Երկրի Սև Արկղը Կգրանցի Մարդկության Յուրաքանչյուր Քայլը Դեպի Քաղաքակրթության Փլուզումը
Հաջորդ տարվա սկզբին Թասմանիայի արևմտյան ափին (Ավստրալիա) կտեղադրվի Երկրի սև արկղը, որն աշխատելու է ինքնաթիռներում համանուն սարքերի սկզբունքով։ Նախագիծը Clemenger BBDO-ի, The Glue Society ստեղծագործական գործակալության և Թասմանիայի համալսարանի հետազոտողների համագործակցության արդյունքն է: Քանի որ կլիմայի փոփոխությունը և մարդածին այլ վտանգները կարող են հանգեցնել մեր քաղաքակրթության փլուզմանը, Երկրի սև արկղը կգրանցի մարդկության յուրաքանչյուր քայլը դեպի այդ աղետը: Երկիր մոլորակի «առողջության» հետ կապված հարյուրավոր տվյալները, չափումներն ու փոխազդեցությունները շարունակաբար կհավաքվեն և ապահով կերպով կպահվեն ապագա սերունդների համար:
Սև արկղը պատրաստվելու է 7,5 սանտիմետր հաստությամբ պողպատից՝ հագեցած արևային մարտկոցներով և կոշտ սկավառակներով։ Սարքը կմիանա համացանցին և կգրանցի ամբողջ տեղեկատվությունը, որն ուղղված է գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Մոլորակային ապոկալիպսիսի դեպքում սև արկղը կմնա անձեռնմխելի և կկարողանա «պատմել» նրանց, ովքեր մեզնից հետո կբնակեցնեն մոլորակը:
Երկրի սև արկղը պետք է պահպանի տեղեկատվությունը մոլորակի ապագա բնակիչների համար, որպեսզի նրանք հասկանան քաղաքակրթության անհետացման պատճառները և չկրկնեն նույն սխալները: Տեղեկատվության պահեստավորման ծավալը նախատեսված է առաջիկա 50 տարիների համար, սակայն գիտնականները հուսով են, որ մինչև նշված ժամկետի լրանալը կգտնեն միջոց՝ դրա ծավալն էլ ավելի ընդլայնելու համար։
Գիտնականները նախատեսում են օգտագործել կոդավորման մի քանի ձևաչափեր։ Նրանք նաև ուսումնասիրում են հատուկ ընթերցիչի ինտեգրման հնարավորությունը, որը կարելի է ակտիվացնել՝ տեղադրելով այն արևի լույսի տակ:
Թեև սարքի կառուցումը կսկսվի 2022 թվականին, բայց դրա համար տվյալներն արդեն սկսել են գրանցել։ Առաջին ձայնագրությունը դարձավ ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի սկզբին Գլազգոյում։
«Երբ մարդիկ գիտեն, որ իրենց ձայնագրում են, դա իսկապես ազդում է նրանց արածի և ասածի վրա: Սարքի նպատակն է ապահովել մոլորակի մահվանը հանգեցրած իրադարձությունների օբյեկտիվ հաշվետվությունը… : Թե ինչպես կավարտվի այս պատմությունը` լիովին կախված է մեզանից»,- գրում են նախագծի հեղինակները։
ita.am