Ռուսական ներդրումների խոստումների տակ կա քաղաքական շահ․ Արիստակեսյանը հիշեցնում է «գույք պարտքի դիմաց» գործարքը
Հայաստանում առաջիկայում 1 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու մասին ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարի հայտարարությունը արժանացել է մեծ ուշադրության: Ավելի վաղ էլ Զանգեզուրի կոմբինատի նոր սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Տրոցենկոն օրերս խոսում էր մինչև անգամ 2 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարներից: Ինչո՞ւ հանկարծ Հայաստանի տնտեսության շուրջ խոսակցությունները սկսեցին պտտվել միլիարդների մասշտաբով։
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի կարծիքով՝ թեպետ Հայաստանում միլիարդավոր ներդրումներ անելու պատրաստակամությունը պետք է դրական գնահատել, պետք է նաև դրա տակ տեսնենք քաղաքական շահ․«Եթե նայենք պատմական փորձը, ապա ռուսական ընկերությունների ներդրումների, մեր ռազմավարական դաշնակցի քայլերը երբեք չեն բխել Հայաստանի շահերից։ Դրանք սպասարկել են Ռուսաստանի մեծապետական, կայսերապաշտական շահերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արիստակեսյանը հիշեցնում է «Գույք պարտքի դիմաց» գործարքը, երբ ռազմավարական նշանակություն ունեցող բաները տվեցինք չեղած պարտքի դիմաց․ «Ցավոք սրտի ոչ թե ներդրումներ եղան, այլ պարզապես այդ ձեռնարկությունների գործունեությունը սառեցվեց։ Ուստի եթե ներդրում են խոստանում՝ նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչի դիմաց։ Ինձ համար շատ կասկածելի է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու այդ կոնտեքստում պտտվող միլիարդավոր ներդրումների մասին խոսակցությունները։ Մենք գիտենք, որ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհվել է երկրորդ նախագահի շրջապատի կողմից։ Հիմա էլ կարծես դատական վեճեր են տեղի ունենում։ Շատ կասկածելի գործընթացներ են, որոնց իսկությունը մենք չենք իմանում, ուստի առաջանում են որոշակի կասկածներ»։
Տնտեսագետի խոսքերով՝ ներդրումների խոսակցությունները խայծ են և դրանք համընկնում են այն ժամանակաշրջանի հետ, երբ ընթանում են սահմանազատման ու սահմանագծման շուրջ ստվերային բանակցություններ․ «Ընդ որում ՝ այդ բանակցություններից տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին ու հայ ժողովուրդը։ Այդ խոստումներն ընդամենը սին շղարշ են ստորագրություն նախապատրաստելու մասին»։
Շարունակելով մեր զրուցակիցը նշեց․ «Կա մեկ այլ կապ, որի մասին ես ժամանակին խոսել եմ , բայց այդ թեզը չի շարունակվել։ 44 օրյա պատերազմը ոչ միայն Հայաստանի սահմանները կրճատելու, Արցախի մեծ մասը վերցնելու համար է, այլ նաև սեփականության բաժանման։ Դրա վառ օրինակը Սոթքի հանքավայրն էր։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ պնդում, որ Սոթքի հանքավայրի սեփականության բաժանումը հայաստանյան, ադրբեջանական ու ռուսական կառավարող մարմինների միջև տեղի ունեցող գործընթաց է։ Այսինքն այնպիսի իրավիճակ, ինչպիսին որ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ է տեղի ունենում»-եզրափակեց նա։
1in.am