Սոչիից հետո Իրանի և Թուրքիայի նախագահների հրատապ հանդիպումը
Աշխաբադում տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներ Էրդողանի ու Ռեյիսիի առանձնազրույցը, որը տևել է մոտ 30 րոպե: Այդ առանձնազրույցը առաջինն է Իրանի նոր նախագահի պաշտոնամուտից ի վեր: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Աշխաբաթի այդ հանդիպման մասին նախապես չի եղել խոսք: Ավելին, երբ նոյեմբերի առաջին տասնօրյակում Իրան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, նրա այցի շրջանակում ազդարարվեց Էրդողանի սպասվելիք այցը Իրան, սակայն խոսք չկար առաջիկա օրերին Աշխաբադում տեղի ունենալիք Վեհաժողովում նրանց հնարավոր հանդիպման մասին: Ըստ այդմ, հնարավոր է թերևս եզրակացնել, որ Աշխաբադում տեղի է ունեցել որոշակիորեն հատապ, այսպես ասած անհրաժեշտ հանդիպում: Եվ այստեղ ահա ուշադրության է արժանի փաստը, որ Աշխաբադի հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից մեկ օր անց:
Արդյո՞ք Սոչին է առաջացրել Էրդողան-Ռայիսի հրատապ հանդիպման անհրաժեշտությունը: Համենայնդեպս խիստ ուշագրավ է և այն, որ հանդիպման վերաբերյալ բովանդակային տեղեկատվությունը կարծես թե առավելապես սահմանափակվում է թե Էրրդողանի, թե Ռայիսիի այն մտքով, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծել ռեգիոնալ ձևաչափով և այլ սուբյեկտների ներգրավվածությունը կարող է միայն խանգարել: Ինչո՞ւ են Անկարան ու Թեհրանը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո որոշել հանդիպել ամենաբարձր մակարդակով՝ օգտագործելով Աշխաբադում Վեհաժողովի հարթակը, և հիշեցնել ռեգիոնալ ձևաչափի կամ այսպես ասած «3+3»-ի մասին, և ու՞մ են հիշեցնում՝ Ռուսաստանի՞ն: Բայց չէ՞ որ Ռուսաստանը կարծես թե կողմ է արտահայտվում «3+3»-ին և անգամ հայտարարում, որ պետք է շտապել: Ամբողջ հարցն այստեղ թերևս այն է, որ ՌԴ հրապարակային այդ հայտարարությունների ներքո կա իրական քաղաքական մտադրությունների թերևս բոլորովին այլ կառուցվածք, և ինչպես առիթ եմ ունեցել նշելու մի շարք հրապարակումներում, Ռուսաստանը գործնականում չունի «3+3»-ով ռեգիոնալ հարցեր սահմանափակելու մտադրություն: Ռուսաստանի խնդիրն է հասնել ռեգիոնալ առանձնահատուկ ռազմա-քաղաքական դերակատարման և այդ հանգամանքը կապիտալիզացնել նոր աշխարհակարգի վերաբերյալ Արևմուտքի կամ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների հետ նոր պայմանավորվածություններով, այդպիսով այսպես ասած վերադարձննելով Կովկասը միջազգայնորեն ճանաչված իր ազդեցության գոտու «կարգավիճակ»: Սոչիի հանդիպումը եռակողմ ձևւաչափի հերթական հանգրվան լինելուց զատ և գուցե դրանից առավել, ըստ էության այդ ավելի լայն գործընթացի մասն է, ինչն էլ անհանգստություն է առաջացրել Թուրքիայի և Իրանի մոտ, բերելով Էրդողան-Ռայիսի հանդիպման: Ընդ որում, այստեղ ուշադրության է արժանի նաև մեկ այլ հանգամանք: Սոչիից առաջ տեղի ունեցավ վրաց-ռուսական բանակցության հերթական փուլը, իհարկե առցանց:
Վրաստանի բանակցող Աբաշիձեն և Ռուսաստանի բանակցող Կարասինը քննարկել էին երկկողմ հարցեր, այդ թվում ճանապարհների հաղորդուղիների հարցը, որ վրաց-ռուսական այդ բանակցության օրակարգում է: Եվ այդ հանդիպումից հետո Աբաշիձեն հերթական անգամ հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3»-ին է: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Թբիլիսին ուղիղ բանակցում է Մոսկվայի հետ, անգամ վարչապետի մակարդակով հայտնում ավելի բարձր մակարդակի բանակցության պատրաստ լինելու մասին, բայց հայտարարում, որ Ռուսաստանի հետ չի լինի ռեգիոնալ որևէ ձևաչափում: Գործնականում սակայն, Վրաստանը չի ցանկանում այդ ձևաչափով ավելի ամրացնել Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը և այդ հարցում անկասկած ընդհանուր շահեր կան ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ հետ:
1in.am