Հայաստանում 2020 թվականի համեմատ 2021-ին աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը 25 հազարով ավելի է եղել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Նոյեմբեր ամսվա տվյալներով ունեցել ենք 654 հազար աշխատատեղ։ Նաև, 2021 թվականի միջին ամսական ցուցանիշներն ունենք՝ 634 հազար աշխատատեղ է եղել։ 2020 թվականի միջին ամսական ցուցանիշը եղել է 609 հազար, 2019 թվականին՝ 602 հազար։ Այսինքն՝ 25 հազարով 2020 թվականի համեմատ ավելի է աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը կամ 4,1 տոկոսով, 32 հազար 2019-ի նկատմամբ է առավելությունը կամ 5,3 տոկոս»,- ասաց նա։

Ըստ Բադասյանի՝ միջին ամսական եկամուտը մեկ աշխատատեղի գծով 2021 թվականի կազմել է 214 հազար դրամ։ 2020 թվականին այդ թիվը 203 հազար դրամ էր, իսկ 2019-ին՝ 190 հազար։ «Այսինքն՝ 2021 թվականը թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ է ապահովել»,- ասաց Բադասյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշիյանը հավելեց․ «Իհարկե, նաև մեր նախատեսածից ավելի գնաճ ունենք, պետք է դա էլ արձանագրել։ Բայց այստեղ գլոբալ երևույթի հետ գործ ունենք, որը կապված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ»:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն