Նախօրեին կառավարությունը հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

Համաձայն նախագծի, առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային եւ վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի եւ գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվությունը կփոխանցվի վարչական մասի ղեկավարին: Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային եւ վարչատնտեսական: Վարչական ղեկավարը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն: Առաջարկվող մոդելով՝ վարչատնտեսական մասի կառավարիչը կիրականացնի դպրոցի վարչական, տնտեսական եւ ֆինանսական կառավարումը՝ ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնելով միայն ուսումնական գործընթացի պլանավորում։

Մեկ այլ փոփոխությամբ` տնօրենի թափուր պաշտոնը կհամալրվի ոչ թե մրցույթի, այլ նշանակման միջոցով. այդ գործառույթն առաջարկվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը: Կառավարման խորհրդի կողմից հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածուներից մեկին կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը, կնշանակի տնօրեն 3 տարի ժամկետով: «Տնօրենի նշանակովի լինելը թույլ կտա լուծել արմատացած այն խնդիրը, երբ կոլեգիալ կառավարման մարմինը վերածվում էր ընդամենը տնօրեն ընտրող ոչ մասնագիտական մարմնի: Ընդ որում` կառավարման խորհուրդը կունենա տնօրենին անվստահություն հայտնելու իրավունք` հավասարակշռելով նշանակման սկզբունքը»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը:

Երեւանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ու առավելություններ ունի այս նախագիծը։ «Դա երեխայի ուսման որակը բարձրացնո՞ւմ է, եթե բարձրացնում է ուսման որակը, ես դեմ չեմ․․․ Ես չեմ հասկանում՝ այս նախագիծն ինչքանո՞վ է նպաստելու երեխայի կրթության զարգացմանը․․․»,- ակնհայտ դժգոհությամբ նկատեց դպրոցի տնօրենը։

Շատերի կարծիքով, դպրոցներում 2 տնօրեն պահելով՝ իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ վերցնել դպրոցները, ինչին ի պատասխան՝ տնօրենը նկատեց․ «Էլի վերահսկողության տակ թող վերցնեն դպրոցները․․․ էնպես չէ, որ մենք վերահսկողության տակ չենք․․․, բայց դպրոցին կամ աշակերտին ինչքանո՞վ է դա օգուտ բերում, ի վերջո՝ դպրոցն աշակերտի համար է, ես այստեղ չեմ տեսնում, որ դրա միջոցով աշակերտի ուսման որակը պիտի բարձրանա։ Ես ավելի նպատակային կգտնեի, որ աշակերտների թիվը նվազեցվեր, ծրագրերը բեռնաթափվեին։ Եթե մենք դպրոց ենք ուզում, պետք է առաջինը երեխայի շահը տեսնենք, իսկ այստեղ ինձ թվում է՝ լրիվ ուրիշ հարցեր են․․․»։

Այս փոփոխության տրամաբանությունը Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ բացատրեց նրանով, թե ուզում են, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության որակի վրա եւ հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտի, տանիքի, խողովակի, սալիկի եւ այլ հարցերով: Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում են կրթական մասի կառավարումից: «Բայց չէ՞ որ մենք ունենք փոխտնօրեններ, որոնք այդ գործն իրականացնում են եւ վատ էլ չեն իրականացնում, մենք էլ վերահսկում ենք իրենց աշխատանքը՝ ինչո՞ւմն է խնդիրը։ Իսկ եթե դուռ-լուսամուտի հարցն է, թող գործադիրն ինքը գա, ինքը վերանորոգի եւ ոչ էլ գումար տա դպրոցին։ Նախկինում ինչպե՞ս էր լինում՝ գույքն էլ էին իրենք տալիս, դուռն էլ էին փոխում, ահազանգումների դեպքում գալիս սարքում գնում էին, իսկ հիմա այդպես չէ՝ հիմա մենք ենք տնօրինում գումարը, եւ քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցների տնօրենների համար դա խնդիր է, որովհետեւ այդ գումարով դու ոչ մի գործ չես կարող իրականացնել»։

Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ ուզում են դպրոցի տնօրենի աշխատանքը դարձնել չափելի։ «Արդյունքային ցուցանիշներ պետք է սահմանվեն, որ, օրինակ, դպրոցում 5-րդ դասարանի աշակերտը նվազագույն ցուցանիշ պետք է ունենա, ըստ դրա՝ կարող ենք չափել դպրոցի տնօրենի աշխատանքը»,- ի պատասխան Փաշինյանի այս հայտարարությանը, դպրոցի տնօրենը զարմանում է․ «Հատկանիշների չափելիությունը ո՞րն է, ուզում եմ հասկանամ, էլի․․․ եթե կան չափելիության հատկանիշներ, խնդիր չէ, թող այդ չափելիության հատկանիշներով դնեն տեսնեն, թե ինչ է արվում»։

Համաձայն օրինագծի, նշանակված տնօրենները մեկ տարի կլինեն անձեռնմխելի: Մեկ տարի հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել: 3 տարին մեկ նրանց գործունեությունը եւ արդյունքները պետք է ստուգվեն: Դպրոցի տնօրենը կարծում է, որ սա ավելի խառնաշփոթ վիճակ  կստեղծի․ «Այս դեպքում ո՞վ է ղեկավարելու դպրոցը, շատ դժվար է այս հարցը․ եթե լինելու է 2 տնօրեն, այդ ուսուցիչներն ո՞ւմ են ենթարկվելու, հստակ դրված չէ, այդ պարզաբանումները չկան։ Հետո՝ կնիքն ո՞ւմ մոտ է լինելու, ի վերջո, սա դպրոց է, բոլորը պետք է իմանան դա։ Կարծում եմ՝ որտեղ 2 տնօրեն կա, այնտեղ արդեն ինչ-որ բան ճիշտ չէ․ ինչքան էլ որ վարչատնտեսական գծով տնօրենը նշանակովի է,  ուսումնական գծով տնօրենը պետք է քննություն տա, հավաստագիր ստանա»։

Ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ավելի շատ դեմ ձայներ ստացած այս նախագիծը կառավարությունն արագ ընդունեց, ո՞րն է կառավարության մոտիվացիան։ «Վերահսկողության տա՞կ պահել դպրոցը․․․ չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ, առանց այն էլ այս հանրապետությունում ամենաաշխատող օղակը դպրոցն է»։

Նախագիծը թեպետ ուղարկվել է դպրոցներին, տնօրեններն ու մանկավարժներն էլ իրենց դիտարկումներն արել են, բայց, ինչպես նկատում է տնօրենը, «ինքներդ եք տեսնում, թե որքանով են հաշվի առնվել այդ դիտարկումները»։ Այս օրինագծի հետ կապված՝ դպրոցների մտահոգությունը հասկանալի է․ վարչատնտեսական մասով կառավարիչներ կնշանակվեն իշխանությունների յուրայինները, որոնք իրենց վերահսկողության տակ կպահեն դպրոցի բյուջեն։   

Հավելենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի, հետեւաբար, այն արագորեն կներկայացվի Ազգային ժողով եւ կքննարկվի արագընթաց ռեժիմով: Ո՞ւր է շտապում Փաշինյանի իշխանությունը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն