Ամենամեծ բարդությունը ոչ թե այն է, որ պատրաստ ենք որոշումներ կայացնելու պատասխանատվություն վերցնել, այլ՝ որ դրանց կայացումը միայն մեզնից չէ կախված․ Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության 2021 թվականի վերջին նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց 2021 թվականը։
Նա նշեց, որ այս տարին հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարի էր։ «Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք ու շարունակում ենք ունենալ. 2021 թվականի մայիսից սկսած` Սոթք- Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,–ասաց նա, ինչից հետո կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2021 թվականի ընթացքում ու նախկինում եղած զոհերի հիշատակը։
«2022 թվականին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի վերելքի և վերածննդի տարի լինի։ Մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար, մեզնից կախված հնարավորը պետք է անենք, որպեսզի հաջորդ սերունդներին, հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն, ամրագրված իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի բնականոն զարգացումը ապահովելու համար։ Բայց մյուս կողմից սա հեշտ չէ»,–ասաց նա և նշեց, որ որոշումների իրականացումը միայն մեզնից չէ կախված։
«Ամենամեծ բարդությունը ոչ թե այն է, որ մենք պատրաստ ենք որոշումներ կայացնելու պատասխաանտվություն վերցնել, այլ ամենամեծ բարդություն նրանումն է, որ այդ որոշումների կայացումը միայն մեզմից չէ կախված»,–ասաց նա։
Անդրադառնալով տոնական օրերի կրճատմանը, նա ասաց, որ սա երկար քննարկված թեմա էր և կարծում է, որ այս որոշումը տուրիզմի ոլորտին օգուտ է, քանի որ տուրիզմի ոլորտի աշխատողները ավելի շատ կենտրոնանում են հունվարին օտարերկյրա զբոսաշրջիկներին ներգրավելու համար
Tert.am