Իշխանության և ընդդիմության հրեշավոր սխալները
Այս հոդվածը «Կաթվածահար կառավարման համակարգ։ Վերածննդի բանաձևը՝ երեք քայլ, որոնք կարող են վերափոխել երկիրը» հոդվածի շարունակությունն է։
Այդ հոդվածի 1-4-րդ կետերում առաջարկվում է երկրի կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի ներդրման սխեմա։ Շարունակում ենք։
Իշխանության և ընդդիմության հրեշավոր սխալները։
5. Պարզապես բանականության մթագնում
Նկատենք, որ բոլոր ժամանակներում (և Փաշինյանի ժամանակ, և նրանից առաջ) ոչ մի պաշտոնյա որևէ տեսակետ չի արտահայտել։ Այստեղից հետևում է, որ թե իշխանությունն ու թե ընդդիմությունը խնդիրները լուծում են միայն զավզակությամբ։ Ոչ թե խնդիրների առաջադրմամբ, լուծումների առաջարկությամբ, այլ հենց զավզակությամբ։ Հասկացեք, որ որևէ խնդիր հասկանալու մասին խոսք լինել չի կարող, եթե լուծման վերաբերյալ համապատասխան առաջարկներ չկան։ Մենք չենք կարող խոսել հասկանալու մասին, եթե չկա խնդրի հարցադրում յուրաքանչյուր ոլորտում, եթե չկա գլխավորի ու երկրորդականի առանձնացում, եթե քայլ առ քայլ նկարագրված չէ, թե ինչ պետք է անել, և ինչ կադրերի միջոցով։
Չկա ամենակարևորի հասկացողությունը:
Գլխավոր սկզբունքը՝ սկզբում կադրեր, հետո մնացած ամեն ինչը։
Առանց ճիշտ կադրերի ընտրության չի՛ կարող խոսք լինել հասկանալո՛ւ, հիմնականն առանձնացնելո՛ւ, քայլ առ քայլ լուծումների՛ մասին։
Իսկ ինչ է անում Փաշինյանը։ Նա պարզապես դեմ է այդ գլխավոր սկզբունքին և դա բացահայտ ցուցադրում է իր կադրային քաղաքականությամբ։
Նայեք Փաշինյանի կառավարությանը՝ բոլոր նախարարները կամ ոչ պրոֆեսիոնալ են, կամ նույնիսկ չնչին տեսլականներ չունեն։ Դա արտահայտվում է այնքան հստակ, որ ստիպում է մտածել, թե դա արվում է միտումնավոր, ինչ-որ մեկի թելադրանքով։ Այլապես հնարավոր չէ պատկերացնել, թե իշխանություններն այնքան ապուշ են, որ չեն պատկերացնում նման կադրային քաղաքականության մահացու հետևանքները։
Բայց մի կարծեք, որ դա կարելի է հեշտությամբ փոխել։ Նման քաղաքականությունն ընկած է Փաշինյանի հասկացողության հիմքում։ Նա կարծում է, որ դրանով ինքն ապահովագրում է և իրեն, և իր իշխանությունը։ Այնպես որ, ավելի շուտ երկիրը վերջնականապես կփլուզվի, քան կփոխվի Փաշինյանի վերաբերմունքը պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Հասկացեք, որ Փաշինյանի լրագրողները, պատմաբանները, իրավաբանները պրոֆեսիոնալիզմի ջատագով չեն կարող լինել։ Դա նրանց համար մահվան է հավասար։
Իհարկե հարց է առաջանում։ Իսկ ընդդիմությունից ով է հաշվի առնելու այդ պրոֆեսիոնալիզմը։ Պատասխան՝ ո՛չ ոք։
Նայեք նախկին իշխանություններին։ Նրանք բոլորն էլ նույն կերպ են վարվել՝ առանց որևէ հիմք ունենալու պաշտոնների են նշանակել յուրայինների։ Եվ դա անում էին այլանդակ, անթաքույց, անպատկառ ձևով։
Այսօրվա իրավիճակը։
Ամենատարբեր գործիչներ ու ուժեր հայտարարում են, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ պետություն պետք է կառուցենք։ Կրկնում են հազարավոր անգամներ։ Բայց ոչ ոք չի առաջարկում նույնիսկ որևէ տեսլական կամ լուծում։
Ռուբեն Վարդանյանը ստեղծում է զարգացման կենտրոն, որտեղ կհավաքվեն լավագույն ռեսուրսներն ու մասնագետները: Ոչ մի խոսք տեսլականի մասին և ոչ մի խոսք այն մասին, թե որտեղ են այդ լավագույն ուժերը։ Կարող է Վարդանյանը հույս ունի, որ լավագույն ուժերն իրենք կգան (հաշվի առնելով նրա որոշ ֆինանսական հնարավորությունները)։ Չեն գա։ Նրան կդիմեն միայն շահամոլները։ Մի կասկածեք։ Նույնիսկ եթե մենք ենթադրենք, որ նրան իսկապես կդիմեն որոշ մասնագետներ։ Ի՞նչ հատկանիշներով է ճանաչելու նրանց։ Ոչ մի պատասխան։ Նայեք նրա ցուցակին՝ այնտեղ իրենց գործի մի քանի հայտնի մասնագետներ կան, որոնց հետ ոչ ոք երբեք որևէ բան չի քննարկելու, մնացածը արկածախնդիրներ և հայտնի դասալիքներ են։ Թվում էր, թե Վարդանյանը խելահաս է, որպեսզի հասկանա, որ նախ պետք է մասնագետների ճանաչման սխեմա մշակել։ Բայց նա արհամարեց այն, երբ նրան նման սխեմա առաջարկեցին։ Ըստ երևույթին, դա անհրաժեշտ չէ նրա «շարժման» գլխավոր պատվիրատուներին։
Ամենատարբեր կուսակցություններ, ուժեր, գործիչներ անդադար ասում են, որ մենք պետք է ի վիճակի լինենք ինքներս մեզ պաշտպանել։ Հարցնում ես նրանց, ինչպե՞ս։ Պատասխանում են, որ պետք է զարգացնել գիտությունն ու արտադրությունը: Հարցնում ես նրանց կրկին, իսկ ինչպես պետք է զարգացնել գիտությունն ու արտադրությունը։ Ո՛չ մի պատասխան։
Այսօր բոլորն առանց բացառության ասում են, որ պետք է դադարեցնել բանակցությունները, ուժեղանալ և միայն ուժեղացած վիճակում սկսել բանակցությունները։ Հարցնում ես նրանց, ինչպե՞ս պետք է ուժեղանալ։ Պատասխանում են, պետք է զարգացնել գիտությունն ու արտադրությունը: Հարցնում ես նրանց նորից, իսկ ինչպես պետք է զարգացնել գիտությունն ու արտադրությունը։ Ո՛չ մի պատասխան։
Մինչդեռ Պատասխանը պարզ է։ Անհրաժեշտ է երկրի կառավարման մեջ պրոֆեսիոնալներին ներդնել։ Դա այն է, ինչ մենք առաջարկել ենք վերը՝ սույն հոդվածի սկզբում։ Դրանք 1-3-րդ քայլերն են, որոնք Հայաստանը կդարձնեն պրոֆեսիոնալների երկիր։
Վստահաբար ասում եմ ձեզ, մենք օրեցօր թուլանալու ենք, եթե պրոֆեսիոնալների իշխանություն չստեղծենք։ Վստահաբար ասում եմ ձեզ, եթե մենք արագ պրոֆեսիոնալ իշխանություն չունենանք, պետք է Փաշինյանին խնդրել առանց նայելու ստորագրել ցանկացած հակահայ փաստաթուղթ, որովհետև վաղը մենք ավելի թույլ կլինենք և ավելի վատթար փաստաթուղթ կստորագրենք։
Գրիգոր Բարսեղյան, Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
Lragir.am