Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է երկարացնել մինչև 2036 թվականը, որից հետո Հայաստանը պետք է էլեկտրաէներգիայի արտադրության լրացուցիչ նոր աղբյուր ունենա: Մինչև 2035թ․-ը  Հայաստանում նախատեսվում է կառուցել ու շահագործել նոր ատոմակայան: Հարցը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների հետ քննարկման առանցքում է, հենց այդ շրջանակում է նաև այս օրերին  ընկերության տնօրենի այցը Հայաստան: Ռուսաստանը միջուկային ոլորտում երկարամյա փորձ ունի, որի հուսալիությունը, փորձագետների կարծիքով, երաշխավորված է։

Հոկտեմբերի 17-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը միացավ միասնական էներգահամակարգին: Մայիսի 15-ից  դադարի ռեժիմում գտնվող ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը պլանային նախազգուշական վերանորոգում էր անցնում, որը 141 օր տևեց: Երկարատև վերանորոգումն ուղղված էր էներգաբլոկի անվտանգ շահագործմանը՝  ասում է ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

«Օրերս կարևոր փուլ ավարտվեց՝  իրականացվեցին  մեր ատոմակայանի  2-րդ բլոկի  ջերմային թրծման աշխատանքները: Դրանք շատ կարևոր նշանակություն ունեն՝ շահագործման ժամկետները երկարացնելու համար: Վերականգնվեցին իրանի մետաղի ունակությունները և  բոլոր հիմքերը  կան, որ  2-րդ էներգաբլոկը հուսալիորեն կշահագործվի մինչև 2026թ»:

Փորձագետը նշում է նաև, որ մասնագետների հետ հստակեցվել են այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացնել 2026–ից հետո՝  շահագործման ժամկետն ավելացնելով ևս 10 տարով՝ նախատեսելով  2036 թվականին  այն դուրս  հանել շահագործումից: Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով  կառավարությունն առաջնահերթություն  է համարում նոր ատոմակայանի կառուցումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այս մասին խոսել է Արմավիրում՝ աշխատանքային 100-րդ օրն ամփոփելիս.

«Գործող ատոմակայանի տեխնիկական վիճակի մասին քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացման, որ ՀԱԷԿ-ը կարող է աշխատել մինչև 2036թ, իսկ դա նշանակում է, որ դրանից առաջ  պետք է պատրաստվել և իրականացնել  նոր բլոկի կառուցման աշխատանքները»:

Նոր էներգաբլոկի կառուցումը տևելու է 7-10 տարի, աշխատանքը նախատեսվում է սկսել  2026թ-ից : Բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ։  Հենց այդ շրջանակներում է Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը այցը Հայաստան։

Կառավարության ներկայացուցիչները զուգահեռաբար դիտարկում են մոդուլային փոքր էլեկտրաբլոկների շահագործման հնարավորությունը։ Այդ մասին, մասնավորապես, Սյունիքում խոսել էր նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այն է՝ երկարացնել ՀՀ-ում առկա ատոմակայանի կյանքը, նոր էներգաբլոկների կառուցումը: Նպատակ կա Հայաստանում ունենալ 55 մգվ-ոց  մի քանի փոքրիկ նոր էներգաբլոկներ, որոնք թույլ կտանզ զարգացնելու  ոչ միայն այս ոլորտը, նաև՝ դրանից բխող այլ ճյուղեր»:

Սուրեն Պապիկյանը էներգառեսուրսների անհրաժեշտությունը  կարևորում է նոր արտադրություն սկսելու և արդյունաբերության  տարբեր ճյուղերը զարգացնելու համար: Սյունիքում քննարկվել էր նաև  պղնձի խտանյութը Հայաստանում վերամշակելու,  պղնձաձուլարան կառուցելու, պղնձի ձուլածոյից տարբեր ապրանքատեսակներ արտադրելու հարցը։ Իսկ այս արտադրությունը  մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի սպառում է ենթադրում:

Պապիկյանի նշած մոդուլային փոքր էներգաբլոկները նոր տեխնոլոգիաներ են աշխարհում՝ 1-2 տարվա  փորձով։ Դրանց  հուսալի շահագործման պատմության մասին վաղ է խոսել՝ կարծիք է հայտնում ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը.

«Մոդուլային փոքր էներգաբլոկները  դեռ լայն կիրառություն չունեն, իսկ ատոմային էներգետիկան շատ կոնսերվատիվ ոլորտ է: Այստեղ իմաստ ունի կիրառել և օգտագործել այն տեխնոլոգիաները, որոնք տասնամյակներ ի վեր ապացուցել են բացարձակ հուսալիություն: Մեր ռեակտորները դրանց շարքից են: Իսկ մոդուլային ռեակտորներն ամբողջ աշխարհում ընդամենը 1-2 տարվա փորձ ունեն»:

Հարցերը, թե ատոմային նոր էներգաբլոկն ինչպիսի ռեակտոր է ունենալու, ինչ տեխնոլոգիաներով և ինչ հարթակի վրա  է կառուցվելու, ռուսական  կողմի հետ քննարկումների առանցքում են:  Արա Մարջանյանի գնահատմամբ՝ նոր էներգաբլոկը պետք է ունենա 1000 մգվ հզորություն , իսկ 2035թ-ին արդեն պետք է շահագործվի:

 «Դա բավականին ծավալուն աշխատանք է՝ ատոմային բլոկները շահագործումից անվտանգ դուրս հանելու, այնուհետև դա դարձնելու կանաչ տարածք: Անգլերենում  տերմին կա green field, ատոմակայանի տեղը թողնում են կանաչ մարգագետին»:

Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանն ու  Հայաստանը համագործակցության  երկարամյա փորձ ունեն: Սա, Մարջանյանի կարծիքով,  ավելի տրամաբանական ու բնականոն է դարձնում Ռուսաստանի մասնակցությունը:  Բայց փորձագետը նաև նշում է, որ  Հայաստանը կաշկանդված չէ նոր գործընկերների որոնման հարցում,  և հնարավոր է   Ֆրանսիայի, Կանադայի, Շվեդիայի, Չինաստանի, ինչպես նաև Հարավային Կորեայի միջուկային ոլորտի մասնագետների ներգրավումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն