Ես այն անձնավորությունը չեմ, որ Ձեր նման պաշտոնի ակնկալիք ունենա, հետո չստանա ու սկսի հակառակ բաներ խոսել․ քաղաքապետի տեղակալը՝ Իզաբելլա Աբգարյանին
Այսօր ավագանու արտահերթ նիստին Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցությունից, հարց ուղղեց քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածու Լևոն Հովհաննիսյանին։ «Երկու տարի առաջ ուզում էիք պաշտոնի հավակնել, և զբաղեցնել քաղաքապետի ֆինանսական գծով քաղաքապետի տեղակալի պաշտոնը, և խմբակցությունը երկու մասի էր բաժանվել, և բոյկոտ էիք պատրաստել, որ տապալեիք մյուս թեկնածուի ընտրությունը»,–ասաց նա և նշեց, որ նույնիսկ մամուլում հրապարակումներ եղան, որ իր նկրտումների համար Լևոն Հովհաննիսյանը դիմել է փոխվարչապետի միջամտությանը։
«Այդ ժամանակ արդյոք չէի՞ք մտածում, որ Ձեր քայլերով խզում եք քաղաքապետի կապը խմբակցության հետ, խզում եք քաղաքապետի կապը կառավարության հետ»,–հարցրեց նա։
Լևոն Հովհաննիսյանը նախ հայտարարեց, թե Իզաբելլա Աբգարյանը ստում է։ «Նախ Դուք ստում եք և դրա մասին անձամբ գիտեք, դուք գիտեք, որ մենք անձնական վատ հարաբերությունների մեջ չենք եղել, չնայած միշտ տարբեր կարծիքներով ինչ–որ փաթեթավորել եք Ձեր՝ ֆրակցիայից թռնելը։ Պառակտում չի եղել, ես այն անձնավորությունը չեմ, որ Ձեր նման պաշտոնի ակնկալիք ունենա, հետո չստանա ու սկսի հակառակ բաներ խոսել։ Ձեր կողմից խոսակցությունները կոմպլիմենտ կարող եմ ընդունել, ես այլ բան չէի սպասում»,–ասաց նա։
Նա նորից նշեց, որ որևէ պառակտում, որևէ խոսակցություն պարոն Մարությանի հետ չի եղել, ավագանու անդամի փաստերը կեղծիք են, հայտարարությունները կապ չունեն իրականության հետ։ «Ես ցավում եմ, որ առաջին շարքից հայտնվեցիք վերջին շարքում»,–ամփոփեց նա։
Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ նշված մեղադրանքներին կանդրադառնա իր ելույթում, իսկ առաջին և վերջին շարքը կապ չունի, քանի որ նրա նման ամբիցիոզ չէ։ Իր ելույթում նա վստահեցրեց, որ դա իր համար արժեհամակարգի հարց է և նշեց, որ չի ստում։ Ինչ վերաբերում է մանդատից հրաժարվելու հարցին, նա ասաց, որ որևէ մեկին չի դավաճանել և դիմելով երևանցիներին՝ ասաց․ «Ձեր կողմից ինձ վստահված այս մանդատը ես հանձնելու եմ բացառապես այն մարդուն, ում դուք կընտրեք ժողովրդավար, ուղիղ ընտրություններով»։
Նշենք, որ այնուհետև Լևոն Հովհաննիսյանը ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ։
Tert.am