Թուրքիան ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի մարզում Հայաստանի գործողությունները համարում է «ահաբեկչական հարձակում» և խոստանում է «մենակ չթողնել» Ադրբեջանին ստեղծված իրավիճակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մենք չենք լքի մեր եղբայրական Ադրբեջանին։ Եկեք նայենք քայլերին, որոնք ձեռնարկել է Ադրբեջանը՝ վերադարձնելով իր հողերը։ Իրագործվել են շատ կարևոր նախագծեր տարածաշրջանում կայունության համար, նա առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր։ Մյուս կողմից՝ Հայաստանը ներխուժել է ադրբեջանական հողեր հրադադարից անմիջապես հետո ու հարձակվել ադրբեջանցի զինծառայողների վրա։ Դա ահաբեկչական հարձակում է»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Չավուշօղլուից այլ բան սպասել պետք չէ, սակայն պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ մենք նման դաշնակիցներ չունենք․«1991 թվականից սկսած իրենք հայտարարում են, որ Ադրբեջանի կողքին են ու ակնհայտ է, որ  տեղի ունեցածի պատասխանատվությունը պետք է բարդեին Հայաստանի վրա։ Չավուշօղլուն, սակայն, մեզ համար այնքան մտահոգիչ չէ, որքան Պուտինը։ Օրինակ՝ նոյեմբերի 16-ին Ինտեֆրաքսը, Ռիա Նովոստին ու մյուս  լրատվամիջոցները իրավիճակը նույն կերպ լուսաբանեցին՝ ճշմարտությունը չգրեցին, չասացին, թե որ կողմն է  սադրիչը։ Միայն ասում են, որ կռիվները դադարեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Շոյգույն դիմեց կողմերին։ Միաժամանակ նշում են, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ ելնելով 1997 թվականի Հայաստան-Ռուսաստան բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրին։ Իրականում ՝ Հայաստանը դիմել էր նոյեմբերի 16-ի առավոտյան, ՏԱՍՍ-ն իր կայքէջում դիմումի մասին նյութ  էր տեղադրել, հետո հանել ։ Դա ինքնին հիմք է տալիս ենթադրելու, որ Մոսկվայի մատը խառն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանը նշում է՝ ըստ Ինտերֆաքսի մայիսի 12-ին նույնպես մթնոլորտը շիկացել էր, սակայն դա իրականությանը չի համապատասխանում․«Նոյեմբերի 11-ին Լավրովն այցելել էր տարածաշրջան,  հաջորդ օրը ադրբեջանական զորքերը ներխուժել էին Զանգեզուր։ Այսօր նույնպես Մոսկվայի մատը խառն է, որովհետև Միացյալ Նահանգներն ու եվրոպական կառույցները բախումների հարցով աննախադեպ ակտիվացել են։ Վիեննայում համանախագահներն են քննարկում սահմանի հարցը, Պետքարտուղարությունն ու Ֆրանսիայի  արտգործնախարարությունը հայտարարություններ են արել, նաև ուշագրավ հայտարարությամբ է  հանդես եկել Եվրախորհրդի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կան ագրեսոր ու ագրեսիայի ենթարկված կողմեր։ Նաև ընդգծել է, որ Հայաստանին չի կարելի թողնել Ռուսաստանի ձեռքերի մեջ։ Այսինքն՝ իրենք գիտեն, որ Ռուսաստանի մատը խառն է։ Իսկ ինչո՞ւ է խառը, որովհետև ի չիգ են դառնում այն բոլոր հայատյաց գործողությունները, որոնք իրենց նախաձեռնել էին Հայաստանի նկատմամբ»։

Իսկ թե ինչու մենք Թուրքիայի նման դաշնակից չունենք, թուրքագետը կարծում է, որ ինչ-որ տեղ սա նաև վատ դիվանագիտության պատճառով է․«Բայց նաև մենք պատրանք ենք ստեղծել, թե Ռուսաստանը մեր փրկարարն է ու դարձել ենք այդ պատրանքի գերին։ Մինչև դրանից չձերբազատվենք, չենք կարող խոսել ո՛չ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ո՛չ էլ անկախության մասին։ Երբ մեր իշխանավորները դիմում են Ռուսաստանին՝ համարելով նրան մեր դաշնակիցը, ի՞նչ են մտածում։ Մենք այդ «դաշնակցության» մեջ գաղութ ենք, դժբախտաբար Փաշինյանի կառավարությունը չի կարողանում ըստ արժանավույն պատասխանել։Ես նկատի չունեմ, որ Ռուսաստանի չարագործություններին պետք է պատասխանենք  նույն ուժգնությամբ, Հայաստանը դրա հնարավորությունը չունի, բայց գոնե ունի հնարավորություն մեկ անգամ պաշտոնական հաղորդագրությամբ դատապարտել Մոսկվայի ստոր քաղաքականությունը։ Ինչու՞ մինչև հիմա դա չի արվել։ Ի՞նչ է  նշանակում լավագույն ընկեր հռչակել Էրդողանին, երբ վերջինս հայտարարում է, որ իրենք այս պատերազմին մասնակցում են, որ վերջնական ավարտին հասցնենք 1915 թվականին երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Միթե՞ Հայաստանում սա չեն տեսնում ու լսում»,-հարցադրում արեց Չաքրյանը։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն