Ոչ թե 2, այլ գոնե՝ 3
Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս ասում էին, որ այսուհետ դպրոցները կունենան ոչ թե 1, այլ 2 տնօրեն: Նրանցից մեկը կղեկավարի մասնագիտական՝ զուտ կրթական ոլորտը, մյուսը՝ մնացած, այսինքն՝ տնտեսական, ֆինանսական, կազմակերպչական եւ այլն: Սա, իհարկե, կարելի է համարել կտրուկ փոփոխություն դպրոցի կառավարման առումով, սակայն չեմ կարծում, որ այս մոտեցումը խորը հիմնավորումներ ունի, եւ հիմնական մոտիվացիան այն է, որ տնօրենը բեռնաթափվի, ժամանակ չկորցնի վարչական հարցերի վրա, ողջ ժամանակը տրամադրի մասնագիտական հարցերի լուծմանը: Ահա, հենց այստեղ էլ մի շարք հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կարեւոր են՝ հասկանալու համար՝ նման առանցքային փոփոխությունն իմաստ ունի՞, թե՞ ոչ:
Մի՞թե հնարավոր է իրարից տարանջատել այդ հարցերը, որ երկու տնօրեններից ամեն մեկն իր գործն անի, եւ կարիք չառաջանա մյուսի միջամտության։ Ավելին՝ այն չբերի երկու տնօրենների շահերի բախման ու մտնի փակուղի։ Վերջնական որոշումը պետք է կայացվի նրանց համաձայնության արդյունքում, որը տեղի չի ունենա, եթե նրանք ունենան տրամագծորեն հակառակ մոտեցումներ (երկու հոգու միջեւ քվեարկություն անել էլ հնարավոր չէ): Իսկ ինչո՞վ է տուժում դպրոցի կառավարումը, եթե կա տնօրեն եւ տնտեսական, ֆինանսական գծով փոխտնօրեն, ով կանոնադրությամբ կունենա սահմանված գործառույթներ, սակայն կենթարկվի տնօրենին, եւ դպրոցը կղեկավարվի ու կկառավարվի մեկ կետից՝ տնօրենի կողմից, ով էլ կկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը: Ի՞նչ է փոխվում, եթե լինի 2 տնօրեն, եւ ոչ մասնագիտական գծով տնօրենը ենթարկվի կրթության քաղաքային կամ մարզային վարչության պետին, եւ փոխտնօրենը ենթարկվի դպրոցի տնօրենին: Գուցե առաջարկվի երե՞ք տնօրեն, ասենք, մեկն էլ՝ կազմակերպչական ու կարգապահության գծով, որպեսզի եթե երկու տնօրենների միջեւ հակասություն լինի, եւ որոշումների կայացումն անհնարին, երրորդի մասնակցությամբ քվեարկությամբ որոշեն:
Իսկ եթե մի շարք հրատապ հարցեր են առաջացել, եւ երկու տնօրեններն էլ հանձնարարական են տվել աշխատակիցներին, առաջին հերթին ո՞ւմ հանձնարարականը պետք է կատարեն նրանք, որպեսզի աշխատանքը չտուժի: Մեկ այլ իրավիճակ. ենթադրենք՝ ուսումնական գծով տնօրենը մի շարք դասասենյակների վերանորոգման կարիք է տեսնում, իսկ մյուս տնօրենը, իր հերթին, ավելի շտապ աշխատանքներ է ծրագրել՝ բովանդակային, այդ պարագայում ի՞նչ առաջնայնությամբ եւ ո՞ր տնօրենի ծրագրած աշխատանքներն են իրականացվելու:
Նորից հակասական վիճակ, որը լուծում չունի: Նմանատիպ իրավիճակներ մշտապես կարող են ծագել, որոնք նորմալ լուծում չունեն, եւ որոնցից դպրոցի աշխատանքը կարող է խաթարվել: Չէ՞ որ կառավարումը ենթադրում է նաեւ աշխատակիցներին հանձնարարականներ տալ եւ ժամանակին կատարել: Կարելի է գալ եզրահանգման, որ դպրոցներում գործ անելու փոխարեն սկսվելու են երկարատեւ հակասություններ ու վեճեր, որն առաջին հերթին խաթարելու է նորմալ աշխատանքային գործընթացը, ինչպես նաեւ փչացնելու է, նախ, այդ երկու տնօրենների, ապա նաեւ կոլեկտիվի անդամների մարդկային եւ աշխատանքային հարաբերությունները, որն ուղիղ գծով բերելու է կոլեկտիվի՝ երկու հակադիր մասերի բաժանման: Էլ չեմ ասում, որ այդ անառողջ մթնոլորտը հնարավոր չի լինելու աշակերտներից ու ծնողներից ծածուկ պահել, որի հետեւանքների մասին ավելորդ է անգամ խոսելը:
Այսինքն, ավելի կարճ ճանապարհ՝ դպրոցի կառավարման գործընթացը խաթարելու, քան նախատեսում է կառավարությունը, ուղղակի հնարավոր չէր գտնել: Ես հասկանում եմ, որ կառավարությունն այնքան է զզվում նախկիններից, որ ուզում է նրանց ժամանակ գոյություն ունեցած ամեն ինչ ջնջել ու արմատախիլ անել, նաեւ փորձում է անխտիր բոլոր ոլորտներում նորարարություններ իրականացնել՝ յուրահատուկ երեւալու համար, սակայն կան բաներ, որոնք կապ չունեն նախկինների հետ, դրանք դարավոր քննություն են անցել: Նոր հեծանիվ հնարում են այն դեպքում, երբ հինն արդեն հնարավոր չէ շահագործել, եւ կա նորի ստեղծման կոնկրետ հիմնավորում, պահանջ եւ արդարացում: Իսկ եթե կառավարությունը վերջնականապես համոզված է իր որոշման արդարացվածության մեջ, ապա խորհուրդ կտայի, նախքան այդ մոդելի ներդրումը, այն 2 կամ 3 դպրոցում փորձարկել: Եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ դպրոցի կառավարման այդ մոդելն արդարացնում է իրեն, հընթացս ծագած որոշակի հարցերի կորելացիաներ անելով՝ կարելի է այն համատարած ներդնել դպրոցական ողջ համակարգում: Հակառակ պարագայում դա կլինի դպրոցական համակարգի ուղիղ գծով կործանում:
Անկեղծ ասած, չգիտեմ, թե ովքեր են այն «խելոքները», որոնք նման խորհուրդ են տվել վարչապետին, սակայն նրանք պետք է նույն խորհուրդը տային եթե ոչ բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպություններին, ապա գոնե նրանց մեծամասնության համար կիրառել այդ նույն մոտեցումը, քանզի բովանդակային առումով կառավարման սկզբունքները բոլորի դեպքում նույնն են:
Վստահ եմ՝ եթե ուզում ես դպրոցի կառավարումը խաթարել, նշանակիր 2 տնօրեն:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Hraparak.am