ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին հավելավճարներ տրամադրելու հարցը։ Ցանկում են վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներ եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի առանձին դատավորներ։

Հավելավճարները կկազմեն դատավորի դրույքաչափի 70  կամ 60%-ը: ԲԴԽ-ն էլ առաջարկում է վճռաբեկի դատավորներին վճարել հավելումներ՝ դրույքաչափի 50%-ի չափով։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ ասաց, որ նոր օրենքի համաձայն՝ արդեն նախատեսված է հակակոռուպցիոն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների համար ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում են մյուս դատարաններում․ «Օրենքով նաեւ նախատեսված է, որ ԲԴԽ-ն իրավունք ունի վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկություն ներկայացնել կառավարություն, որ նրանց աշխատավարձն էլ համամասնորեն բարձրանա, քանի որ նրանք քննելու են նաեւ հակակոռուպցիոն գործեր։ Նպատակն այն է, որ դատավորները, քննելով այդ գործերը, ստանան համարժեք աշխատավարձ, որը ստանում են հակակոռուպցիոն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում։ Դա արվում է նրա համար, որպեսզի նրանք կաշկանդվածություն, կախվածություն չունենան, լինեն ավելի ազատ եւ անաչառ իրենց գործողություններում»։

Վճռաբեկի դատավորների աշխատավարձերը համարժեք են ԲԴԽ  անդամների աշխատավարձին, կազմում են 570 հազար դրամ՝ գումարած 160 հազար դրամ ամենամսյա հավելավճարը, որը ստանում են բոլոր դատարաններում։ Հարցին, թե արդարացի՞ է, որ այս դատարանի դատավորները մյուսներից ավելի շատ  վարձատրվեն, նա պատասխանեց․ «Այդ հարցը տվեք կառավարությանը եւ Ազգային ժողովին, քանի որ այդ հարցը երբ ժամանակին եղել է, ես էլ, ԲԴԽ-ն էլ արտահայտվել ենք, որ ցանկալի է, որ բոլոր դատավորների աշխատավարձերը լինեն հավասար»։ Նա նաեւ նշեց, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար հիմա ընդունում են հայտեր, առաջիկա 4 ամիսների ընթացքում պետք է նշանակումներ լինեն, նրանց համար առանձին շենք կհատկացվի․ «Ցանկացած դեպքում մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ե՛ւ քրեական գործերը քննողների համար հարմարություններ լինեն, ե՛ւ քաղաքացիական»։

Նշենք, որ հակակոռուպցիոն դատարանում գործելու է առնվազն 15 դատավոր։ Քննվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, պետության գույքային եւ ոչ գույքային շահերի հետ կապված, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն