Գերիների մեսիջ-հրահանգը իջեցվել էր դեռ նոյեմբերի 17-ին
Նոյեմբերի 17-ին Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ փորձեց գերիներին հերոսից հակահերոս ներկայացնել։ Դա, իհարկե, արեց զգուշորեն եւ ոչ այնքան կոպիտ, ինչպես արտահայտվում է Ալեն Սիմոնյանն այսօր տարածված տեսանյութում։ Ասաց․ «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, յուրաքանչյուր դեպքը պետք է քննենք»,-ասաց նա:
Մարդը իր պարտականությունը՝ որպես երկրի ղեկավար, գերեվարված անձանց ազատելու եւ տուն վերադարձնելու հետ կապված, իր վրայից գցեց։ Ավելին՝ հասկացրեց, որ գերիները հանցագործներ են եւ եթե անգամ բերենք, ապա մենք ենք նրանց դատելու։ Բայց չգիտես ինչու այս հայտարարությունն այնպիսի աղմուկ չբարձրացրեց, ինչպես Ալեն Սիմոնյանի այսօրվա ասածը, որով նա ընդամենը, որպես շարքային ուսապարկ, կրկնում էր իր շեֆի՝ վարչապետի ասածը։
Այս երեք տարում նման իրավիճակ բազմիցս է առաջացել՝ երբ Ալեն Սիմոնյանն ու մյուս «հավատարիմները» կրկնել ու հիմնավորել են իրենց առաջնորդի ասած հիմարությունները կամ հարձակվել նրա մատնանշած թիրախների վրա։ Նույն ատելությամբ խոսել նախկին իշխանությունների, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին, ինչպես արտահայտվել է իրենց շեֆը։ Նույն որակումներն ու խոսքի ձեւերն օգտագործել, նույն ժեստիկուլյացիան ու կրուտիտները, նույն ստերն ու մանիպուլյացիաները։
Առհասարակ՝ իշխանությունը նման հատկություն ունի․ առաջին դեմքի լեքսիկոնը, պահվածքը, սովորույթները, որակները մեխանիկորեն փոխանցվում են թիմին։ Նրանք կամա թե ակամա սկսում են ընդօրինակել նրան։ Նրա նման հիստերիկ տոնով խոսել, մարդկանց տեղին-անտեղին վիրավորել, ամեն պատեհ առիթ օգտագործել ընդդիմության «պորտը տեղը դնելու համար>, ողջ աշխարհին մեղադրել, իրենց սխալներն ուրիշների ուսերին դնել։ Եւ սրբորեն կատարում են նրա բոլոր հրահանգները, նույնիսկ սկսում են գուշակել նրա ցանկությունները ու հասկանալ նրա «իշմարները»։ Ինչպես ԱԺ դահլիճում ծեծի ենթարկեցին Փաշինյանին զայրացրած ընդդիմադիրներին, իսկ նրա չսիրած Արթուր Ղազինյանին՝ հրաժարվեցին ընտրել հանձնաժողովի փոխնախագահ։ Տեսեք, թե որ նախկին պատգամավորներին Փաշինյանը կրկին տարավ ԱԺ․ բացառապես նրանց, ովքեր հավատարմորեն ծառայել են, ընդդիմությանն ու լրագրողներին վիրավորել, հայհոյել, ամբիոնից փորձել են կրկնել իր մեսիջները։
Նրանցից խելացիներն, իհարկե, հասկանում են, որ «վոժդի» ձեռքում կամաց վերածվում են բութ գործիքի։ Գործիք, որն իրավունք չունի կարծիք հայտնել, առարկել, հակառակվել նրա կամքին եւ պետք է կատարի նրա բոլոր, անգամ ամենախելագար հրահանգները։ Բայց դե ելք չունեն՝ ով չի ենթարկվում, օգտագործված իրի նման դեն է նետվում կամ դառնում ֆեյքերի ու ֆանատների թիրախ։ Իսկ մյուսները, որոնք այդքանը չեն հասկանում, հնազանդվում են սիրով ու հպարտությամբ՝ համարելով, որ երկրի ղեկին գտնվող մարդը հենց այդպիսին պետք է լինի․ չար, անհանդուրժող, իրեն քննադատողներին ատող, անհավասարակշիռ ու մեծաբերան։ Դա պետական բարձր պաշտոնյայի նրանց իդեալն է եւ բոլորը ձգտում են՝ «մեծանալ ու դառնալ նիկոլ փաշինյան»։
Սվետա Մարտիրոսյան
Hraparak.am