Կրեմլից տեղեկություն է ստացվել նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին: Անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի տարելիցին նվիրված ավելի վաղ նախաձեռնվող հնարավոր հանդիպմանն ու դրա չհաստատմանը՝ կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը որպես պատճառ նշում է զինված սահմանային բախումները, «մեկօրյա պատերազմը» և բողոքի ակցիաները Երևանում, որի մասնակիցները պահանջում են Փաշինյանից գաղտնազերծել Ալիևի հետ ստրոգրվելիք փաստաթղթերը:

Հիշատակելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպման մասին՝ քաղաքագետը հարց է առաջ բերում, թե ի՞նչ են, մասնավորապես, Ալիևն ու Փաշինյանը քննարկելու Սոչիում: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Հատկապես ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական զարգացման և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին:

Այս մասին գործակալությունը զրուցել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հետ, որի խոսքով՝ «հակամարտությունը բաժանվել է երկու բաղադրիչի՝ առանձին ղարաբաղյան գոտի և առանձին միջպետական սահման, որի մասին կարող են բանակցել Ալիևն ու Փաշինյանը Սոչիում»:

Նրա կարծիքով՝ ղեկավարները կարող են կամ կքննարկեն այսպես կոչված՝ նախնական պայմանագրի, այսինքն՝ վերջնական խաղաղ պայմանագրի համար հիմք հանդիսացող նախնական համաձայնագրի կնքման հարցը: Միևնույն ժամանակ նա նշում է, որ Փաշինյանը պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: «Սակայն կա նյուանս. Բաքուն կառաջարկի լուծել Ղարաբաղում հայերի ինքնորոշման հարցը: Այսինքն՝ Հայաստանը կարող է մի կողմ քաշվել՝ տեղը զիջելով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ուժերի նման դասավորվածությունը ձեռք չի տալիս Ադրբեջանին, և Ադրբեջանը պետք է կողմնորոշվի Մինսկի խմբի նկատմամբ հարաբերությունների հարցում»,- նշում է դիվանագետը:

Սոչիում կայանալիք հանդիպման մասին լուրից բացի Տարասովն ուշադրություն է հրավիրում նաև զուգահեռ Հայաստանից տարածված հայտարարությանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: «Այստեղ ևս կան նրբերանգներ: Բանն այն է, որ սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանը վրացի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով առաջարկել է հանդիպել, սակայն Էրդողանի խոսքով՝ որպեսզի հանդիպումը կայանա, Երևանը «պետք է հստակ քայլեր նախաձեռնի այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցում: Հայաստանից ի պատասխան հայտարարել են, որ «միջանցքային տրամաբանությունը» հայկական կողմի համար անընդունելի է, սակայն Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումներին»,- գրում է Տարասովը՝ նշելով, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Էրդողանին չի գոհացրել այն իրավիճակը, որում Վրաստանն է հանդես գալիս որպես միջնորդ Հայաստանի հետ հարաբերություններում, թեև Անկարայում հասկանում են, որ «վրացական հետքը տանում է դեպի Արևմուտք»: 

«Վրաստանը նախատեսում է միջնորդի դերում կամ ԱՄՆ-ին, կամ Ռուսաստանին, որպեսզի նրանց առաջ որոշակի պարտականություններ դնի: Բաքուն Թբիլիսիի «կանոններով խաղաց»՝ համաձայնելով 15 հայ գերու վերադարձնել: Անկարան նույնկերպ կարող էր վարվել, եթե Թբիլիսին աջակցեր Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափին, սակայն դա տեղի չունեցավ: Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարեց իր մասնակցությամբ եռակողմ ձևաչափի առաջ քաշման մասին: Նման խաղ ինքնուրույն վարելու համար լուրջ ռեսուրսներ է պետք ունենալ, որոնք Թբիլիսին չունի: Միևնույն ժամանակ նրա արտասահմանյան հովանավորները որոշել են չբացահայտել իրենց: Դրան գումարած, Հայաստանին չի հաջողվել քանդել թուրք-ադրբեջանական քաղաքական-դիվանագիտական  տանդեմը, և այժմ փորձում է այդ խնդրի լուծումը բարդել ռուսական դիվանագիտության ուսերին»,- գրում է քաղաքագետը:

«Այս առումով հարց է առաջանում՝ արդյոք արժի, որ Ռուսաստանը կատարի միջնորդի դերն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Մոսկվայի ինչի՞ն է պետք տարածաշրջանում «արդյունավետ միջնորդի» դատարակ դափնիները՝ հաշվի առնելով, որ Փաշինյանն ավելի վաղ փորձել է այդ խաղը խաղալ Արևմուտքի հետ: Սակայն Հայաստանը սեղվել է երկու թյուրքական պետության միջև և չի կարող ինքնուրույն պայմանավորվել նրանց հետ: Երբեմն թվում է, որ Հայաստանում Մոսկվային փորձոմ են օգտագործել որպես «հրշեջ հաշվարկ», որը շագանակներ է հանում կրակից ուրիշների համար»,- եզրափակում է փորձագետը: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն