Այս տարի ԿԲ-ն կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ, կարծում եմ՝ այն, ինչ լինի դրանից ավել, ուղղակի նկարած է լինելու։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տնտեսությանը։

«Նույնիսկ 2019-ի ցուցանիշներին հասնելու համար մենք պետք է ապահովեինք ավելի քան 8%-անոց աճ, չենք ապահովել, վստահ եմ՝ հաջորդ տարի էլ չենք ապահովելու, և ստացվելու է, որ 2020-2022 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ»,-ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հիշեցրեց՝ իշխանությունները 2018-ին կախարդական փայտիկի մասին էին խոսում։ «Պարզվեց՝ այդ փայտիկը ռեվերսի ռեժիմով է աշխատում, ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, մեր ժողովրդին հարստացնելու համար է, այլ ճիշտ հակառակը՝ տնտեսության ծավալները փոքրացնելու, ժողովրդին աղքատացնելու կախարդական փայտիկ էր»,-ասաց նա։

Քոչարյանը նշեց՝ ՀՀ պետական պարտքը հատել է 9 մլրդ դոլարի շեմը, վերջին 3 տարում աճել է 2,3 մլրդ դոլարով։

«Սա նշանակում է, որ սպասվելիք 4-տոկոսանոց տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է գնաճին, Քոչարյանը ներկայացրեց պաշտոնական տվյալը՝ 9,6 տոկոս։ «Ես 10 տարի նախագահ եմ եղել, ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ։ Միջին գնաճը 2-3 տոկոս»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, թե նման բարձր գնաճի պարագայում պետությունը պարտավոր է ինդեքսավորել թոշակներն ու աշխատավարձերը, ինչը չի արվում։

Անդրադառնալով Արցախին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ Արցախի անվտանգության, ապագայի վերաբերյալ անորոշությունը մնացել է նույնը։ «Բայց վերջերս որոշակիություն ստացել ենք Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ․ եթե վարչապետն ասում է, որ 2016-ից որևէ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա ՀՀ դիրքորոշումն է։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Նա կասկածի տակ դրեց Ղարաբաղի՝ սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն