Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընկալել, որ ինքը իշխանություն է, իսկ ՔՊ-ն՝ իշխող կուսակցություն
Իր հայտնի ասուլիսում տարբեր հակասական ու վիճելի մտքերի կողքին Նիկոլ Փաշինյանը մի տեքստ էլ ասաց բուհերի կուսակցականացման հարցին ի պատասխան։ Պարզվում է՝ Քաղպայմանագրի վարչության նախագահը՝ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել մի նպատակով, որ ԵՊՀ-ն ապակուսակցականացնի։
Լսենք, թե ինչպես է հիմնավորում դա ՀՀ վարչապետը․
«2020թ․ իրադարձությունները ցույց տվեցին, որ բուհական համակարգը ապակուսակցականացրել ենք, մեր կուսակցականներին չենք ներդրել, եւ պարզվեց, որ այդ բուհերում թաքնված կուսակցականներ են, Հայաստանում թաքնված կուսակցականների ինստիտուտ կա։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգից տասնյակներով նետվում էին մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում ա, հիմա գնան արագ այնտեղ տեղավորվեն, որտեղ էին 2000-ականներին։ Հիմա, որ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ա դառնում, գնում ա բուհերի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Երբ մենք մեզ հեռու էինք պահել, պարզվեց՝ էդ ամբողջը կրթության հետ կապ չունի, ամեն ֆակուլտետ մի կուսակցության բոստան ա։ Մենք էդ շանսը տվել էինք, ու սկզբունքորեն պահել ենք, բայց դժվար պահին շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան, եւ այդ շանսը չօգտագործեցին։ Չեն գնում կուսակցականացնելու, այլ մեր ասած ապակուսակցականության սկզբունքը պահպանելու համար»։
Հիմա փորձենք թարգմանել եւ ըմբռնել վերը շարադրվածի իմաստը։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր քննադատում են իրենց իշխանությանը, կարծում են, որ 2020 թվականի դեպքերի մեղավորը ՔՊ-ի՝ 2018 թվականին իշխանության եկած անպատասխանատու եւ ապաշնորհ թիմն է եւ բոլոր նրանք, ովքեր երկրի փրկությունը տեսան ընդդիմությանը կամ նախկին իշխանությունների վերադարձնելու մեջ, ընդամենը մտածում էին, որ «իշխանությունը փլուզվում է՝ գնան արագ տեղավորվեն այնտեղ, որտեղ էին 2000-ականներին»։ Իսկ նրա մտքով չի՞ անցել, որ այդ մարդկանց գոնե մի մասն ուղղակի հիասթափվել է, հասկացել է, որ սխալ է արել՝ 2018-ին նրանց իշխանության բերելով։ Որ պատերազմն ու պարտությունը բացել է այդ մարդկանց աչքերը եւ նրանք պարտավոր չեն լսել իր վիճելի արդարացումներն ու շարունակել մեղադրել նախկիններին՝ 2020-ին կատարվածի համար։ Իսկ հնարավո՞ր է, որ այդ մարդկանց մի հատվածը նախկինների արեւով էլ չի երդվում եւ ընդդիմությանը հարելու պատճառն այն հույսն է, որ նրանք երկիրը կհանեն այս վիճակից։ Այսինքն՝ նախկիններին ընկալում են որպես չարյաց փոքրագույն, որոնք երկրին այնքան վնաս չեն տվել, ինչպես իրենք։ Եւ առնվազն անբարոյական է իրենցից երես թեքած, իրենց մերժող մարդկանց «հակապետական գործունեության» մեջ մեղադրելը, որոնք «շանսը չօգտագործեցին» եւ ՔՊ-ին ու իրենց իշխանությանն անմնացորդ չնվիրվեցին։
Հիմա գանք այն առաքելությանը, որն իբրեւ թե դրվել է Սուրեն Պապիկյանի վրա։ Պարզ է, որ բուհերից իրենց հեղափոխությունը սկսած նիկոլականները շատ լավ հասկանում են, որ իրենց կործանումն էլ կարող է բուհերից սկսվել եւ ամեն ինչ անում են ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին սանձելու, իրենց ենթարկեցնելու համար։ Եւ Պապիկյանի հիմնական առաքելությունը դա է՝ թույլ չտալ, որ այլախոհությունը ԵՊՀ-ում գլուխ բարձրացնի եւ թույլ չտալ, որ ՔՊ-ին անհավատարիմ մեկը հանկարծ դառնա ռեկտոր, պրոռեկտոր, ապագայում՝ ամբիոնի վարիչ ու դեկան։ Բայց Փաշինյանն ասում է, որ Պապիկյանը գնացել է, որպեսզի «ապակուսակցականացնի» ԵՊՀ-ն։ Սա մի բան էլ է նշանակում՝ այս մարդիկ որոշել են բոլոր կուսակցությունների դեմ պայքարել եւ կուսակցականացում ասելով նկատի ունեն, ասենք՝ Հանրապետականին, դաշնակցության, հնարավոր է՝ ԲՀԿ-ին ու մյուսներին, բայց ոչ Քաղպայմանագրին։ Քաղպայմանագիրը նրանց համար կուսակցություն չէ, այլ փրկիչների խմբակ, որին հարելը խրախուսվում է, իսկ, ասենք, ՀՅԴ մտնելը հակապետական գործունեություն է եւ պետք է արմատախիլ արվի։
Այս մարդիկ 3 տարում անգամ չընկալեցին, որ իրենք իշխանություն են եւ ՔՊ-ն իշխող կուսակցություն է։ Եւ երբ մարդիկ ասում են՝ ապակուսակցականացնել բուհերը նախ եւ առաջ նկատի ունեն իշխող կուսակցությունից զերծ պահել բուհը, այլ ոչ թե ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից կամ «Ապրելու երկրից»։ Ինչպես բոլոր հարցերում մեղադրում են նախկիններին՝ կարծես 2018-ի դեպքերը չեն եղել եւ դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են իշխանության, կատաղի քննադատում են նրանց՝ այսօր տեղի ունեցող սխալների համար, այնպես էլ համարում են, որ իրենք դեռ ընդդիմություն են եւ իրենց գլխավոր գործը «իշխանություններին քննադատելն» է եւ բուհերը ՀՀԿ-ից զերծ պահելը։
Ահա այսպիսի զավեշտալի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։
Սվետա Մարտիրոսյան
Hraparak.am