Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 

Նախագծի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել` էականորեն կրճատելով նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը: Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը։ Օրինագծով  առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսել դրույթ, որի հիման վրա հարկային մարմնում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող սուբյեկտները կհանվեն հաշվառումից:Նախագծով առաջարկվում է օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները: Հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նախագծով առաջարկվում է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակը, որի շրջանակում հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության (այդ թվում` կամերալ ուսումնասիրության) արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:  Օրինագծերով, մասնավորապես,  նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Օրինագծերով կկարգավորվեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցերը: Բացի այդ, նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Հավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդյունքում նախատեսվում է մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումն ապահովել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը։ Ապահովել նաև պահեստազորային պատրաստության շրջանակում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական ծառայողի՝ կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգևատրման իրավունքը։

Գործադիրը հավանություն է տվել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով, ինչը կապահովի նաև աջակցող միջոցների տրամադրման, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման և  այլ ծառայությունների շարունակական մատուցումը։ Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացն իրականացնել առկա մեխանիզմներով և չափանիշներով, զուգահեռաբար իրականացնելով համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգն արդյունավետ ներդնելու ուղղությամբ։ Աջակցող միջոցների տրամադրումը դարձնել առավել հասցեական, բացառել սուբյեկտիվ որոշումները դրանց երաշխավորության հարցում։ 

A1plus.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն