Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններին զուգահեռ՝ Երևանում Հայաստանի քաղաքական իշխանությունը զբաղված է չափազանց վտանգավոր արկածախնդրությամբ, որի հետևանքները կարող են անդառնալի լինել։

Խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մեկը մյուսին հերթ չտալով՝ հակառուսական ելույթներ են ունենում՝ կոչ անելով Ռուսաստանին կատարել իր դաշնակցային պարտավորությունները և զուգահեռաբար սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը կարող է մտածել այլ կառույցներին դիմելու մասին։

Ու մինչև Վլադիմիր Պուտինը կհասցներ ուշքի գալ Լուսինե Բադալյանի և Արփի Դավոյանի սթափության կոչերից, հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուաստանին՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Ֆորմալ, իրավական առումով իշխանությունը ճիշտ է վարվել՝ դիմելով Ռուսաստանին։

Բայց բանական որևէ բացատրություն հնարավոր չէ գտնել երևույթին, երբ որևէ պետություն գործադիր իշխանության մակարդակով դիմում է մեկ այլ պետության՝ օգնության խնդրանքով, իսկ նրա օրենսդիր իշխանությունը, որը, ինչպես բոլորին է հայտնի, որևէ քայլ կատարում է միայն մեկ մարդու ցուցումով, զբաղված է այդ նույն երկրին ուղղված շանտաժով ու սպառնալիքով։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով դիմում է Մոսկվային, մյուս ձեռքով գրում է սեփական խմբակցության պատգամավորների հակառուսական ելույթների տեքստերը։ Սա չափազանց վտանգավոր, պայթյունավտանգ ավանտյուրա է, որի հետևանքները կարող են կործանարար լինել մեր երկրի ու քաղաքացիների համար։

Ընդ որում, դա վերաբերում է անգամ այն դեպքին, եթե նույնիսկ ճիշտ են վարկածները կամ կարծիքները, որ Ադրբեջանը վերջին սադրանքներին դիմում է ոչ առանց Ռուսաստանի համաձայնության։ Դա ևս բացառելի չէ։ Բայց եթե դա այդպես է, անգամ այդ պայմաններում սպառնալ Ռուսաստանին՝ նշանակում է՝ բազմակատկել այն վտանգը, որ կարող է նաև ռուսական դրդմամբ գալ Ադրբեջանի կողմից։

Ընդ որում, կատարվողի մեջ ռուսական հետքի մասին վարկածներից շատերի հիմքում ընկած է ենթադրությունը, որ սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է խորամանկել և հետ կանգնել նաև, իսկ առաջին հերթին՝ Ռուսաստանի առջև ստանձնած պարտավորություններից, ինչի պատասխանն է սահմանին տիրող իրավիճակը։

Այդ դեպքում գոյության իրավունք են ստանում նաև այն կարծիքները, որ տեղի ունեցողը իրականում մեծ աշխարհաքաղաքական օպերացիայի մաս է, որով հնարավոր է՝ սկիզբ է դրվում տարածաշրջանից Ռուսաստանի դուրսբերման գործընթացին։ Կամ ավարտվում է արդեն իսկ սկսված այդ գործընթացը։

Բայց անկախ նրանից, թե նշված վարկածներից ո՞րն է համապատասխանում իրականությանը, փաստացի պատերազմական իրավիճակում դեռևս միակ դաշնակցին հայհոյելը նշանակում է՝ բազմապատկել սպառնալիքը։ Եթե անգամ դաշնակիցը լավը չէ կամ իրեն պահում է ոչ հուսալի գործընկերոջ նման։

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անգամ պատկանելությունը այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքին՝ քննարկելի հարցեր են, բայց դրանք պետք է քննարկվեն հանգիստ, ոչ պատերազմական պայմաններում։ Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունը փաստացի պատերազմական իրավիճակում գործնականում զբաղված է դաշնակից փոխելով։

Լիլուին կամ տեքստասաց որևէ մեկին, բնականաբար, չեն բացատրել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելու հայտարարության հաջորդ պահին ՆԱՏՕ-ի կործանիչները չեն հայտնվելու հայ-ադրբեջանական սահմանին, բայց նրանք դեմքի անվրդով արտահայտությամբ կարդում են իրենց թելադրվածը՝ հասկանալով կամ ոչ, որ դրանով մահաբեր սպառնալիք են ստեղծում սահմանին այս պահին կանգնած զինված ուժերի համար։

Նիկոլ Փաշինյանը չափազանց վտանգավոր խաղ է սկսել, որի համար, սակայն, իրենց կյանքով կարող են վճարել հայ զինվորներն ու սահմանային բնակավայրերի բնակիչները։

Աստված պահապան հայ ժողովրդին։

Հարություն Ավետիսյան

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն