Գլխավոր դատախազը ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն հանդիպում է ունեցել մեր երկրում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատի հետ: Այս մասին հայտնում է Դատախազությունը:
Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանն ընդգծել է բոլոր ոլորտներում հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը և բարեկամական բնույթը՝ շեշտելով, որ չնայած դրան՝ իրավական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացման չիրացված ներուժ կա:
Նա հույս է հայտնել, որ ՀՀ դատախազության և ԵԱՀ-ի դեսպանատան միջև առավել անմիջական հաղորդակցության հաստատումը կնպաստի այս ուղղությամբ երկկողմ հետաքրքրության և շահագրգռության մեծացմանը, ինչի համար կարևոր հիմք է հանդիսանում բավարար իրավական բազայի առկայությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների մեծացման հանգամանքով և դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ:
Դեսպան Բահաա Էլ Դին Բահգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել իր երկրի պատրաստակամությունը նաև իրավական ոլոտում հարաբերությունների ընդլայնման հարցում՝ նշելով, որ իրենք պատրաստ են քննարկելու այս հայ-եգիպտական բազմավեկտոր օրակարգը նաև այս ուղղությամբ հարստացնելու առաջարկները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցի կազմակերպման, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցության հեռանկարների և իրավական բազան երկու երկրների դատախազությունների կարողությունների զզարգացման արդի կարիքներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: