Մշակվել Է Նանոչիպ, Որը Կարող Է Վերածրագրավորել Մարմնի Բջիջները
Ինդիանայի համալսարանի (ԱՄՆ) բժշկական դպրոցի հետազոտողները նոր նանոչիպ սարք են մշակում, որը կարող է վերածրագրավորել մարմնի մաշկի բջիջները՝ դարձնելով դրանք նոր արյունատար անոթներ և նյարդային բջիջներ:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում բժշկության առավել ուշագրավ ձեռքբերումներից մեկը մասնագիտացված բջիջները ոչ մասնագիտացված ցողունային բջիջների վերածելու ունակությունն է: Այս ցողունային բջիջները մեծ թերապևտիկ պոտենցիալ ունեն, քանի որ դրանք կարող են վերածվել տարբեր բջիջների, հյուսվածքների և (ի վերջո) օրգանների, որոնք լիովին համատեղելի կլինեն հիվանդի հետ՝ վերացնելով հյուսվածքների մերժման կամ դոնոր գտնելու խնդիրները: Ցավոք, դա անելու համար պահանջվում են բարդ լաբորատոր ընթացակարգեր, որոնք կարող են բերել որոշակի ռիսկերի, այդ թվում առաջացնելով քաղցկեղային բջիջներ:
Հետևաբար անհրաժեշտ է ավելի պարզ համակարգ մշակել, որը չի պահանջում մանրակրկիտ քայլեր ցողունային բջիջների վերափոխման համար: Այս պատճառով էլ գիտնականները որոշեցին հրաժարվել լաբորատորիաներից և մարդու մարմինը վերածել սեփական բջջային ծրագրավորողի՝ օգտագործելով հյուսվածքների նանո-տրանսֆեկցիա (nano-transfection) կոչվող տեխնոլոգիան: Տվյալ պարագայում օգտագործվում է սիլիկոնային նանոչիպ, որը մի կողմից ավարտվում է միկրոասեղներով, իսկ մյուս կողմից տեղադրվում է ուղղանկյուն բեռնարկղ, որը պարունակում է հատուկ գեներ։
Բարձր ինտենսիվության կենտրոնացված Էլեկտրական լիցքի միջոցով այս գեները ներմուծվում են կենդանի հյուսվածքի ցանկալի խորության մեջ՝ դարձնելով այդ հատվածը փոքրիկ բիոռեակտոր, որը վերածրագրավորում է բջիջները՝ դառնալու տարբեր տեսակի բջիջներ կամ բազմաբջիջ կառուցվածքներ, ինչպիսիք են արյան անոթները կամ նյարդերը՝ առանց բարդ լաբորատոր տեխնիկայի կամ վիրուսների փոխանցման վտանգավոր համակարգերի անհրաժեշտության։ Ձևավորվելուց հետո այս բջիջները և հյուսվածքները կարող են օգնել վերականգնելու վնասը մարմնի այլ հատվածներում, ներառյալ՝ ուղեղում:
Տեխնոլոգիան մշակվում է ավելի քան հինգ տարի, և այժմ զարգացման հեղինակները քայլեր են ձեռնարկում այն կլինիկական պայմաններում փորձարկելու համար։ Ըստ այդմ, նախատեսվում է 2022 թվականին ստանալ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) հավանություն, ինչը հնարավորություններ կբացի մարդկանց կլինիկական հետազոտությունների համար:
Հետազոտության արդյունքները հրատարակվել են Nature Protocols ամսագրում։
ita.am