման, եւ հիմա պետք է ապահովագրվեն, որ վնասի փոխհատուցում լինի»,– ներկայացրեց համայնքի ղեկավար Գնել Մաթեւոսյանը։

Գյուղում երկու հակակարկտային կայան է եղել, բայց ըստ համայնքի ղեկավարի՝ կարկուտը հակառակ ուղղությունից է տեղացել։

Համայնքի ղեկավարը  դժվարացավ նշել, թե քանի տնտեսություն է տուժել։

«Ժողովուրդը, որ գիտի օգուտ չի հասնելու, չեն գալիս գրանցվեն, որ իմանանք ով ինչքան վնաս է կրել»,– ասաց նա։

Ջրարբիում եւս կարկուտի հետեւանքները  զգալի են։ Համայնքապետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է  վնասների գնահատմամբ։

«Ում ցանքատարածությունը բաց է եղել, 100%-ով  վնասվել է, դրանք տնամերձ այգիներ են, որտեղ մշակում են վարունգ, լոլիկ, պղպեղ եւ այլ բանջարեղեն»,– նշեց համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։



Նյութի սկզբնաղբյուր՝ News.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն