Երեկ մայրաքաղաքում տրանսպորտ գրեթե չկար, ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին անում, մանուշակագույն ավտոբուսների վարորդներն ընդհանրապես գիծ դուրս չէին եկել, ինչի արդյունքում կանգառներում կուտակումներ էին, մարդիկ չէին կարողանում աշխատանքի հասնել։ Վարորդները բողոքում էին աշխատանքային պայմաններից՝ ցածր աշխատավարձից։ «Շատ խնդիրներ կան, որոնց համար էսօր չենք քշում։ Առաջնայիններից մեկը մեքենաների «Կասկոյի» հարցն է՝ չկա արած։ Մենք բժշկական ապահովագրություն չունենք, վառելիքը մինչեւ գիշեր սպասում ենք, որ լցնենք, իսկ տեսախցիկները նկարում են, ակտեր են գալիս»,- ասաց վարորդներից մեկը։

«Զուգարանի խնդիրն էլ կա՝ չունենք։ Չեմ ալարի, կտանեմ ձեզ բոլոր կանեցներում ցույց կտամ, որ տեսնեք՝ ինչ է կատարվում։ Որ դուք տեսնեք՝ վարորդն ինչ վիճակում է թեթեւանում, կասեք՝ այ մարդ, էս ինչ լկտի մարդ ա, բայց էլ չես ասի՝ տեղ չունի ու 1,5 ժամ մի կերպ քշել հասել է։ Վառելիքի լիցքավորումն արվում է կոնկրետ Նորքում, ու մինչեւ գիշերը 2-ը հերթ է, հիմա ի՞նչ պարտադիր է, որ կոնկրետ Նորքում լինի։ Բայց սա գլոբալ հարցերից չէ, ուղղակի մի շարք խնդիրներից մեկն է»,- ասաց վարորդը։ «Մեր խնդիրներից մեկն էդ տուգանքներն են։ Ես էդ 260 հազար դրամ աշխատավարձից պիտի տուգանք էլ մուծեմ, չէ՞։ Չեմ ասում՝ նենց լինի, որ անկանոն քշենք, ակտեր գան, չմուծենք, բայց մենք մարդկանց հետ ենք աշխատում, չես կարող նենց անես, որ չգա։ Թազա ավտոբուսները նույնպես նույն պարկի մեքենաներն են՝ հների հետ միասին։ Ես հին ավտոբուսի վարորդ եմ, այսինքն՝ պլան եմ մուծում, իսկ թազան, ինչպես գիտեք, արկղով է։ Հիմա թազեն մտել է, ժողովուրդը նստում են ընդեղ, իսկ ես հետեւից դատարկ գնում եմ։ Ես օրը 39 հազար դրամ պլան եմ մուծում, դատարկ ավտոբուսով ես ո՞նց մուծեմ էդ 39 հազարը, չեմ կարողանալու, ես անձամբ 12-րդ համարի վարորդն եմ»,- նշեց մեկ ուրիշը։

Վարորդները պնդում էին, որ իրենք կողմ են «պլանային» համակարգին, այսինքն՝ ստանան 120 հազար դրամ աշխատավարձ, վճարեն օրվա 40-50 հազար պլանը, իսկ մնացածը, իրենց խոսքով՝ 7-8 հազար դրամ, ամեն օրվա ավարտին դնեն իրենց գրպանը։ Նշենք, որ «ոչ պլանայինով»՝ վարորդները ստանալու են ֆիքսված 260 հազար դրամ աշխատավարձ։ «Հա, ասում են՝ 260 հազար դրամը 15 օրվա համար լավ է, բայց, հարգելիներս, վարորդն առավոտ 5-ին դուրս ա գալիս, գիշերը ժամը 2-ին գնում տուն։ Իսկ սենց՝ պլանայինով, ես ֆիքսված ստանում եմ 120 հազար դրամ, երեկոյան վճարում եմ պլանը, իմը, օրինակ, 46 հազար դրամ է, մնացածն էլ, ինչ մնում է, ասենք, մի 8 հազար դրամ, դնում եմ գրպանս, բայց էդ 8 հազարից էլ 2 հազարն անպայման դնում եմ մի կողմ, որովհետեւ ավտոբուսը վարորդն իր գրպանից է սարքում։ Ես հիմա էդ ավելացած գումարով, աշխատավարձով, երկուսը իրար հետ միասին ստանում եմ մոտ 350 հազար դրամ, բայց 260 հազարով մենք տուն չենք կարա պահենք, ակտ ենք մուծում, մեքենան ենք սարքում, տակը բան չի մնում, դե ասեք, ո՞նց պահեմ տունս։ Եթե էս մեքենաները 10 տարուց ավելի շահագործվում են, էլի վարորդի միջոցով է, որովհետեւ եթե վարորդն էդ մեքենայի վրա փող չծախսի, չի աշխատելու։ Հլը էդ քանդված յամեքին նայեք մի հատ։ Հա, հենց պետք է նորմալ աշխատավարձ տան, մենք նորմալ աշխատավարձ ենք ուզում, որովհետեւ մի կգ խոզի միսը 4 հազար դրամ է, իսկ վարորդը եթե փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»,- պնդեց մեկ այլ վարորդ։

Ի վերջո, ակցիան կարծես արդյունք տվեց, վարորդներն ասացին, որ խոստացել են 2 օրվա ընթացքում լուծել իրենց հուզող բոլոր խնդիրները՝ թե՛ պայմանների, թե՛ աշխատավարձի չափի հետ կապված։ Վարորդները նաեւ հստակ խնդիր էին դրել, որ «Երեւան ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Էլբակ Թարփոշյանն այլեւս չպետք է աշխատի, եւ նա երեկ դիմում է գրել ու հեռացել։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան։ Նշենք նաեւ, որ մարդիկ վարորդների այս ակցիան սկսեցին կապել Փաշինյանի «գրած» վերջին հոդվածի հետ, թե գործող քաղաքապետ Հայկ Մարությանին քոչարյանական գեներալները շեղել են, եւ նա այլեւս չի ընթանում հեղափոխության ճանապարհով, ուստի այս ակցիան կազմակերպված է հենց իշխանական շրջանակներից։ Սակայն վարորդները պարզապես ծիծաղում էին այդ ձեւակերպումների վրա, ասում, որ նրանք նոր չեն հիշել այս խնդիրների մասին, տեւական ժամանակ առաջ եւս նմանատիպ ակցիա են արել, սակայն քանի որ հարցը լուծում չի ստացել, նորից են բողոքի դուրս եկել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն