Անընդունելի ենք համարել, որ ամենածանր պահից մեկ ամիս չանցած՝ նա բաժանվեց թիմից
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արդեն Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացրել է, եւ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում այն քննարկվելու է: Տեքստում նշվում է, որ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը եւ «Իմ քայլը» դաշինքը։ Ապա նշվում է, որ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել Երեւանի քաղաքացիների առաջ ստանձնած եւ նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները կամ քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։
եւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին հարցրինք՝ Հայկ Մարությանից իրենց դժգոհություններն ինչո՞ւ առաջ չէին հայտնում, ի՞նչ է փոխվել։ «Փոխվել է էն, որ, այո, մենք մի քաղաքական թիմով ենք ընտրվել, եւ կարիք կար ինստիտուցիոնալ ռեֆորմներ կատարելու, ու դրա համար պետք էր նաեւ որոշակի ժամանակ։ Եվ արդեն հասկանալով, որ երրորդ տարին է մոտենում ավարտին, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք արդյունքներից խիստ դժգոհ ենք, եւ հիմնականում չեն արվել ինստիտուցիոնալ ռեֆորմներ կառավարման մասով եւ նշված բոլոր պատճառների մասով, նաեւ քաղաքի կառավարման տեսանկյունից գտնում ենք, որ մեզ պետք է փոփոխություն, որպեսզի կարողանանք լուծել քաղաքի բոլոր խնդիրները»,- ասաց Լեւոն Հովհաննիսյանը։
- Իսկ դա ձե՞ր դիրքորոշումն է, թե՞ Նիկոլ Փաշինյանն է որոշել։ Եթե Փաշինյանը դժգոհ չլիներ Մարությանից, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ինքնուրույն կդժգոհե՞ր քաղաքապետի աշխատանքից։
- Ես Ձեզ ամենայն անկեղծությամբ վստահ ասում եմ, որ այս պրոցեսը, որ մենք եկել ենք էս կետին, որ պետք է բաժանվենք, միայն աշխատանքային տարբեր հարցերով հարաբերվելու ընթացքում է ձեւավորվել։ Եվ որոշ ժամանակ հետո, երբ ստեղծվել է այսպիսի իրավիճակ, նոր մնացած մեր կառավարության բարձրաստիճան գործընկերները դրա մասին տեղեկացել են։ Այսինքն՝ այս եզրակացությունը, այս աշխատանքային խնդիրները զուտ ֆրակցիայի ներքին մակարդակով աշխատանքների հետեւանքով են առաջացել։ Դա մեր ներսում հասունացած պրոցես է։ Իհարկե մենք, քանի որ քաղաքական մարմին ենք, պետք է խորհրդակցենք նաեւ մեր գործընկերների հետ, ներկայացնենք՝ իրավիճակն ինչպիսին է, եւ մտածենք լուծման շուրջ։
- Դուք կարող եք բազմաթիվ հիմնավորումներ բերել, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է․ այս պրոցեսից օրեր առաջ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցում Մարությանի հասցեին հոդված հրապարակվեց, թե Քոչարյանի հետ է հանդիպում, «շեղվել է հեղափոխությունից» եւ այլն։
-Հիմա դրա ի՞նչը մեկնաբանել։
- Այն, որ սա Փաշինյանի անձնական ցանկությունն է, որովհետեւ Հայկ Մարությանն ընտրությունների ժամանակ չի սատարել ՔՊ-ին, չի կանգնել ձեր կողքը, մանավանդ` պատերազմից հետո։
- Այն, որ մենք՝ բոլորս, նախորդ տարեվերջից բավականին ցավոտ եւ անընդունելի ենք համարել, որ ամենածանր պահից մեկ ամիս չանցած՝ պարոն Մարությանը որոշել է բաժանվել թիմից եւ իր վրա չվերցնել պատասխանատվության մի մասը, դա մեզ տխրեցրել է, իհարկե։ Բայց այն, որ էստեղ ինչ-որ պատժիչ կամ այլ գործոններ կան, ես քանի որ ֆրակցիայի ներսի աշխատանքային պրոցեսներին լավ եմ տիրապետում, Ձեզ վստահ ասում եմ, որ մենք հասկացանք, որ այս լուծմանը պիտի գանք, դրա մեջ մեծ կշիռ են ունեցել մեր ներքին աշխատանքային խնդիրները։ Դուք կարող եք դա նույնիսկ քաղաքապետարանից ճշտել՝ վերջին 3-4 ամիսների ընթացքում ավագանու «Իմ քայլը» ֆրակցիայի հետ եղե՞լ են խնդիրներ, անհամաձայնություններ` որոշումների մասով, ինչ-որ ոլորտներում ռեֆորմների մասով, կոռուպցիոն գործընթացների, բացահայտումների մասով, քաղաքաշինության ոլորտի անարդյունավետության մասով․․․ Երբ էդ ճանապարհով կգնաք, կստանաք մեկնաբանություններ, կհամոզվեք, որ էն, ինչ ես Ձեզ ասում եմ, իրականություն է։
- «Իմ քայլը» խմբակցությունից ոչ բոլորն են միացել այս գործընթացին, փակ-գաղտնի քվեարկության ժամանակ հնարավոր է անգամ նրանք, որոնք միացել են գործընթացին, դեմ քվեարկեն այս որոշմանը։ Դուք նման ռիսկ տեսնո՞ւմ եք։
- Գիտե՞ք ոնց է, հարցը բարոյական դաշտում է, նախեւառաջ։ Այսինքն, եթե քաղաքական թիմը որոշում է էսպես, էդ որոշումը պետք է լինի բոլորի համար առնվազն ընդունելի, եւ պետք է մեծամասնության որոշմամբ շարժվենք առաջ։ Կան որոշումներ, որոնք անձնական որոշումից պետք է վեր դասել՝ զուտ, որ ամեն ինչ ճիշտ կազմակերպված լինի։ Ի վերջո, մենք նաեւ քաղաքական մարմին ենք։ Տեղյակ եմ, որ կան տարբեր գործընկերներ, որոնք չեն ուզում միանալ։ Ես, ցավոք, մտածում եմ, որ էստեղ խոսքն ավելի շատ շահերի բախման մասին է։ Գուցե իրենք կարծում են, որ իրենց նեղ ոլորտներում, որտեղ իրենք ծավալում են գործունեություն ավագանու ներսում, գուցե իրենք շատ ավելի շատ եզրեր են գտել քաղաքապետի հետ համագործակցելու եւ դեմ են էդ փոփոխությանը։ Ամեն դեպքում, չեմ կիսում էդ կարծիքը։ Բայց արդյունքի մասով որեւէ կասկած չունենք, ավելին ասեմ՝ վստահ ենք շատ, որ պրոցեսը տեղի է ունենալու, եւ հաջորդ շաբաթ երեւանցիներն արդեն կունենան նոր քաղաքապետ։
Hraparak.am