«Թշնամու ուզածը մեկ բան է՝ «միջանցքը», և այդ տրամաբանության մեջ նա փորձում է Հայաստանի հետ դեմ առ դեմ հարց լուծել». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանին, սպասելի էր, և պատկան մարմինները պետք է կանխատեսեին, որ տեղի են ունենալու նմանատիպ զարգացումներ։
«Այս մասին ինքս բազմիցս բարձրաձայնել եմ, որ հնարավոր են լոկալ ռազմական գործողություններ, ընդհուպ հնարավոր է «բլից-կրիգ», այնպես որ, այս ամենը այդ տրամաբանության մեջ է։ Թշնամու ուզածը մեկ բան է՝ «միջանցքը», և այդ տրամաբանության մեջ նա փորձում է Հայաստանի հետ դեմ առ դեմ հարց լուծել՝ առանց որևէ պետության միջնորդության, քանի որ նախկինում դրան դեմ գնացին մի քանի պետություն, այդ թվում՝ Իրանը։ Ադրբեջանը փորձում է ռազմական ճանապարհով Հայաստանի իշխանությանը պարտադրել «միջանցքի» տրամադրում։ Եթե այսպես չկարողանան հասնել իրենց ուզածին, գուցե «բլից-կրիգի» միջոցով կարողանան հասնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները կդադարեցվեն, Հայաստանին կփորձեն պարտադրել ինչ-որ փաստաթղթերի ստորագրում, ինչ-որ «միջանցքի» տրամաբանության մեջ ինչ-որ բաների ստորագրում։ Եթե թշնամուն այս ամենը չհաջողվի, ապա «բլից-կրիգը» կօգտոգործի որպես ինդիկատոր՝ հայտնաբերելու Հայաստանի թույլ կողմերը, որի դեպքում կլինի լայնածավալ ռազմական գործողություններ։
Ինչ վերաբերում է հայկական կողմի երկու դիրքերի կորստին, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ հատկապես Սյունիքում բոլոր դիրքերը ռազմավարական նշանակություն ունեն։
«Թշնամին հենց ձգտում էր առանց պատերազմի, վախեցնելով՝ լավ դիրքերը վերցնել իր հսկողության տակ՝ մեզ զրկելով իրենց վրա որևէ ազդեցություն ունենալուց։ Այդ երկու դիրքերը բավականին կարևոր դիրքեր էին, բայց այստեղ կարևորն այն է, որ դրանք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, և մեր սուվերեն տարածքում չկա ոչ կարևոր դիրք ու տարածք։ Մենք մեկ տարվա ընթացքում այդ դիրքերը պետք է կահավորեինք, փոխարենը՝ գնացին ընտրությունների ու ներքաղաքական խժդժությունների»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
168.am